Այսօր Իտալիայի հարավային, Ադրիատիկ ծովի ափին ընկած Ֆասանո քաղաքում մեկնարկել է Մեծ յոթնյակի հոբելյանական՝ հիսուներորդ գագաթնաժողովը։ Աշխարհի զարգացած ժողովրդավարական տերությունների ղեկավարները հանդիպում են տարին մեկ՝ քննարկելու մոլորակի համար կարևորություն ներկայացնող քաղաքական, տնտեսական և այլ կարգի հարցեր։
Այս անգամ ևս՝ Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Կանադայի և Ճապոնիայի նախագահներն ու վարչապետները, ինչպես նաև Եվրամիության ղեկավարությունը կքննարկեն աշխարհի հրատապ խնդիրները։ Ձևավորված ավանդույթի համաձայն, գագաթնաժողովին սպասվում են նաև հյուրեր՝ այլ պետությունների, միջազգային կառույցների ղեկավարներ։
1997 թվականին Ռուսաստանը միացել էր Մեծ յոթնյակին՝ այն դարձնելով Մեծ ութնյակ, սակայն 2014 թվականին Ղրիմի բռնակցումից հետո Կրեմլին դուրս հրավիրեցին ակումբից։
Իտալիայում սպասում են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն, ով գագթնաժողովի շրջանակում հանդիպելու է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ նրա հետ ստորագրելով անվտանգության ոլորտում ամերիկա-ուկրաինական համագործակցության մասին համաձայնագիր։
Արտերկրում սառեցված ռուսաստանյան պետական ակտիվները կհատկացվեն Ուկրաինային
Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից շատ չանցած արևմտյան երկրները սառեցրեցին իրենց մոտ տեղաբաշխված Կրեմլի ակտիվները, և նախորդ ավելի քան երկու տարիների ընթացքում քննարկվում էր, թե ինչ է հարկավոր անել այդ միջոցների հետ։
Եվրոպան, որին բաժին է ընկնում ռուսաստանյան սառեցված ակտիվների առյուծի մասը, մտավախություն ուներ, և այդ մասին բարձրաձայնել է Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Քրիստին Լագարդը, որ ռուսաստանյան ակտիվների բռնագանձումը անվստահություն կսերմանի եվրոպական ֆինանսական ու բանկային համակարգի նկատմամբ, կտուժի եվրոն։ Իր հերթին՝ ԱՄՆ-ն պնդում էր և շարունակում է նույնը անել, որ ագրեսոր երկրի դրամական միջոցները չեն կարող անձեռնմխելի լինել, և այդ ակտիվների նկատմամբ գործողությունները պատասխան կլինեն Կրեմլի սանձազերծած պատերազմին։
Գագաթնաժողովի նախօրեին հայտնի դարձավ, որ Մեծ յոթնյակը համաձայնել է, որ ռուսաստանյան ակտիվները կարող են օգտագործվել Ուկրաինայի կարիքները հոգալու համար։ Կիևին կտրամադրվի 50 միլիարդ դոլարի վարկ՝ ռազմական ծախսերի ու երկրի վերակառուցման համար, ու այդ վարկը կմարվի ռուսաստանյան փողերից ստացված շահույթի՝ տոկոսների միջոցով։ Ըստ հաղորդագրությունների, ռուսաստանյան այդ ակտիվների տարեկան եկամուտը կազմում է ավելի քան 2 միլիարդ դոլար։
Այդհանդերձ, դեռ անպատասխան հարցեր կան։
Վաշինգտոնում գործող Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի Ռուսաստանի և Եվրասիայի գծով տնօրեն Մաքս Բերգմանը լրագրողների հետ հանդիպմանը օրերս հիշեցրել էր, որ Եվրամիությունն արդեն համաձայնել է այդ ակտիվների կիրառման սեփական տարբերակի շուրջ․ «Եվրոպացիներն արդեն պայմանավորվել են Եվրոպական խորհրդում, որ ուղղակի կվերցնեն այդ 2-3 միլիարդ շահույթը, իսկ հետո՝ կծախսեն զենքի վրա: Բայց դրանք չեն կարող օգտագործվել նման վարկ մարելու համար։ Մեկ այլ հարց է՝ ո՞ւր է գնալու վարկը։ Արդյո՞ք այն ուղղակի կտրամադրվի Ուկրաինային, արդյո՞ք առկա է որևէ ծրագիր, թե՞ գումարը ուղղակի կգնա ուկրաինական պետբյուջե: Եթե այդ գումարներն օգտագործվելու են զենք գնելու համար, ապա ո՞ւմ զենքերը՝ եվրոպական երկիրների՞, թե՞ ամերիկյան։ Իրավական առումով բարդություններ կան»:
Փորձագետները տակավին տարակարծիք են ռուսաստանյան ակտիվների առգրավման ու օգտագործման առավելությունների և ռիսկերի շուրջ: Օրինակ, Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի՝ Chatham House-ի ռուսական և եվրասիական հետազոտությունների ծրագրի տնօրեն Ջեյմս Նիքսին վստահ է, որ Ուկրաինայի կարիքների համար ռուսաստանյան պետական ակտիվների առգրավումը ոչ միայն հնարավոր է, այլև անհրաժեշտ՝ այդ մասին գրելով իր «Ռուսական սառեցված ակտիվների բռնագրավումը բարոյապես արդարացված է և անհրաժեշտ» հրապարակման մեջ։
Կարդում ենք․ «Ռուսական [սառեցված] պետական ակտիվները, եթե վերաօգտագործվեն, կարող են ծածկել հինգ տարվա պատերազմի ծախսերը կամ Ուկրաինայում վերակառուցման ծախսերի առնվազն երեք հինգերորդը: Ամեն դեպքում, այդ ակտիվները միայն փոքր-ինչ կփոխհատուցեն ընդհանուր ծախսերը, որոնք առաջացել են Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինա ներխուժելու հետևանքով»:
Նիքսին կարծում է, որ Ուկրաինայի կարիքների համար ռուսաստանյան սառեցված միջոցների օգտագործումը մեծ ռիսկեր չի պարունակում. «Դոլարը մնում է ամուր՝ չնայած ռուսական ակտիվների սառեցմանը...։ Եվրագոտու համար նույնպես իրական ռիսկեր չկան։ Եվրոյին, դոլարին, ֆունտ ստերլինգին ու իենին, որոնք միասին կազմում են համաշխարհային պահուստային արժույթների 89․2%-ը, կենսունակ այլընտրանք չկա»:
Սակայն ահա, թե ինչ է ասում Chatham House-ում Ջեյմս Նիքսիի գործընկերը՝ Համաշխարհային տնտեսության և ֆինանսների ծրագրի տնօրեն Քրիոն Բաթլերը՝ իր հրապարակման մեջ․ «300 միլիարդ դոլարի հասնող ռուսական ակտիվների բռնագրավումը, որը պահվում է Ռուսաստանի հետ չպատերազմող երկրներում, որոշ երկրների կդարձնի դյուրագրգիռ»:
Բաթլերը ընդգծում է՝ խոսքը նախևառաջ Չինաստանի, Հնդկաստանի և Սաուդյան Արաբիայի մասին է։
«Նման քայլի հետևանքները նշանակալի կլինեն, եթե ստեղծվեն իրավական նախադեպեր։ Հատկապես, եթե Մեծ յոթնյակի որոշ երկրներ փոխեն իրենց օրենքները և մոտեցումը «ինքնիշխան անձեռնմխելիություն» հայեցակարգի նկատմամբ, որը վերաբերում է այլ պետությունների ակտիվներին։ Այնպես, որ պատժամիջոցների ենթարկված պետական ակտիվների վերաբաշխման օրինականությունը հեռու է պարզ պատասխան ունենալուց»,- գրում է Քրիոն Բաթլերը:
Հակամարտությունը Մերձավոր Արևելքում և հարաբերությունները Չինաստանի հետ. միասնություն չկա
Գազայում ռազմական գործողությունների վերաբերյալ Մեծ յոթնյակում բացակայում է այն փոխհամաձայնությունը, որն, օրինակ, առկա է ուկրաինական հարցում։
Սա նկատելի է շատերին, և այս մասին է անդրադարձը ամերիկյան հեղինակավոր Արտաքին հարաբերությունների խորհրդի կայքի խմբագրականում։
Ըստ հրապարակման, մերձավորարևելյան հարցում Մեծ յոթնյակի երկրների մոտեցումները ակնհայտորեն տարբեր են, ինչն ակնհայտ էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի վերջին քվեարկության ժամանակ, երբ Ֆրանսիան ու Ճապոնիան միացան 141 երկրներին, որոնք ձայն տվեցին ՄԱԿ-ին Պաղեստինի անդամակցության օգտին։ Կանադան, Գերմանիան, Իտալիան և Մեծ Բրիտանիան ձեռնպահ էին, իսկ Միացյալ Նահանգները դեմ քվեարկեց։ Միևնույն ժամանակ, Մեծ յոթնյակի բոլոր պետությունները աջակցում են կրակի անհապաղ դադարեցմանը։
Մեծ յոթնյակում դիրքորոշումները տարբեր են նաև Չինաստանի հարցում։ Եվրոպացիները դեռ պատրաստ չեն հետևել Միացյալ Նահանգներին ու պատժամիջոցներ սահմանել Պեկինի դեմ, թեև ավելի շատ են մտահոգված Չինաստանի կողմից վարվող «ոչ շուկայական քաղաքականությամբ»։
Հայտնի է, որ Միացյալ Նահանգները կտրուկ բարձրացրել է չինական բազմաթիվ ապրանքների նկատմամբ առկա մաքսատուրքերը, իսկ ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը, ըստ Reuters-ի, կոչ է արել Մեծ յոթնյակի երկրներին «միասնական պատ» հիմնել Չինաստանի արդյունաբերական և առևտրային քաղաքականության դեմ:
Ինչևէ, Չինաստանին վերաբերող կետեր, ըստ փորձագետների, այնուամեայնիվ տեղ կգտնեն գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթերից մեկում։
Իսկ ովքեր են գագաթնաժողովի հյուրերը
Գագաթնաժողովը հյուրընկալող Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին հրավիրել է Հնդկաստանի, Բրազիլիայի, Արգենտինայի, Թուրքիայի, Ալժիրի, Քենիայի և Մավրիտանիայի ղեկավարներին։ Գագաթաժողովին կմասնակցեն նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։ Նշվում է, որ Մելոնին, ով ծայրահեղ աջ և պահպանողական հայացքների տեր է, ի դեմս կաթոլիկ հովվապետի դաշնակից է ձեռք բերել արհեստական բանականությանն առնչվող հարցերի քննարկման ժամանակ։ Երկուսն էլ կարծում են, որ արհեստական բանականության հետ կապված մեծ ռիսկեր կան, և այդ հարցերը քննարկվելու են Մեծ յոթնյակի գագաթնաժողովում: