ԱՄՆ պետքարտուղարությունը Ռուսաստանն ու Բելառուսը ներառել է մարդկանց թրաֆիքինգը պետականորեն հովանավորողների ցանկում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ներկայացրել է մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ պետքարտուղարության տարեկան զեկույցը։

Ռուսաստանն ու Բելառուսը՝ Հյուսիսային Կորեայի, Թուրքմենստանի և Սիրիայի հետ միասին ընդգրկվել են այն 13 պետությունների ցանկում, որոնց իշխանությունները ֆինանսավորում են մարդկանց թրաֆիքինգը։ Այս մասին ասված է մարդկանց թրաֆիքինգի մասին 2024 թվականի զեկույցում, որը երկուշաբթի օրը հրապարակել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Տարեկան զեկույցի ներկայացման ժամանակ պետքարտուղարը խոսել է մարդկանց թրաֆիքինգի գործում թվային գործիքակազմի կիրառման մասին։

«Թվային գործիքները մեծացրել են մարդկանց թրաֆիքինգի ենթարկելու հնարավորությունը, մասշտաբը և արագությունը։ Թրաֆիքինգի ենթարկողներն օգտագործում են առցանց հարթակներ, օգտագործում են գաղտնագրված հաղորդագրություններ և թվային արժույթներ՝ հայտնաբերվելուց խուսափելու համար»,-ասել է Բլինքենը:

Առցանց գործիքների կիրառումը, ըստ ԱՄՆ պետքարտուղարի, հնարավորություն է տվել թրաֆիքինգ իրականացնողներին ընդլայնել իրենց կարողությունները:

«Մարդկանց թրաֆիքինգի խնդիրը ոչ մի երկիր ի զորու չէ միայնակ լուծել»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը գնահատմամբ, 2021 թվականին աշխարհում 27․6 միլիոն մարդ ներգրավված է եղել հարկադիր աշխատանքի մեջ, ինչը 2․7 միլիոնով ավելի է 2016 թվականի համեմատ: Այդ 27․6 միլիոնից 6․3 միլիոնը ենթարկվել է հարկադիր սեռական շահագործման, իսկ 3,9 միլիոնը՝ պետության կողմից պարտադրված հարկադիր աշխատանքի:

«Ցավոք սրտի, որոշ կառավարություններ խնդրի մաս են կազմում»,- ասել է ԱՄՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Սինդի Դայերը:

Ըստ ԱՄՆ պետքարտուղարության, առկա է առնվազն 13 երկիր, որոնց իշխանությունները խրախուսում կամ ֆինանսավորում են մարդկանց թրաֆիքինգը, ինչը ներառում է հարկադիր աշխատանք պետական հաստատություններում, սեռական շահագործման ենթարկվելը պետական անազատության վայրերում, անչափահասների զինվորագրումը:

2024 թվականին նամանտիպ երկրների ցանկում են հայտնվել Աֆղանստանը, Բելառուսը, Բիրման, Չինաստանը, Կուբան, Էրիթրեան, Իրանը, Հյուսիսային Կորեան, Ռուսաստանը, Հարավային Սուդանը, Սուդանը, Սիրիան և Թուրքմենստանը։

Միաժամանակ, ԱՄՆ պետքարտուղարությունում չեն ողջունում մի խումբ ամերիկացի սենատորների առաջարկը՝ Ռուսաստանը ճանաչել ահաբեկչությունը հովանավորող պետություն։

Անցած հինգշաբթի սենատորներ Լինդսի Գրեհեմը և Ռիչարդ Բլումենթալը ներկայացրել են երկկուսակցական օրինագիծ՝ Ռուսաստանը հռչակելու ահաբեկչությունը հովանավորող պետություն:

Ներկայում, ըստ ԱՄՆ օրենսդրության, Կուբան, Իրանը, Հյուսիսային Կորեան և Սիրիան համարվում են ահաբեկչության հովանավորներ, քանի որ այդ երկրների կառավարությունները բազմիցս աջակցություն են ցուցաբերել միջազգային ահաբեկչությանը։

ԱՄՆ պետքարտուղարության Մեթյու Միլլերի խոսքով․ «Շարունակում ենք հավատալ, որ ավելի լավ եղանակներ կան՝ Ռուսաստանին իր գործողությունների համար պատասխանատվության ենթարկելու, քան [այդ երկիրը] հռչակելն է ահաբեկչությունը հովանավորող պետություն, ինչը կարող է բացասական հետևանքներ ունենալ։ Ուստի, շարունակում ենք պատժամիջոցներ կիրառել ռուսաստանցի պաշտոնյաների, ռուսաստանյան ընկերությունների նկատմամբ, ինչպես նաև արտահանման հսկողություն իրականացնել։ Կշարունակենք այդ քայլերը»։