«Համասն» ընդունել է հրադադարի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն

Միացյալ Նահանգները լրացուցիչ մարդասիրական օգնություն է տրամադրել Պաղեստինի խաղաղ բնակիչությանը։ Աջակցությունը տեղ է հասել հրադադարի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևը «Համասի» կողմից ընդունվելուց ժամեր առաջ:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է պաղեստինցիների համար նախատեսված ավելի քան 400 միլիոն դոլար կազմող հավելյալ մարդասիրական օգնության մասին:

«Եկեք միասին աշխատենք՝ ապահովելու, որ ավելի շատ օգնություն հասնի Գազայի հատված, և երբ այն կլինի Գազայում, կհասնի այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ամենաշատն ունեն»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

«Համասի» ներկայացմամբ, փոփոխություններ են անհրաժեշտ ԱՄՆ առաջարկած հրադադարի մասին նախագծում, որի համաձայն, նաև նախատեսվում է փոխանակել իսրայելցի պատանդներին պաղեստինցի գերիների հետ:

«Աշխատում ենք բոլորին տուն բերել»,- ասել է Բլինքենը՝ իսրայելցի պատանդների ընտանիքների հետ Թել Ավիվում հանդիպելուց ժամեր անց:

«Ընդամենը մի քանի օր առաջ նրանք ցնծում էին՝ չորս պատանդների փրկության համար, բայց նաև շարունակում են ծանր տանել իրենց սիրելիների հետ տևական բաժանումը»,- հավելել է նա:

Your browser doesn’t support HTML5

Բլինքենը հայտարարել է պաղեստինցիների համար նախատեսված 400 միլիոն դոլարի հասնող մարդասիրական օգնության առաքման մասին

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի երեքշաբթի տարածած հայտարարության համաձայն, չորս պատանդների ազատ արձակման գործում հակամարտ երկու կողմերն էլ կարող են ռազմական հանցագործություններ գործած լինել:

«Համասի» վերահսկողության ներքո գործող Գազայի առողջապահական ծառայության ներկայացմամբ, նշված հատուկ գործողության ժամանակ ավելի քան 200 պաղեստինցի է զոհվել:

Հայտնի է դարձել, որ «Համասը» պատանդներին պահում էր երկու բազմաբնակարան շենքերում։ Հատուկ գործողության ժամանակ Իսրայելն օդային հարվածներ է հասցրել:

Նաև Մերձավոր Արևելքում գործող Պենտագոնի Կենտրոնական հրամանատարության նախկին ղեկավար, պաշտոնաթող գեներալ Ֆրենկ ՄըքՔենզիի խոսքով, մարդկանց որպես վահան օգտագործելու «Համասի» մարտավարությունը բարդացրել է նշված հատուկ գործողությունը։

«Կարծում եմ, նրանք՝ [իսրայելցիները] սակավ հաջողակ են «Համասի» բարձրաստիճան ղեկավարությանը փնտրելիս, քանի որ վերջիններս թաքնվում են նույնիսկ այն ժամանակ, երբ իրենց զինյալները կռվում են: Վստահ եմ, որ նրանք թաքնված են գետնի տակ՝ խորքում, և պաշտպանված են իսրայելցի պատանդների կողմից: Պաշտպանվում են նաև Գազայի բնակչությամբ․ «Համասը» շահագրգռված չէ դուրս բերել [այդ մարդկանց] կրակի գոտուց»,- ասել է նա:

ՄըքՔենզին ակնկալում է, որ կրակի դադարեցումից հետո հարևան արաբական երկրները ջանք կգործադրեն պահպանելու խաղաղությունը:

Իսկ Իսրայելի և պաղեստինցիների համար իրական հաղթանակ կլինի Գազայի վերականգնումը, որը, ըստ նրա, պահանջում է միջազգային ներդրումներ: