Վաշինգտոնում մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը

ՆԱՏՕ

Ամերիկացի փորձագետներն անդրադարձել են այս շաբաթ Վաշինգտոնում մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի առաջնահերթություններին և դաշինքի առջև կանգնած մարտահրավերներին։

Այս շաբաթ Վաշինգտոնում մեկնարկող Հյուսիսատլանտյան դաշինքի ստեղծման 75-ամյակին նվիրված գագաթնաժողովն անցնելու է միջազգային լարված պայմաններում՝ Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ, ՆԱՏՕ-ի անդամ-երկրներում ներքաղաքական սուր գործընթացները, լարվածության աճը Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, որտեղ Չինաստանը շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը նախևառաջ Թայվանի դեմ։

Նման իրավիճակը, փստորեն, որոշում է ՆԱՏՕ-ի առաջնահերթությունները։

Ալյանսի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ով այս տարի թողնում է իր պաշտոնը, անցած ուրբաթ կայացած ասուլիսում ընդգծել է Ուկրաինային դաշինքի աջակցության կարևորությունը՝ այն անվանելով «ամենահրատապ խնդիրը», և որ «ՆԱՏՕ-ի երկրները պետք է օգնեն Ուկրաինային ամրապնդել իր դիրքերը, քանզի գիտենք, որ շատ ամուր կապ կա բանակցությունների սեղանի շուրջ տեղի ունեցողի և մարտադաշտում տիրող իրավիճակի միջև»:

Your browser doesn’t support HTML5

Վաշինգտոնում մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը

Պահպանել միասնությունը

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին դաշինքի երկու երկրները ցույց տվեցին, որ պատրաստ են սերտորեն շփվել այլանսի հակառակորդների հետ։ Նախ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնեց Աստանա՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, որտեղ հանդիպեց Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչպես նաև հաստատեց Թուրքիայի ցանկությունը միանալ կազմակերպությանը: Այնուհետև, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը դարձավ Եվրամիության ու ՆԱՏՕ-ի անդամ- երկրներից առաջինի ղեկավարը, ով հյուրընկալվեց Մոսկվայում՝ ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր։

Օրբանի հանդիպումը Պուտինի հետ ծայրաստիճան բացասական արձագանք գտավ Արևմուտքում։ Հունգարիայում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Փրեսմանը X-ում գրեց, թե Հունգարիայի վարչապետը «մի մարդու կողմն է բռնել, որի ռազմուժը պատասխանատու է Ուկրաինայում մարդկության դեմ հանցագործությունների համար», և որ այդ քայլը կարող է «ահռելի վնաս հասցնել հունգարացիներին և Հունգարիայի հարաբերություններին իր դաշնակիցների հետ»:

Օրբանին քննադատեցին նաև եվրոպացի բազմաթիվ բարձրաստիճան քաղաքական գործիչներ։ Ստոլտենբերգը խոստացել է Վաշինգտոնում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում քննարկել Օրբանի հանդիպումը Պուտինի հետ։

Ջորջթաունի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, նախկինում ԱՄՆ հետախուզության բազմամյա աշխատակից Անժելա Ստենթը «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում անդրադարձել է ՆԱՏՕ-ի առջև ծառացած մարտահրավերներին։

«Այժմ բազմաթիվ հարցեր են առաջացել դաշինքի որոշ առանցքային երկրների ներքին իրավիճակի վերաբերյալ։ Գագաթնաժողովում բոլորը հետևելու են նախագահ Բայդենին, և հարց է առաջանում՝ ի՞նչ կլինի ՆԱՏՕ-ի հետ նոյեմբերից հետո, եթե Բայդենը չընտրվի, և Թրամփը վերադառնա Սպիտակ տուն»,- ասում է Ստենթը։

Մեր զրուցակցի խոսքով, այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր մարտահրավերներից է Ուկրաինայում ռուսական ագրեսիայի դիմաց միասնության պահպանումը։

Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի նախկին հրամանատար, պաշտոնաթող՝ չորս աստղանի գեներալ Ֆիլիպ Բրիդլավը նույնպես խոսեց ալյանսում միասնության պահպանման կարևորության մասին՝ «Ամերիկայի ձայնին» հիշեցնելով, որ նախկինում ևս դաշինքում դժվարություններ առաջացել են, սակայն դրանք հաղթահարվել են։

«Տեսնում ենք աճող ազգայնականանության և իզոլյացիոնիզմի միտումները, և այս ամենը կքննարկվի ՆԱՏՕ-ում, քանզի ալյանսի գլխավոր ուժը համերաշխությունն է։ Պետք է ճանապարհ գտնենք դաշինքում համերաշխությունը պահպանելու համար, հատկապես այն ժամանակ, երբ որոշ անդամ-պետություններ, այսպես ասած, մարտահրավեր են նետում գործող նորմերին։ Բայց, գիտեք, ՆԱՏՕ-ն միշտ էլ հաղթահարել է նման մարտահրավերները»,- ասում է Բրիդլավը:


Օգնել Ուկրաինային, որպեսզի հաղթի

Բրիդլավը ՆԱՏՕ-ում միասնության հետագա ամրապնդման ազդակ է համարում «Ուկրաինայի դեմ Պուտինի սանձազերծած պատերազմը»։

ՆԱՏՕ-ի ուժերի նախկին հրամանատարը համոզված է, որ դաշինքի անդամ-երկրները պետք է ավելի հստակ հայտարարեն, թե մտադիր են օգնել Ուկրաինային՝ հաղթանակ տանել մարտի դաշտում։

«Առաջինը, որ պետք է անել, նրանց օգնելն է՝ հաղթանակ տանել այս պատերազմում...։ Ասում ենք՝ «մենք նրանց հետ կլինենք այնքան ժամանակ, որքան կպահանջվի», կամ «մենք նրանց կտանք այն ամենը, ինչ անհրաժեշտ է»: Բայց այս ամենը պետք է հնչի այնպես, որ աջակցելու ենք մինչև Ուկրաինայում ռուսական ուժերի լիակատար պարտությունը։ Մենք այսպես չենք ասում»,- նշում է Ֆիլիպ Բրիդլավը:

Ըստ գեներալի, ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովում հարկ է հրապարակավ հայտարարել, թե այլևս մի քաղաքականություն է տարվելու, ըստ որի Արևմուտքը աջակցելու է Ուկրաինային՝ Ռուսաստանի դեմ պատերազմում հաղթանակ տանելու և ուկրաինական հողերը ռուսական զորքերից ազատագրելու համար։


Ի՞նչ կլինի 2024 թվականի նոյեմբերից հետո

Ամերիկյան հեղինակավոր Politico պարբերականը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից օրեր առաջ, հղում կատարելով «Դոնալդ Թրամփին մոտ կանգնած անվտանգության հարցերով խորհրդականներին», հանդես եկավ հրապարակամամբ, որ ԱՄՆ նախագահի հանրապետականների թեկնածուն մշակում է մի ծրագիր, ըստ որի ՆԱՏՕ-ն կարող է հրաժարվել դեպի արևելք հետագա ընդլայնումից և բանակցություններ սկսել Վլադիմիր Պուտինի հետ, թե օկուպացված ուկրաինական հողերի որ մասը Մոսկվան կարող է իրեն պահել։

Գեներալ Բրիդլավը վստահ է՝ Թրամփը Կրեմլին նման առաջարկներ չի անի. «Չեմ հավատում, որ պարոն Թրամփը նման քայլ կանի ու ընդառաջ կգնա Ռուսաստանի բոլոր պահանջներին»:

Այնուամենայնիվ, բազմաթիվ փորձագետներ չեն բացառում, որ Ուկրաինային օգնելու, ՆԱՏՕ-ի գործունեությանը վերաբերող հարցերում Եվրոպան սկսի խաղալ առաջատար դեր՝ անցնելով ԱՄՆ-ից:

Օրինակ, Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետ Քրիստոֆեր Չիվիսը Foreign Policy ամսագրում գրել է. «Եվրոպան պետք է ստանձնի Ռուսաստանից եկող սպառնալիքին դիմակայելու պարտականությունների շատ ավելի մեծ բաժին՝ դիվանագիտական և ռազմական առումներով։ ԱՄՆ-ն կարող է օգնել, բայց ոչ այն չափ, որչափ սովոր է Եվրոպան։ Թերևս, Բայդենի վարչակազմը ԱՄՆ ամենից ատլանտյան վարչակազմն է, որի նմանին Եվրոպան ապագայում կարող է չտեսնել»:

Միաժամանակ, մեկ այլ հեղինակավոր վերլուծական կենտրոնի՝ The German Marshall Fund-ի մի խումբ փորձագետների համատեղ հրապարակման մեջ, որը լույս է տեսել կազմակերպության կայքում, կարդում ենք․ «Դաշինքը պետք է ստանձնի Ուկրաինայի պաշտպանության համար գործող կոնտակտային խմբի ղեկավարումը՝ ԱՄՆ փոխարեն, քանզի նոյեմբերի ընտրություններից հետո ԱՄՆ մասնակցությունը [այդ խմբում] կարող է դադարեցվել»։

Անժելա Ստենթը ընդգծեց, թե արդեն իսկ միջոցներ են ձեռնարկվել ապագայում ևս ապահովելու Ուկրաինային ցուցաբերվող ՆԱՏՕ-ի օգնությունը՝ այն ԱՄՆ-ում քաղաքական փոփոխություններից պաշտպանելու համար։

«ՆԱՏՕ-ն Գերմանիայի Վիսբադենում կստեղծի կենտրոն, որտեղից համակարգվելու ՆԱՏՕ-ի բոլոր անդամների աջակցությունը Ուկրաինային։ Նաև այժմ փորձ է արվում համակարգել անվտանգության ոլորտում բոլոր երկկողմ համաձայնագրերը, որոնք ԱՄՆ-ն, մեր եվրոպացի դաշնակիցների մեծ մասը և Ճապոնիան ստորագրել են Ուկրաինայի հետ, ըստ որոնց բոլորս պարտավորվում ենք աջակցել Ուկրաինային: Բացի այդ, ՆԱՏՕ-ն, ըստ երևույթին, կհայտարարի, որ գրասենյակ է բացում Կիևում, որը խորհրդատվություն կմատուցի ուկրաինացիներին՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար անհրաժեշտ ներքին բարեփոխումներ անցկացնելու ուղղությամբ»,- ասում է Ստենթը:


ՆԱՏՕ-ի դերը Ասիայում. սպառնալիքներ և դաշինքներ

Փորձագետներն ընդգծում են, ՆԱՏՕ-ի անդամ-երկրները համատեղ գործելու բազմաթիվ պատճառներ ունեն, և դրանցից մեկը՝ Ռուսաստանի ու Չինաստանի գործընկերությունն է՝ ուղղված ալյանսի դեմ։

Պեկինն արդեն ուղիղ մեղադրանքներ է ներկայացրել ՆԱՏՕ-ին, որի գործողությունները, ըստ Չինաստանի, Եվրոպայում պատերազմի պատճառ դարձան։

Պեկինի դիրքորոշման նման կոշտացումը, ըստ մեր զրուցակիցների, արձագանքն էին Յենս Ստոլտենբերգի խոսքերին, ով վերջերս Չինաստանին մեղադրեց Ռուսաստանին երկակի նշանակության տեխնոլոգիաներ և անօդաչուներ վաճառելու մեջ։ Պեկինում ԱՄՆ դեսպան Նիկոլաս Բերնսը վերջերս նույնաբովանդակ քննադատություն հնչեցրեց, թե իրականում Չինաստանը «չեզոք չէ, այլ Ռուսաստանի կողքին է՝ [Ուկրաինայի դեմ] այս պատերազմում, և մեծ սխալ է՝ թույլ տալ չինական ընկերություններին հազարավոր բաղադրիչներ, տեխնոլոգիական բաղադրիչներ, միկրոպրոցեսորներ և նիտրոցելյուլոզ ուղարկել Ռուսաստան»:

Չինաստանի նման քաղաքականությունը և Կրեմլի հետ հարաբերությունները խորացնող Հյուսիսային Կորեայի հարցը, բնականաբար, ՆԱՏՕ-ի վաշինգտոնյան գագաթնաժողովի օրակարգի կարևոր կետերից են, որոնք քննարկվելու են ալյանսի դաշնակիցներ հանդիսացող Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հետ:

Heritage Foundation-ի փորձագետներ Լյուկ Քոֆին և Դենիել Քոչիսը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին հրապարակված հոդվածում նշում են, որ «թեև Չինաստանից բխող բազմաթիվ մարտահրավերներ դուրս են ՆԱՏՕ-ի սահմաններից, սակայն ալյանսը չի կարող իրեն թույլ տալ անտեսել Պեկինի հավակնությունները»:

«Չինաստանի քարոզչական արշավները, եվրոպական ենթակառուցվածքները վերահսկելու նրա ջանքերը և հարձակողական կիբեռգործողությունները, ինչպես, օրինակ, [այս] մայիսին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության սերվերները «կոտրելը», զգալի ռիսկեր են ներկայացնում դաշինքի համար: Ինչպես նշված է ՆԱՏՕ-ի վերջին ռազմավարական հայեցակարգում, «Չինաստանի և Ռուսաստանի միջև խորացող ռազմավարական գործընկերությունը և միջազգային կարգը խաթարելու նրանց համատեղ փորձերը հակասում են մեր արժեքներին և շահերին»»:

Heritage Foundation-ի փորձագետները կարծում են, որ «ՆԱՏՕ-ն պետք է Պեկինին վերաբերվի որպես հակառակորդի»:

Անժելա Ստենթի խոսքով, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը չի կարող խուսափել չինական ու հյուսիսկորեական թեմաներից, քանզի այդ երկրները ուղղակի օգնում են Ռուսաստանին. «Եվրոպական և ասիական անվտանգությունը շատ սերտորեն կապված են: Պուտինը վերջերս այցելել է Հյուսիսային Կորեա և Կիմ Չեն Ընի հետ պայմանագրեր ստորագրել։ Հյուսիսկորեացիները Ռուսաստանին հրետանի և հրթիռներ են տրամադրում՝ Ուկրաինայում պատերազմը շարունակելու համար։ Չինաստանը, ինչպես գիտենք, Ռուսաստանին մատակարարում է բոլոր տեսակի միկրոէլեկտրոնիկա և այլ բաղադրիչներ, ուժեղացնում է նրա ռազմական արդյունաբերությունը։ Այնպես որ, պատճառներից մեկը, թե ինչու Ռուսաստանը կարող է շարունակել անել այն, ինչ անում է Ուկրաինայում, Ասիայում նրան ցուցաբերվող աջակցությունն է»:

Իր հերթին՝ պաշտոնաթող գեներալ Ֆիլիպ Բրիդլավը, նշելով Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում գործընկերների հետ ՆԱՏՕ-ի համագործակցության անհրաժեշտությունը, կարծում է, որ Ուկրաինային օգնությունը պետք է մնա դաշինքի առաջնահերթությունը. «ՆԱՏՕ-ն կշարունակի ներգրավված լինել Խաղաղ օվկիանոսում, և կարծում եմ, որ դա լավ է: Բայց հիմա ամենակարևորն այն փաստն է, որ մենք պատերազմ ունենք Եվրոպայում և պետք է ամբողջությամբ կենտրոնանանք սրա վրա»։