Ստուգումներ, տուգանքներ, արտաքսումներ․ Ռուսաստանում միգրացիոն օրենսդրությունը խստացվում է: Անցած ամիս Պետդուման առաջին ընթերցմամբ քվեարկեց մի օրինագծի օգտին, որը, իրավապաշտպանների կարծիքով, ուղղակի իրավազուրկ է դարձնում Ռուսաստանում աշխատող միգրանտներին։
Հատկանշական է, որ սա ուղեկցվում է ռուսաստանցի պաշտոնյաների և քաղաքական գործիչների հայտարարություններով, թե ներգաղթյալները վտանգ են ներկայացնում Ռուսաստանին:
Վալենտինա Չուպիկը Ռուսաստանում երկար տարիներ զբաղվում է միգրանտների իրավունքների պաշտպանությամբ։ Նրա խոսքով, ուղղակի սարսափած է Պետդումայի ընդունած օրինագծից: Օրինակ, փաստաթղթի սահմանված նորմերից մեկը արգելում է միգրանտին բողոքել պետական աշխատակիցներից։
«Ստացվում է, որ եթե անբարեխիղճ մի ոստիկան տասը հազար ռուբլի է պահանջում, իսկ դու մերժում ես վճարել, չես կարող բողոքել, կամ եթե քեզ ապօրինի արտաքսել են, իսկ դու ցանկանում ես բողոքարկել, դարձյալ չես կարող։ Մարդը մնում է բացարձակապես անպաշտպան»,- ասում է իրավապաշտպանը։
Օրինագիծը սահմանում է նաև վերահսկման որոշակի ռեժիմ․ առանց դատավարության կամ հետաքննության, ոստիկանն իրավունք ունի միգրանտին որոշ ժամանակով արգելել լքել հաշվառման վայրը։
«[Այդ դեպքում] չեք կարող գնալ խանութ, չեք կարող գնալ աշխատանքի, չեք կարող բուժում ստանալ»,- ասում է Չուպիկը:
Իրավապաշտպանը վստահ է՝ եթե օրինագիծը ուժի մեջ մտնի, կբերի կոռուպցիայի աճի և Ռուդսաստանում միգրանտների կյանքի վատթարացմանը։
Արտերկրում գործող Տաջիկստանի ընդդիմության ներկայացուցիչ Թեմուր Վարքին «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում անդրադարձել է Ռուսաստանում միգրանտների իրավազուրկ վիճակին։
«Մարդկանց պահում են օդանավակայանում և օրերով ջուր չեն տալիս, նրանց զուգարան գնալու հնարավորություն չի տրվում։ Օրինակ, գիշերը հարձակում է տեղի ունեցել Խաբարովսկում տաջիկ ուսանողների հանրակացարանի վրա: Նրանք պարզապես ծեծել են երիտասարդ տղաներին, ջարդել են դռները։ Ահաբեկչական գործողություն էր»,- ասում է Թեմուր Վարքին:
Ռուսաստանի իշխանությունները ի զորու չեն նշել, թե այսօր երկրում որքան է միգրանտների թիվը՝ հավելելով, թե նման օրենքները ընդունվում են վերահսկողությունը ուժեղացնելու նպատակով։
Սակայն Վարքիի խոսքով, իրականում, Ռուսաստանի իշխանությունները նպաստում են երկրում միգրանտների դեմ ուղղված հանրային տրամադրությունների ձևավորմանը։ Տաջիկ գործիչը օրինակ է բերում Ռուսաստանի Անվտանգության խորհրդի այլևս նախկին քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հայտարարությունը, թե միգրանտները սպառնալիք են Ռուսաստանի անվտանգության համար և կարող են հանգեցնել երկրի փլուզմանը։
«Ռուսական իշխանություններն հասկանում են, որ Կենտրոնական Ասիայից այս միգրանտները գնալու այլ տեղ չունեն, ինչը կենտրոնասիական պետությունների ղեկավարության վրա ճնշում գործադրելու արդյունավետ լծակ է»,- ասում է Վարքին:
Քաղաքագետ Էնդրյու Կաչինսը, ով նախկինում ղեկավարում էր Ղրղզստանի Ամերիկյան համալսարանը, կարծում է, որ Կենտրոնական Ասիայից դուրս եկող միգրանտները գործնականում այլ տարբերակ չունեն, քան ռուսաստանյան շուկան է։
«Երբ գործ ունեք գործազուրկ երիտասարդների հետ, ապա սոցիալական և քաղաքական անկայունության վտանգը մեծանում է։ Սա հատկապես խնդիր է Տաջիկստանի համար։ Այդ երկիրը նաև սահմանակից են Աֆղանստանին, որտեղ գործում են ահաբեկչական խմբավորումներ՝ «Իսլամական պետություն-Խորասանը» և այլն, իսկ դրանք լուրջ ռիսկեր են: Մյուս կողմից, կարծում եմ, Ռուսաստանն իր հերթին շարժվում է ավելի փակ հասարակություն, ոստիկանական պետություն դառնալու ուղով»,- ասում է Կաչինսը:
Ռուսաստանի ներքին գործերի նախարարության համաձայն, այս տարվա առաջին 4 ամսում երկրից արտաքսվել է 22 հազար օտարերկրացի, ինչը երկու անգամ ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Միգրանտների համար փրկություն չէ նաև Ռուսաստանի քաղաքացիություն ստանալը, որովհետև զորակոչի տարիքի տղամարդկանց կարող են ուղարկել ուկրաինական ռազմաճակատ։
«Մեր քայլերի արդյունքում միգրանտները սկսեցին աստիճանաբար հեռանալ Ռուսաստանից: Սկսեցինք կյանքի կոչել Սահմանադրությունն ու օրենքները, որ քաղաքացիություն ստացած անձինք պետք է գրանցվեն զինկոմիսարիատներում և անհրաժեշտության դեպքում մասնակցեն զինվորական ծառայությանը։ Ռուսաստանի քաղաքացիաություն ստացած, բայց զինվորական ծառայություինից հրաժարված ավելի քան 30 հազարին արդեն ձերբակալել ենք, մոտ 10 հազարին ուղարկել ենք հատուկ ռազմական գործողության գոտի։ Իսկ նրանք, ովքեր չեն ցանկանում ծառայել, կարող են զրկվել քաղաքացիությունից։ Այս տարվա ընդամենը 4 ամսում տարբեր պատճառներով գրեթե յոթ հարյուր մարդու զրկել ենք ռուսաստանյան անձնագրից»,- հայտարարել է Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը։