Ժամեր առաջ ողջ Ամերիկան՝ Նյու Յորքից Լոս Անջելես, միլիոնավոր ամերիկացիներ դիտում էին 2024 թվականի նախագահական ընտրապայքարի առաջին բանավեճը Ջո Բայդենի և Դոնալդ Թրամփի միջև:
Բանավեճից հետո Թրամփի կողմնակիցների մոտ տիրում էր այն կարծիքը, թե Բայդենի խոսքն ու պահվածքը վկայում են, որ նրա ուժերից վեր է ԱՄՆ նախագահի պարտականությունների կատարումը։
«Չեմ ուզում անհարգալից լինել տարեցների նկատմամբ, բայց Բայդենը… գիտեք, հաճախ անհասկանալի խոսքեր էր ասում։ Չեմ կարծում, որ նա ունակ է առաջնորդ լինել»,- ասում է Թրամփի կողմնակից Արմանի Տորեսը՝ Նյու Յորքից:
«Կարծում եմ, որևէ ողջամիտ մարդու համար իսկապես դժվար է դիտել այդ և իմանալ, որ պարոն Բայդենը պետք է լինել մեր նախագահը»,- ասում է Միչիգանի բնակչուհի, դարձյալ Թրամփի կողմնակից Ռոզան Պոնկովսկին:
«Դոնալդ Թրամփ․ կարծում եմ, որ նա լավ հանդես եկավ: Նա պահպանեց իր հանգստությունն ու սառնասրտությունը»,- ասում է Սանդրա Բաստիան՝ Կալիֆոռնիայից։ Աջակցում է Թրամփին։ ((Jerry Piani, «Նա բավականաչափ զուսպ էր: Կցանկանայի, որ նա ավելի շատ «հարվածեր» հասցներ նրան՝ [Բայդենին]: Բայց, գիտեք, [Թրամփը] պետք է քաղաքավարի լինի»,- նշում է Ջերի Պիանին։ Կալիֆոռնիայից է, սատարում է Թրամփին։
Ունկնդիրների մի զգալի մասն էլ հիասթափված էր, որ թեկնածուները երբեմն խույս էին տալիս որոշ հարցերի ուղիղ պատասխանելուց։ Օրինակ, ընտրվելու դեպքում միլիոնավոր ապօրինի ներգաղթյալներին արտաքսելու Թրամփի խոստմանը վերաբերող հարցն այդպես էլ մնաց անպատասխան։
«Նախկին նախագահ Թրամփը չկարողացավ պատասխանել այն հարցին, թե արդյոք փորձելու է արտաքսել 13 կամ 14 միլիոն ներգաղթյալների՝ բաժանելով ամուսիններին, մարդկանց, ովքեր այստեղ են 20-30 տարի»,- ասում է Լատինաամերիկյան ծագմամբ միավորված քաղաքացիների լիգայի ներկայացուցիչ Դոմինգո Գարսիան։
Մարդկանց կարծիքով, ըստ էության, անպատասխան մնացին նաև գնաճին վերաբերող հարցերը։
«Բայդենն ու գնաճը։ Ամեն ինչ թանկացել է։ Ապրանքները երեք-չորս անգամ թանկ են, քան Թրամփի օրոք էին: Բենզինի գինը շատ թանկ է»,- ասում է Կալիֆոռնիայի բնակիչ Չարլզ Դիմաուրոն։ Թրամփի կողմնակից է։
«Թեկնածուները խուսափեցին պատասխանել որոշ հարցերի, ինչը ցավալի է»,- նշում է Հեմփթոն Բրաունը, ով դարձյալ Կալիֆոռնիայից է, սակայն աջակցում է Բայդենին։
Լոս Անջելեսում դեմոկրատներին հարող ընտրողների համար կազմակերպված միջոցառմանը, որին ներկա էին՝ դիտելու բանավեճը, Բայդենի կողմնակիցներն ասում էին, թե կենտրոնացել են խնդիրների, ոչ թե թեկնածուների պահվածքի վրա:
«Թրամփը կատարյալ ստախոս է։ Ինչ ասում է, պարզապես սուտ է, և նա երբեք չի պաշտպանելու մեզ՝ կանանց: Նա չի պաշտպանելու փոքրամասնություններին։ Նա կվատացնի ամեն ինչ, և մեզ կտանի դեպի նոր պատերազմներ»,- ասում է Բայդենի կողմնակից Լիզա Սերանոն։
«Դժվար է դիտել ինչ-որ մեկին, երբ նա վերստին ստում է ամերիկյան հանրությանը: Դժվար է դիտել: Բայդենն, իրոք, հոգ է տանում կանանց իրավունքների պաշտպանության մասին»,- ասում է Դենիս Կամպոսը, ով նույնպես սատարում է Բայդենին։
«Այս երկիր եկող ներգաղթյալները կանգնած չեն հանցագործությունների ալիքի հետևում։ Նման բան գոյություն չունի։ Նախկին նախագահ Թրամփը նման բառեր է կիրառում միայն այն նպատակով, որ ցանկանում է ստեղծել այլատյաց, ռասիստական մի երկիր»,- ասում է Դեմոկրատական կուսակցության Լոս Անջելեսի կառույցի ղեկավար Մարկ Ռամոսը։
ԱՄՆ նախագահական ընտրություններին չորս ամսից փոքր-ինչ ավելի ժամանակ է մնացել, և ընտրողները մեկ հնարավարություն ևս կուենան գնահատել թեկնածուներին։ Բայդեն-Թրամփ հաջորդ հեռուստաբանավեճը կայանալու է սեպտեմբերի 10-ին։