«Համասն» ընդունել է իսրայելցի պատանդների շուրջ բանակցություններ վարելու ԱՄՆ առաջարկը

Գազա

Իսլամիստական խմբավորումը հրաժարվել է մշտական հրադադար հաստատելու իր պահանջից:

«Համասն» ընդունել է ԱՄՆ առաջարկը՝ բանակցություններ սկսել իսրայելցի պատանդներին, այդ թվում՝ զինվորականներին և տղամարդկանց ազատ արձակելու շուրջ՝ Reuters-ին շաբաթ օրը տեղեկացրել է Գազայում իշխող իսլամիստական կազմակերպության անանուն աղբյուրը:

«Համասը» փաստորեն հրաժարվել է, այսպես կոչված, մշտական հրադադար կնքելու իր պահանջից, որը ստորագրելու վերաբերյալ պարտավորություն պետք է իր վրա վերցներ Իսրայելը՝ մինչ բանակցությունների մեկնարկը։ Փոխարենը պաղեստինյան խմբավորումն այլևս համաձայնվել է հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ սկսել առաջին փուլում, երբ զինադադար կհաստատվի միայն վեց շաբաթ տևողությամբ։

Միջնորդներին մոտ կանգնած պաղեստինցի պաշտոնյայի խոսքով, ամերիկյան առաջարկը կարող է հանգեցնել Իսրայելի հետ շրջանակային համաձայնագրի կնքմանը:

Իր հերթին՝ իսրայելական բանակցային թիմի ներկայացուցիչը, որը հրաժարվել է հրապարակել իր անունը, հայտնել է, թե այժմ համաձայնության հասնելու իրական հնարավորություն կա: Նախկինում Իսրայելը ընդգծում էր, որ «Համասի» պայմաններն անընդունելի են:

Վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը տեղեկացրել է, որ բանակցությունները կշարունակվեն այս շաբաթ, սակայն ընդգծել է՝ կողմերի միջև տարաձայնությունները դեռ պահպանվում են։

«Համասի» անանուն ներկայացուցչի փոխանցմամբ, նոր առաջարկի համաձայն, միջնորդները կերաշխավորեն ժամանակավոր զինադադարը, մարդասիրական օգնության տրամադրումը և իսրայելական զորքերի դուրսբերումը։

Գազայում հրադադար հաստատելու և պատանդներին ազատ արձակելու ջանքերն ակտիվացվել են նախորդ օրերին՝ Վաշինգտոնի, Իսրայելի և Կատարի միջև ակտիվ դիվանագիտական շփումների շնորհիվ:

Աղբյուների փոխանցմամբ, ԱՄՆ ներկայիս վարչակազմը գործադրում է զգալի ջանքեր՝ այս նոյեմբերին Միացյալ Նահագներում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ Գազայում հրադադար հաստատելու համար։