Վաշինգտոնում այսօր ավարտվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հռչակագրում ամրագրված են Ռուսաստանին հակազդելու և Ուկրաինային ցուցաբերվող աջակցության ընդլայնման մասին դրութները:
Սակայն մինչ հռչակագրին անդրադառնալը նշենք՝ Վաշինգտոնում հայտնի դարձավ, որ 2026 թվականից Միացյալ Նահանգները կսկսի Գերմանիայում հեռահար հրթիռներ տեղակայել։ Երկկողմ բանակցությունների արդյունքում այս մասին հայտարարել են Վաշինգտոնն ու Բեռլինը։ Նման քայլը միտված է հակազդելու Ռուսաստանի աճող սպառնալիքը:
Սառը պատերազմից ի վեր Եվրոպայում տեղակայվելիք ամերիկյան, թերևս, ամենից հզոր զենքը ծառայելու է որպես հստակ նախազգուշացում պուտինյան Ռուսաստանին։
ԱՄՆ և Գերմանիայի համատեղ հայտարարության մեջ ասված է, որ «առանձին տեղակայումները» նախապատրաստում են Եվրոպայում նման հրթիռների երկարաժամկետ տեղակայումը։ Խոսքն այդ թվում SM-6, Tomahawk և ավելի հեռահար, հիպերձայնային հրթիռի մասին է, որը դեռ մշակման փուլում է:
Այդպիսի տեղակայումն ուղղակի արգելված էր «Փոքր և միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրով, որը ստորագրել էին Միացյալ Նահանգներն ու Խորհրդային Միությունը դեռ 1987 թվականին, սակայն պայմանագիրը չեղարկվեց Կրեմլի կողմից 2019 թվականին։
«Մենք չենք կարող բացառել դաշնակիցների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վրա հարձակումների հնարավորությունը»,- ասված է չորեքշաբթի հրապարակված ՆԱՏՕ գագաթնաժողովի հռչակագրում:
Ալյանսի անդամ-երկրների ղեկավարների վաշինգտոնյան հանդիպման արդյունքում նախատեսվում է ավելի շատ օգնություն տրամադրել Ուկրաինային:
Ըստ հռչակագրի, դաշնակիցները պարտավորվել են հաջորդ տարվա ընթացքում Ուկրաինային հատկացնել առնվազն 40 միլիարդ եվրո (մոտ 43,2 միլիարդ դոլար) ռազմական օգնություն, սակայն չի հաջողվել փոխհամաձայնության գալ Կիևին երկարաժամկետ օգնության ցուցաբերման հարցում, ինչպես առաջարկում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Փաստաթուղթը մեղադրում է Չինաստանին ուկրաինական պատերազմում Ռուսաստանին ցուցաբերվող աջակցության համար՝ հավելելով, թե Պեկինը շարունակում է համակարգային մարտահրավեր ներկայացնել եվրատլանտյան անվտանգությանը:
Ստոլտենբերգի խոսքով, առաջին անգամն է, որ ՆԱՏՕ-ի 32 անդամ-երկրները համատեղ անվանել են Չինաստանը որպես ուկրաինական պատերազմում Ռուսաստանի հիմնական աջակից:
Ըստ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, թեև ալյանսը պատժամիջոցներ կիրառող կազմակերպություն չէ, բայց «[այդ առումով] դաշնակիցները առանձին-առանձին որոշումներ կկայացնեն»:
Ավելի վաղ՝ երեքշաբթի դաշինքի գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ընդգծել էր, թե ՆԱՏՕ-ն «ուժեղ է, քան երբևէ», և որ Ուկրաինան ի վիճակի է կանգնեցնել Ռուսաստանի նախագահ Պուտինին՝ «մեր ամբողջական հավաքական աջակցությամբ»:
Գագաթնաժողովի ընթացքում Սպիտակ տանը նախագահ Ջո Բայդենը հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետ Քիր Սթարմերին՝ չմոռանալով շնորհավորել ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնությունում Անգլիայի հավաքականի երեկվա հաղթանակը Նիդեռլանդների թիմի նկատմամբ:
Սակայն անգամ ֆուտբոլը թույլ չի տվել երկու երկրների ղեկավարներին շրջանցել միջազգային քաղաքականությունը։ ԱՄՆ նախագահը Մեծ Բրիտանիան կոչել է «հանգույց», որը կապում է ՆԱՏՕ-ի երկու թևերը՝ Ատլանտյան օվկիանոսի վրայով, և շարունակել է, թե Վաշինգտոնն ու Լոնդոնը պետք է խորացնեն համագործակցությունը:
Ինչևէ, վերադառնանք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հռչակագրին, ուր նաև նշված է, թե դաշինքը կշարունակի աջակցել Ուկրաինային՝ «իր անշրջելի ճանապարհին՝ դեպի ամբողջական եվրաատլանտյան ինտեգրում, ներառյալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելը», քանզի Կիևը շարունակում է ժողովրդավարական, տնտեսական և պաշտպանական բարեփոխումները:
Հռչակագրում ընդգծված է՝ ՆԱՏՕ-ն «կարող է հրավիրել Ուկրաինային միանալ դաշինքին, երբ բոլոր դաշնակիցները համաձայնեն և պայմաններն ի կատար ածվեն»:
Դաշնակիցները նաև որոշել են, որ այսուհետ ԱՄՆ փոխարեն ՆԱՏՕ-ն կիրականացնի Ուկրաինային ցուցաբերվող ռազմական օգնության համակարգման մեծ մասը:
Դիտորդների խոսքով, նման քայլի նպատակը Կիևի համար նախատեսված արևմտյան օգնության անխափան առաքումն է, եթե ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքում Սպիտակ տուն վերադառնա Դոնալդ Թրամփը:
Դաշինքը դատապարտել է Ռուսաստանի «անպատասխանատու միջուկային հռետորաբանությունը», Բելառուսում միջուկային զենք տեղակայելու Կրեմլի հայտարարությունը, հավելելով, որ Մինսկը շարունակում է աջակցել Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմին։
Այդուհանդերձ դաշնակիցները նշել են, թե պատրաստ են պահպանել կապը Մոսկվայի հետ՝ «նվազեցնելու ռիսկերը և կանխելու սևացումը»։