ԱՄՆ գերագույն դատարանում այս շաբաթ վերսկսվեց դատավորների վարքականոնի վերաբերյալ քննարկումը, այն բանից հետո, երբ Կոնգրեսի դեմոկրատները կոչ արեցին պահպանողական հայացքների տեր դատավոր Սեմուել Ալիտոյին ինքնաբացարկ հայտնել՝ 2020 թվականի Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին վերաբերող երկու գործերի քննության ժամանակ: ԱՄՆ-ում հնչում են դատական համակարգում առկա էթիկական նորմերի վերաբերյալ մտահոգություններ:
ԱՄՆ-ում հանրային մտահոգություններ են հնչում երկրի բարձրագույն դատական մարմնի էթիկական չափանիշների վերաբերյալ:
«Խնդիրը, որին բախվել ենք, հետևյալն է՝ գերագույն դատարանը նախընտրում է իրեն այնպես պահել, կարծես, դատական համակարգը վեր է օրենքից»,- հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների տան դեմոկրատների առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսը:
Your browser doesn’t support HTML5
Դատավոր Սեմուել Ալիտոն մերժել է Սենատի դեմոկրատների առաջարկը՝ հրաժարվել երկու գործերի քննությունից, որոնք առնչվում են 2021 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ Կապիտոլիումում տեղի ունեցած հայտնի անկարգություններին:
Դեմոկրատներն անհանգստացել են այն բանից հետո, երբ The New York Times-ը հաղորդեց, թե Ալիտոյին պատկանող տանը հայտնաբերվել են անկարգություններին առնչվող շարժման դրոշներ: Դատավորն արձագանքել է, թե դրոշների տեղակայումն իր կնոջ որոշումն է, և նա իրավունք ունի օգտվել ազատ կամարտահայտությունից:
«Երկար ճանապարհ ենք անցել այն օրերից, երբ ասում էինք, թե կինը չի կարող անել մի բան, որը չի հավանում իր ամուսինը: Նա Ամերիկայի քաղաքացի է»,- ասել է Բրուքինգսի ինստիտուտի վերլուծաբան Ռասել Ուիլերը:
Անցած տարի ԱՄՆ Սենատի դեմոկրատները առաջ քաշեցին էթիկայի հարցերում նոր բարեփոխումներ՝ օրինակ բերելով, թե պահպանողական հայացքներ ունեցող դատավոր Քլարենս Թոմասի կինը ակտիվորեն ներգրավված էր 2020 թվականի ընտրությունների արդյունքները ապօրինաբար տապալելու գործում:
«Գերագույն դատարանում էթիկայի հետ կապված խնդիրները կարող են կարգավորվել մեկ օրում մեկ անձի՝ գլխավոր դատավոր Ռոբերթսի կողմից: Ռոբերթսն ունի իրավասություն և հնարավորություն՝ միջամտել և գործել, ոչ թե թույլ տալ, որ այս խնդիրը ձգձգվի և նույնիսկ՝ վատթարանա որոշ դատավորների վարքագծի պատճառով»,- ասել է Սենատի դատական հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ սենատոր Դիկ Դուրբինը:
Դատական էթիկայի գծով փորձագետների խոսքով, քաղաքական հայացքների պատճառով շահերի բախման խնդիրը մշտապես առկա է եղել դատական համակարգում:
«Անհեթեթ է այն միտքը, որ այդ բարեփոխումները քաղաքական բնույթ ունեն: Թեև չենք կարող անտեսել դատավոր Թոմասի հետ կապված էթիկական լուրջ խնդիրները, սակայն արդարացի կլինի նաև նշել, որ նախկին դատավորներ Գինսբուրգը, Բրեյերը և մյուսները քննել են գործեր, որոնց դեպքում, հավանաբար, իրենք պետք է ինքնաբացարկ հայտարարեին»,- ասել է Citizens for Responsibility and Ethics in Washington կազմակերպության փորձագետ Դոնալդ Շերմանը:
ԱՄՆ գերագույն դատարանը հաճախ քննում է ստորադաս դատարանների դիմումները՝ շահերի բախմանն առնչվող հարցերի վերաբերյալ:
«Գերագույն դատարանից վերադաս դատարան չկա։ Չկա այլ դատարան, որին կարող են դիմել միջնորդությունը մերժելու դեպքում: Դատարանը պետք է ստեղծի որևէ մեխանիզմ՝ դրանով զբաղվելու համար»,- ասել է Ռասել Ուիլերը։
Դուրբինը և Սենատի այլ դեմոկրատներ ավելի քան մեկ տասնամյակ է կոչ են անում ԱՄՆ գերագույն դատարանի դատավորների վարքագծի վերաբերյալ կիրառել հատուկ կանոնագիր: