Ութ տարի առաջ՝ նախընտրական քարոզարշավում Դոնալդ Թրամփը խոստացել էր իր կամքին ենթարկել վաշինգտոնյան բյուրոկրատիան:
«Եթե ընտրվեմ նախագահ, կցամաքեցնենք Վաշինգտոնի ճահիճը»,- ասել է Դոնալդ Թրամփը:
Թրամփի խոստումը՝ ցամաքեցնել ճահիճը, ըստ էության, նշանակում է կառավարությունն ազատել նրանցից, ովքեր քաղաքականություն են իրականացնում, բայց հաշվետու չեն նախագահին։ Խոստումն այլևս ձևակերպված է պահպանողական ավելի քան 100 խմբերի կողմից։ «Նախագիծ-2025»-ը հրապարակվել է աջակողմյան Heritage Foundation-ի կողմից և, փաստորեն, ուղեցույց է, թե ինչպես նախագահի կամքը պարտադրել պետական ապարատին։
Heritage Foundation-ի նախագահ Քևին Ռոբերթսը զգուշացրել է, որ նախագծի իրականացումը կարող է հարթ չանցնել:
«Գտնվում ենք ամերիկյան երկրորդ հեղափոխության ընթացքում, որը կլինի անարյուն, եթե ձախերը թույլ տան»,- ասել է Քևին Ռոբերթսը:
Նման խոսքերից հետո Թրամփը փորձեց հեռու մնալ «Նախագիծ-2025»-ից՝ պնդելով, թե ոչ միայն տեղյալ չէ նախագծից ու նրա հեղինակներից, այլև՝ համաձայն չէ «նրանց ասածների մի մասի հետ»:
Այնինչ նախագծի ղեկավար Փոլ Դենսը C-SPAN-ի հետ զրույցի ժամանակ ընդգծեց, թե իրենք ոգեշնչվել են Թրամփի խոսքերից ու գաղափարներից։
«Նա չորս տարի նախագահ է եղել, ուստի գաղափարներից շատերը գալիս են նրա սկզբնական գործունեությունից: Կարծում եմ, շատ բան բխում է Թրամփի առաջին ժամկետից»,- ասում է Փոլ Դենսը:
«Ամերիկայի ձայնը» մեկնաբանություներ է խնդրել Heritage Foundation-ից, որտեղից արձահգանքել են, թե առայժմ ձեռնպահ կմնան։ Փոխարենը, էլեկտրոնային փոստով հայտարարություն են տարածել, թե «Նախագիծ 2025»-ը կապ չունի ԱՄՆ նախագահի որևէ թեկնածուի հետ։
Պրոգրեսիվ քաղաքականության ինստիտուտի նախագահ Ուիլ Մարշալը ընդգծում է, թե, իրականում, «Նախագիծ 2025»-ը ձգտում է վերացնել ամերիկյան սահմանադրության մեջ ներկառուցված հակակշիռների մեխանիզմը, որի հեղաինակներն են Ջեյմս Մեդիսոնը և Թոմաս Ջեֆերսոնը՝ տարանջատելով գործադիր, օրենսդիր ու դատական իշխանությունները։
«Մեդիսոնն ու Ջեֆերսոնը, թերևս, շուռ կգան իրենց գերեզմաններում, երբ տեսնեն, թե որքան իշխանությունն են ուզում կենտրոնացնել հաջորդ նախագահի ձեռքում: Եվ եթե այդ նախագահը Դոնալդ Թրամփն է լինելու, այն մղձավանջ կլինի երկրի համար՝ հաշվի առնելով, թե ինչպես է նա չարաշահել իշխանությունն անցյալում»,- ասում է Ուիլ Մարշալը:
Նախագահ Ջո Բայդենի նախընտրական քարոզարշավի ընթացքում հաճախ են թիրախավորում «Նախագիծ 2025»-ը։ Անգամ ստեղծվել է առանձին կայք, որը լի է նախագծին հասցեագրված քննադատությամբ։
«Քննադատներն այն անվանում են ֆաշիստական գրքույկ: Եվ սա պետք է լինի պատճառներից մեկը, եթե ոչ [գլխավոր] պատճառը, թե ինչու պետք է գնաք ընտրությունների այս նոյեմբերին»,- ասում է MSNBC-ի ներկայացուցիչ Մելիսա Մյուրեյը։
«Նախագիծ 2025»-ը նաև կոչ է անում կրճատել կառավարության ֆինանսավորումը և այդ գումարներն ուղղել վերականգնվող էներգիային և կլիմայի փոփոխության հետևանքները մեղմացնող ծրագրերին: Ըստ փաստաթղթի, պետք է վերացվի ԱՄՆ Կրթության նախարարությունը, Հետաքննությունների դաշնային բյուրոն ենթարկվելու է արմատական փոփոխության, ինչպես նաև ԱՄՆ Գլոբալ լրատվամիջոցների գործակալությունը, որը վերահսկում է «Ամերիկայի ձայնը»: