Հարվածը հասցվել է Գազա քաղաքից արևմուտք գտնվող «Շատի» փախստականների ճամբարում գտնվող տներին:
Անված տարվա հոկտեմբերից Գազայի հատվածում շարունակվող ռազմական գործողությունների ընթացքում՝ ավելի վաղ, իսրայելական հարվածի հետևանքով սպանվել էին Հանիեի երեք որդիները:
Իսրայելական բանակի ներկայացմամբ, ավիահարվածները հասցվել են «Շատիի» շենքերին և Գազայի հյուսիսում գտնվող մեկ այլ տարածքի, որոնք օգտագործվում են «Համասի» զինյալների կողմից:
Այս ամենի ֆոնին՝ Իսրայելում իրարանցում է առաջացրել երկրի գերագույն դատարանի որոշումը, ըստ որի պետք է զորակոչվեն նաև ուղղափառ հրեաների հոգևոր ուսումնական հաստատության՝ սեմինարիայի սաները:
Երեքշաբթի կայացված այդ որոշումը կարող է լրացուցիչ ճնշում գործադրել վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության վրա, որի կազմում ուղղափառ հրեաների աջակցությունը վայելող, ծայրահեղական երկու կուսակցություններ են:
Ռազմական գործողությունները Գազայում և Լիբանանի հետ սահմանի երկայնքով իրավիճակի սրվելն այլևս ահնար է դարձնում Իսրայելում մի շարք բացառությունների կիրառությունը, օրինակ՝ բանակ չզորակոչել հոգևոր ճեմարանների ուսանողներին:
Վերադառնանք Վաշինգտոն, ուր կիրակի օրվանից գտնվում է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։ Վերջինիս հետ բանակցությունների ժամանակ՝ երկուշաբթի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զգուշացրել է հրեական պետությանը, որպեսզի այն խուսափի Լիբանանում ռազմական գործողություններ ծավալելուց։
Համաձայն ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի, Բլինքենը ընդգծել է՝ «հակամարտության հետագա սրացումից խուսափելու և դիվանագիտական լուծման հասնելու կարևորությունը, որը թույլ կտա ինչպես իսրայելցի, այնպես էլ լիբանանցի ընտանիքներին վերադառնալ իրենց տները»:
Ըստ տեղեկությունների, Բլինքենը ճնշում է գործադրել Գալանտի նկատմամբ, որպեսզի Իսրայելը ավելի շատ ջանք գործադրի Գազայում մարդասիրական օգնություն ցուցաբերող անձանց պաշտպանության ուղղությամբ:
Իսրայելի պաշտպանության նախարարը Վաշինգտոնում առաջիկա օրերին կհանդիպի նաև ԱՄՆ այլ պաշտոնյաների, այդ թվում՝ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին:
Տեղափոխվենք Ատլանտյան օվկիանոսի մյուս ափ։ Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը երկուշաբթի Լյուքսեմբուրգում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է, թե պատերազմի տարածման վտանգը օրեցօր մեծանում է․ «Կարծում եմ, դժբախտաբար, մենք պատերազմի ընդլայնման շեմին ենք»։
Եվրոպացի պաշտոնյայի խոսքով, Գազայում կրակի դադարեցումը խիստ անհրաժեշտ է՝ մարդասիրական օգնության հոսքը դյուրացնելու համար, քանզի «Գազայում մարդասիրական օգնության առաքումն անհնար է դարձել»:
Ժամանակավոր նավամատույցը, որը կառուցվել էր ծովային ճանապարհով Գազա օգնություն հասցնելու համար, երկուշաբթի դադարեցրել է գործունեությունը՝ «ծրագրված աշխատանքների» պատճառով՝ լրագրողներին ասել է Պենտագոնի խոսնակ, գեներալ-մայոր Փեթ Ռայդերը։
ԱՄՆ-ի կողմից կառուցված նավամատույցի միջոցով կիրակի Գազա է հասցվել 720 տոննա օգնություն, ինչը ամենից մեծ ծավալն է նավամատույցի աշխատանքի ընթացքում։ Մայիսի 17-ից՝ նավամատույցի կիրառության մեկնարկից ի վեր, ամերիկացի զինվորականները ծովային ճանապարհով ավելի քան 6 200 տոննա օգնություն են տեղափոխել Գազա:
Այդուհանդերձ, մարդասիրական օգնություն ցուցաբերող կազմակերպությունների ներկայացմամբ, շարունակում է բարդ մնալ Գազայի ափից կարիքավոր պաղեստինցիներին օգնություն հասցնելը:
Ռայդերը երկուշաբթի լրագրողներին նաև տեղեկացրել է, որ ԱՄՆ ռազմածովային նավատորմի USS Dwight D. Eisenhower ավիակրի գլխավարությամբ գործող հարվածային խումբը «ժամանակավորապես կմնա» Միջերկրական ծովում: Ավելի վաղ՝ մոտ յոթ ամիս ավիակիր խումբը գործում էր Պենտագոնի կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտում, որը ներառում է Մերձավոր Արևելքն ու Կենտրոնական Ասիան:
Զուգահեռաբար՝ ըստ Փեթ Ռայդերի, USS Theodore Roosevelt ավիակրի գլխավարությամբ գործող ռազմանավերի խումբը մոտ օրերս կլքի խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը՝ տեղակայվելով Մերձավոր Արևելքում՝ «տարածաշրջանային կայունությունը խթանելու, ագրեսիան զսպելու և տարածաշրջանում առևտրի ազատ հոսքը պաշտպանելու համար»:
Հիշեցնենք, որ մերձավորարևելյան ներկայիս հակամարտությունը ծագեց, երբ անցած տարվա հոկտեմբերի 7-ին «Համասը» արյունալի գրոհ ձեռնարկեց հրեական պետության դեմ՝ սպանելով 1 200 իսրայելցու, պատանդ տանելով մոտ 250-ին։ Այդ գրոհին հետևեցին իսրայելական ռազմուժի պատասխան գործողությունները, որոնց հետևանքով, ըստ պաղեստինյան կողմի, Գազայում առ այսօր զոհվել է մոտ 37.6 հազար հոգի։
Այս նյութում օգտագործվել են Associated Press-ի, Agence France-Presse-ի և Reuters-ի
հրապարակումները: