Բայդենի նախընտրական թիմը շարունակում է ակտիվ քարոզարշավը՝ ըստ էության, անտեսելով կոչերը, թե Սպիտակ տան ներկայիս ղեկավարը պետք է դուրս գա ընտրապայքարից։
Վիսքոնսինում կայացած հանրահավաքին Ջո Բայդենը հայտարարել է, որ շարունակում է ընտրապայքարը:
Սաբրինա Ջորդանի խոսքով, Բայդենը տակավին կենսունակ թեկնածու է, և եթե կտրուկ փոփոխություններ չլինեն, ինքը կշարունակի սատարել ԱՄՆ գործող նախագահին։
Վիսքոնսինից Ջոնաթան Լուստագը, սակայն, վստահ չէ Բայդենին աջակցելու հարցում՝ կարծիք հայտնելով, որ նա այլևս նախկին Ջո Բայդենը չէ և «հնարավոր չէ հաղթել ծերությանը»:
Նման հեռուստաբանավեճից հետո նախընտրական արշավը շարունակելու Բայդենի որոշումը դեմոկրատներին հարող Էլիս Ջոնսթոնի մոտ ևս մտահոգություններ են առաջացրել: Մինեսոտայի բնակիչը վստահ չէ, որ Բայդենն կարող է հաղթել գալիք ընտրություններում։
Your browser doesn’t support HTML5
Թրամփի կողմնակիցների պարագայում հեռուստաբանավեճի ընթացքում Ջո Բայդենի խոսքը, կարծես, ամրապնդել է այն տեսակետը, թե նա անկարող է նախագահել ևս մեկ ժամկետ:
Հեռուստաբանավեճի ժամանակ Բայդենի ելույթը չի արտահայտում ողջ իրականությունը՝ ասում է Ջորջիայի բնակիչ Ջեֆրի Տանարելին. «Ջո Բայդենը խելացի է։ Բայց նա լավ հանդես չեկավ և չարդարացրեց սպասելիքները»:
Վաշինգտոնի բնակիչ Հաննա Սոբոլևիչը նույնպես այն կարծիքին է, որ Բայդենն այլևս չունի նախկին էներգիան։ Սոբոլևիչը մտադիր է աջակցել ԱՄՆ նախագահի այլ դեմոկրատ թեկնածուի, երբ նա հանդես գա։
Միչիգանի բնակիչ Լեքսիս Զեյդանի կարծիքով, այլ թեկնածու առաջ քաշելու պարագայում դեմոկրատները պետք է արագ գործեն․ «Բազմաթիվ են խոսակցությունները, թե ինչ կարող է անել Դեմոկրատական կուսակցությունը, որպեսզի վերադարձնի իր հզորությունը մինչև նոյեմբեր։ Հակառակ պարագայում մենք կտեսնենք Թրամփի նախագահությունը»։
Կալիֆոռնիայից Ստեֆանի Բոուերսի խոսքով, Բայդենին կարող է փոխարինել ԱՄՆ ներկայիս փոխնախագահ Քամալա Հարիսը, սակայն այդ տարբերակը կարող է չաշխատել. «Կցանկանայի Քամալային տեսնել որպես թեկնածու, բայց նաև կարծում եմ, որ Թրամփը, հավանաբար, ավելի դյուրին կհաղթի Քամալային, քան Բայդենին»:
Ինչևէ, շարունակելով քարոզարշավը՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաջորդ շաբաթ ծրագրում է ելույթներ ունենալ Տեխասում ու Նևադայում: