Անցած հինգշաբթի Նյու Յորքում երդվյալ ատենակալները Թրամփին մեղավոր ճանաչեցին հաշվապահական փաստաթղթեր կեղծելու մեջ՝ 2016 թվականի ընտրություններից առաջ պոռնոաստղին լռեցնելու նպատակով կատարված վճարումը թաքցնելու համար: Այդ տարի Դոնալդ Թրամփը հաղթեց նախագահական ընտրություններում։
Նախագահական ընտրարարշավի ժամանակ Թրամփի դեմ արձակված վճիռը հարցեր է առաջացնում։ Օրինակ, եթե նրան բանտ ուղարկեն, ինչպե՞ս է շարունակելու քարոզարշավը:
Նախկին դաշնային դատախազ Սթիվեն Քոհենը քիչ հավանական է համարում, որ Դոնալդ Թրամփը կհայտնվի ճաղերի հետևում։
«Կլինեն ինտենսիվ հետդատական միջնորդություններ, հետո՝ վերաքննիչ բողոք, և այդ բողոքարկումը կտևի ամիսներ, եթե ոչ՝ ավելի քան մեկ տարի: Ուստի, կարծում եմ, որ այս պատմությունը կծառայի քաղաքականությանը, քան առնչություն կունենա Դոնալդ Թրամփի ճակատագրին։ Առնվազն սկզբնական շրջանում»,- ասում է Քոհենը:
Թրամփի դատավճիռը հրապարակվելու է մոտ մեկ ամսից՝ հուլիսի 11-ին։ Իրավական հարցերով փորձագետների խոսքով, ազատազրկման ժամկետը, ըստ ամենայնի, ավելի քիչ կլինի, քան մեղադրանքով նախատեսված առավելագույն 20 տարին:
«Հաշվի առնելով նրա տարիքը, քրեական անցյալի բացակայությունը, իրականում մեծ պատժաչափ, նշանակալի պատժաչափ պետք չէ սպասել»,- ասում է քրեական գործերով փաստաբան Ջոզեֆ Թուլին:
Մյուսները, հիշատակելով Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոհենի բանտարկված լինելը, խոսում են արդեն իսկ առկա նախադեպի մասին:
«Հազվադեպ է պատահում, որ դավադրության մեջ մեղադրվող կատարածուն բանտարկվի, իսկ [դավադարության] հեղինակը՝ ոչ: Դոնալդ Թրամփը այդ հանցավոր դավադրության գլուխն էր, իսկ Մայքլ Քոհենը ամիսներ շարունակ բանտում էր։ Ուստի, սա որոշակի նախադեպ է դատավորի համար՝ պարոն Թրամփին ազատազրկելու»,- ասում է Ջորջթաունի համալսարանի իրավունքի գծով պրոֆեսոր, փաստաբան Էբ Սմիթը։
Թրամփի համար բանտարկության այլընտրանք կարող է լինել պայմանական ազատազրկումը, տնային կալանքը կամ տուգանքը: Սակայն, ամենայն հավանականությամբ, որևէ պատիժ կյանքի չի կոչվի մինչև բողոքարկման գործընթացի ավարտը, որը կարող է տևական ժամանակ շարունակվել՝ անցնելով այս նոյեմբերին կայանալիք ընտրությունները:
Բայց մյուս կողմից, ինչ դատավճիռ էլ կայացվի, այն կարող է որպես հիմք ծառայել Թրամփին առնչվող մյուս երեք քրեական գործերին, որոնք ընթացքի մեջ են:
«Նման դատավճիռը հետագայում՝ այլ գործերի շրջանակում կհանգեցնի ավելի լուրջ դատապարտման: Ուստի, այն իր հետևանքը կունենա, քանի որ նա՝ [Թրամփը] այլևս կունենա քրեական անցյալ: Իսկ պատիժ նշանակելիս՝ հաշվի են առնում քրեական գործերը»,- ասում է նախկին դատախազ Փրիթ Բհարան։
Ինչպես ասացինք, Դոնալդ Թրամփին դեռ սպասվում են այլ դատավարություններ՝ դաշնային և նահանգային մեղադրանքների հիման վրա, և այդ շարքում Ֆլորիդայի դատավարությունը, որը վերաբերում է պետական գաղտնի փաստաթղթերի հետ սխալ վարվելուն, դարձյալ հետաձգվել է: