Բլինքենը հորդորել է «Համասին» ընդունել զինադադարի մասին Բայդենի առաջարկը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկուշաբթի հայտարարել է, որ Իսրայելի ու «Համասի» միջև հակամարտությանը վերջ տալուն ուղղված նախագահ Ջո Բայդենի առաջարկը դեռ ուժի մեջ է, և հորդորել է պաղեստինյան խմբավորմանն ընդունել այն։ Բլինքենը նաև խոսել է Գազայի հատվածի վերականգնման մասին։

Մինչ իսրայելական զորքերը շարունակում են իրենց գործողությունները Գազայի հատվածում՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, թե «Համասի» ռազմական կարողությունները գրեթե չեզոքացվել են:

«Մոտենում ենք «Համասի» ահաբեկչական բանակի ոչնչացման ավարտին»,- ասել է նա։

Իսրայելի վարչապետի այս հայտարարությունն արվել է այն ժամանակ, երբ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնի Բրուքինգզ ինստիտուտում ունեցած ելույթի ժամանակ կոչ է արել «Համասի» ղեկավարությանը ընդունել զինադադար հաստատելու նախագահ Ջո Բայդենի հայտնի առաջարկը:

«Նախագահ Բայդենը ներկայացրած առաջարկն ուժի մեջ է։ Դա կլինի առաջ գնալու ամենաարագ ճանապարհը՝ Գազայում հակամարտությունը դադարեցնելու, բռնությանը վերջ տալու, օգնությունը մեծացնելու, բոլորին տուն վերադարձնելու համար, ներառյալ՝ ամերիկացի պատանդներին»,- ասել է Բլինքենը:

ԱՄն պետքարտուղարի ելույթի ժամանակ լսելի էին Բրուքինգզի մոտ հավաքված ցուցարարների ձայները։

Բլինքենը ընդգծել է, որ Իսրայել-«Համաս» հակամարտությունը պետք է ավարտվի Գազայի կառավարման, տեղում անվտանգության ապահովման համար հստակ ծրագրերի գործարկմամբ և, իհարկե, գործի են դրվելու վերականգնողական ծրագրեր:

Տեղափոխվենք Գազա։ «Ալ-Շիֆա» հիվանդանոցի տնօրեն Մուհամմեդ Աբու Սելմիայի համար կյանքն փոխվել է․ անցած տարվա նոյեմբերից Իսրայելում կալանքի տակ գտնվող բժիշկն երեկ ազատ է արձակվել:

«Մեզ դաժան խոշտանգումների են ենթարկել, մատս կոտրվել է։ Բազմիցս հարվածներ են հասցրել գլխիս՝ բազմաթիվ անգամ արյունահոսություն առաջացնելով։ Իսրայելի բանտերում գրեթե ամեն օր խոշտանգումներ են եղել»,- ասել է նա։

Իսրայելի բանտային ծառայությունը The Washington Post-ին հայտնել է, որ անծանոթ է խոշտանգումների մասին հայտարարություններին՝ հավելելով, որ բանտարկյալներն իրավունք ունեն բողոքներ ներկայացնել, որոնք պատշաճ կարգով կքննվեն:

Անցած տարի իսրայելական զորքերը գրոհեցին «Ալ-Շիֆա» հիվանդանոցը՝ պնդելով, թե «Համասի» զինյալներն օգտագործում էին այն որպես հրամանատարական կետ:

Հիվանդանոցի աշխատակիցները հերքել էին մեղադրանքը:

Աբու Սելմիան ազատ է արձակվել մոտ հիսուն պաղեստինցիների հետ միասին, ովքեր վերադարձել են Գազա և դիմել բուժօգնության: