Ռուս-ուկրաինական շարունակվող պատերազմի ֆոնին՝ հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում կայանալում է ՆԱՏՕ-ի ամենամյա գագաթնաժողովը։ Միացյալ Նահանգները կհյուրընկալի 32 անդամ ունեցող դաշինքի առաջնորդներին:
Ամերիկացի պաշտոնյաների խոսքով, օրակարգում առաջնային են Ուկրաինայի անվտանգության ամրապնդումը և Չինաստանից բխող մարտահրավերներին անդրադառնալը:
ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Դուգլաս Ջոնսը «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասել է․ «Գագաթնաժողովում կենտրոնանալու ենք Ուկրաինային ցուցաբերվող աջակցության, ռուսական ագրեսիայից [Կիևի] պաշտպանվելու, Չինաստանից բխող սպառնալիքներին և մարտահրավերներին դիմակայելու հարցերի շուրջ»։
Նորություն չէ, որ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ի գծով Վաշինգտոնի դաշնակիցները հայտարարել են, որ Ուկրաինայի ապագան ալյանսում է, և գագաթնաժողովում կներկայացվեն այն «կոնկրետ քայլերը», որոնք թույլ կտան Ուկրաինային մոտենալ ՆԱՏՕ-ին անդամակցելուն:
Այդուհանդերձ, որոշ ամերիկացի օրենսդիրներ մտահոգություն են հայտնել նման հեռանկարի առնչությամբ՝ անգամ, եթե Կիևը հաջողությամբ իրականացնի պահանջված բարեփոխումները։
Ինչպես ասացինք, գագաթնաժողովի ուշադրությունը միայն Ուկրաինայի ուղղությամբ չի կենտրոնանալու:
Դիտորդների ներկայացմամբ, ՆԱՏՕ-ն աստիճանաբար ստանձնում է ավելի մեծ դերակատարություն նաև Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:
«Ավստրալիան, Նոր Զելանդիան, Կորեայի Հանրապետությունը և Ճապոնիան մեծապես շահագրգռված են խորացնել իրենց համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ։ Պարտադիր չէ, որ այն լինի ռազմական ուղղությամբ»,- ասել է Սթիվեն Ֆլանագան։
ՆԱՏՕ-ի 75-ամյակի առթիվ նախատեսված են նաև տոնակատարություններ, որոնց հրավիրված են բազամթիվ հայտնի դեմքեր: