Արևմուտքի հետ սրված հարաբերությունների ֆոնին՝ Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինն ու Կիմ Չեն Ընը չորեքշաբթի փոխօգնության մասին պայմանագիր են ստորագրել: Փաստաթուղթը կգործի այն դեպքում, երբ երկրներից որևէ մեկը «ագրեսիայի» ենթարկվի:
Երկու ղեկավարների խոսքով, պայմանագիրը «անվտանգության, առևտրի, ներդրումային, մշակութային և հումանիտար կապերի զգալի բարելավման մասին»: Պուտինը հավելել է, թե «չի բացառում Հյուսիսային Կորեայի հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը, որպես այս գործարքի մաս»։
Պուտին-Կիմ Չեն Ըն հանդիպումը կայացել է Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների աճող մտահոգության ֆոնին, թե սպառազինության առքուվաճառքի վերաբերյալ հնարավոր գործարքի միջոցով Հյուսիսային Կորեան Մոսկվային զինամթերք կմատակարարի՝ տնտեսական օգնության և տեխնոլոգիաների փոխանցման դիմաց։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, թե Պուտինի այցը Հյուսիսային Կորեա ցույց է տալիս, որ Ռուսաստանը «հուսահատ կերպով ցանկանում զարգացնել և ամրապնդել հարաբերությունները այն երկրների հետ, որոնք կարող են նրան ապահովել անհրաժեշտ պարագաներով՝ Ուկրաինայի դեմ սկսած իր ագրեսիվ պատերազմը շարունակելու համար»:
Երեքշաբթի հայտարարությամբ է հանդես եկել նաև ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը, թե նախորդ ամիսներին Հյուսիսային Կորեան Ռուսաստանին «անօրինական կերպով փոխանցել է տասնյակ բալիստիկ հրթիռներ և ավելի քան 11 հազար բեռնարկղեր՝ զինամթերքով լի»։
Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ներկայացուցիչ Սեմ Գրինի խոսքով, Պուտինի այցը Փհենյան ցույց է տալիս, թե Ուկրաինա ներխուժումից հետո որքան է Կրեմլը դարձել կախյալ այլ երկրներից․ «[Նախկինում] միշտ հյուսիսկորեացիներն էին գալիս Ռուսաստան»։
Գրինը հավելել է, թե Պուտինի այս ուղևորությունը «Արևմուտքին նյարդայնացնելու լավ միջոց էր»։
Հարավային Կորեայի միավորման նախարարության խոսնակ Կու Բենսամն նշել է, որ Սեուլը դեռևս վերլուծում է Պուտին-Կիմ Չեն Ըն հադիպման արդյունքները, ներառյալ՝
Ռուսաստանի մասնակցության մակարդակը, եթե Հյուսիսային Կորեան հարձակման ենթարկվի:
Սա Պուտինի առաջին այցն էր Հյուսիսային Կորեա 24 տարվա ընթացքում։
Հյուսիսային Կորեան և նախկին Խորհրդային Միությունը դեռ 1961 թվականին պայմանագիր էին ստորագրել, որը, ըստ փորձագետների, նախատեսում էր Մոսկվայի ռազմական միջամտություն՝ Փհենյանի դեմ հարձակման դեպքում: ԽՍՀՄ փլուզումից հետո պայմանագիրը չեղարկվեց և 2000 թվականին փոխարինվեց պակտով, որն առաջարկում էր անվտանգության ավելի թույլ երաշխիքներ։ Դեռ պարզ չէ՝ արդյո՞ք նոր պայմանագիրը նախատեսում է նույն երաշխիքները, ինչ 1961 թվականինը:
Ե՛վ Փհենյանը, և՛ Մոսկվան հերքում են սպառազինությունների առքուվաճառքի մասին մեղադրանքները, ինչը, հասկանալի է, կխախտի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սահմանած պատժամիջոցները, որոնց ժամանակին միացել է նաև Ռուսաստանը:
Չինաստանի հետ մեկտեղ՝ Ռուսաստանը բազմիցս արգելափակել է ՄԱԿ-ի ջանքերը՝ միջուկային զենքի փորձարկումների համար Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու ուղղությամբ: Այս մարտին Մոսկվան վետո կիրառեց ՄԱԿ-ում հերթական նախագծի նկատմամբ՝ դադարեցնելով Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված պատժամիջոցների պահպանման մշտադիտարկումը, որն արվում էր Փհենյանի միջուկային ծրագրի պատճառով: Արևմուտքում հնչեցին հայտարարություններ, թե տեղի ունեցածը ևս մեկ ապացույց է, որ Մոսկվան փորձում է գաղտնի կերպով Փհենյանից զենք գնել:
Կիմ Չեն Ինը խոսքով, իր երկիրը պատրաստ է լիովին աջակցել Ռուսաստանին Ուկրաինայի պատերազմում։
Հյուսիսային Կորեայից հետո Պուտինը կմեկնի Վիետնամ։
Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Լին Ցզյանն անդրադարձել է Փհենյան Պուտինի այցին, թե Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև բարձր մակարդակի կապերը «երկկողմ պայմանավորվածություններ են երկու ինքնիշխան պետությունների միջև»։