Պաղեստինը բարձր է գնահատել իր անկախությունը պաշտոնապես ճանաչելու վերաբերյալ Հայաստանի որոշումը։
Պաղեստինի ազգային վարչակազմի նախագահ Մահմուդ Աբասի գրասենյակը իր երախտագիտություն է հայտնել Հայաստանին՝ այդ քայլը որակելով « իմաստուն»:
«Հայաստանի իմաստուն քայլը համահունչ է խաղաղություն նախատեսող ծրագրին, որը ենթադրում է երկու [իսրայելական և պաղեստինյան] պետությունների համակեցությունը: Սա ռազմավարական ընտրություն է, որը պաշտպանում է միջազգային կամքը և լեգիտիմությունը», - ասված է պաղեստինյան կողմի հայտարարության մեջ:
Պաղեստին պետությունը ճանաչելու մասին Հայաստանի որոշումը ողջունել է նաև Թուրքիան: Թուրքիայի արտգործնախարարությունը իր հայտարարության մեջ նշել է.
«Մենք ողջունում ենք Իսպանիայի, Իռլանդիայի, Նորվեգիայի և Սլովենիայի օրինակին հետևելու և Պաղեստին պետությունը ճանաչելու մասին Հայաստանի որոշումը: Մենք միշտ ընդգծել ենք, որ Պաղեստինի ճանաչումը միջազգային իրավունքի, արդարության և խղճի պահանջն է», - ասված է Թուրքիայի արտաքին գերատեսչության հայտարարության մեջ:
Իր հերթին, Իսրայելի արտգործնախարարությունը հաղորդել է, որ Հայաստանի դեսպանին կանչել և բողոք է հայտնել Պաղեստինի պետությունը ճանաչելու կապակցությամբ: Ըստ Իսրայելի ԱԳՆ-ի, Երևանի կողմից Պաղեստինը ճանաչելուց հետո Հայաստանի դեսպանին արվել է «խիստ նկատողություն» այս կապակցությամբ:
«Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչումից հետո արտաքին գործերի նախարարությունը կոշտ նկատողության համար զրույցի է կանչել Իսրայելում Հայաստանի դեսպանին»,- ասված է Իսրայելի ԱԳՆ մամլո խոսնակի հայտարարության մեջ:
Հայաստանի արտգործնախարարությունը դեռևս չի հաստատել այդ տեղեկությունը: «Այս պահին ՀՀ դեսպանի հետ Իսրայելի ԱԳՆ-ում հանդիպում տեղի չի ունեցել», - «Ազատությանը» փոխանցել են Հայաստանի արտգործնախարարությունից: