Ռյուտեի թեկնածությունը հաստատվել է Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի երկրների դեսպանների հանդիպմանը։ Սպասվում է, որ պաշտոնական նշանակումը կկայանա կազմակերպության՝ այս հուլիսին Վաշինգտոնում կայանալիք գագաթնաժողովում։ Ռյուտեի պաշտոնավարման ժամկետը հինգ տարի է։ Նա կփոխարինի ՆԱՏՕ-ի ներկայիս գլխավոր քարտուղար, նորվեգացի Յենս Ստոլտենբերգին։
Ամերիկյան հեղինակավոր Politico պարբերականն ավելի վաղ հայտնել էր, թե Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր՝ 32 երկրները պաշտպանել են Ռյուտեի թեկնածությունը։
Վերջին երկրները, որոնց աջակցությունը Ռյուտեն պետք է ստանար, Սլովակիան և Հունգարիան էին, որոնք նրա թեկնածությունը հաստատեցին հունիսի 18-ին։ Ռյուտեից բացի այդ պաշտոնի միակ հավակնորդը Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսն էր: Նա ավելի վաղ հայտարարել էր, որ հանում է իր թեկնածությունը։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը մի քանի ամիս հրաժարվում էր սատարել Ռյուտեի թեկնածությունը, մինչև վերջինս չխոստացավ, որ հետագայում Բուդապեշտը կկարողանա հրաժարվել Ուկրաինային աջակցելու ՆԱՏՕ-ի քայլերին միանալուց։
Որպես Նիդեռլանդների վարչապետ՝ Ռյուտեն ղեկավարել է կառավարությունն ավելի քան 10 տարի: ՆԱՏՕ-ի ապագա գլխավոր քարտուղարը հետևողական քաղաքականություն է վարել ի պաշտպանություն Ուկրաինայի և քննադատել է Ռուսաստանի իշխանություններին։
Նա պետք է անցնի իր պարտականություններին այս հոկտեմբերի 2-ին։ Մարկ Ռյուտեի պաշտոնավարման հիմնական խնդիրն է լինելու ռազմական դաշինքի բոլոր երկրների պաշտպանական ծախսերը հասցնել անդամ-պետությունների ՀՆԱ-ների առնվազն 2%-ին։ ՆԱՏՕ-ի գնահատականների համաձայն, կազմակերպության 32 երկրներից միայն 23-ն են հասել ռազմական ծախսերի այդ շեմին։