Թրամփը կարող է լինել ԱՄՆ առաջին նախագահը, ով դատապարտվել է քրեական մեղադրանքներով, սակայն նրա փաստաբան Ուիլ Շարֆի պնդմամբ, նախկին նախագահի ժողովրդականությունն ամենևին չի նվազել:
«Այս դատավճռից հետո՝ 24 ժամվա ընթացքում Թրամփի թիմը սահմանեց քաղաքական դրամահավաքի ռեկորդ, այդ թվում՝ գումար հավաքելով տասնյակ հազարավոր նոր դոնորներից: Կարծում եմ, ժողովուրդը տեսնում է, թե ինչ է կատարվել, և մենք հուսով ենք, որ բողոքարկման դեպքում կարող ենք փոխել [դատավճիռը]»,- ասել է փաստաբանը:
Դատավարության ընթացքում դատախազները պնդում էին, թե Թրամփը կեղծել է հաշվապահական փաստաթղթեր՝ ապօրինաբար ազդելով 2016 թվականի ընտրությունների արդյունքների վրա։ Այդ տարի Թրամփը հաղթեց նախագահական ընտրություններում։
Your browser doesn’t support HTML5
Մեղադրական դատավճիռը կարող է քաղաքական առումով վնասել Թրամփին, հատկապես՝ աֆրոամերիկացի ընտրողների շրջանում, նշել է Մերիլենդի նահանգապետ, դեմոկրատ Ուես Մուրը:
«Պետք է ունենալ այնպիսի նախագահ, ինչպիսին ունենք հիմա։ Բայդենն, իրականում, աշխատում է մեր ապագայի համար»,- ասել է Մուրը։
Fox and Friends-ի կիրակնօրյա եթերում Դոնալդ Թրամփը քննարկել է հուլիսի 11-ին սպասվող դատավճիռը՝ բանտարկության կամ տնային կալանքի հավանականությունը․ «Չգիտեմ՝ արդյո՞ք հասարակությունը կտանի այդ։ Վստահ չեմ, որ կսատարի այդ որոշմանը: Կարծում եմ, հանրության համար դժվար կլինի ընդունել նման որոշումը։ Բեկումնային կետ է»։
Բայդենի նախընտրական թիմը X-ում հրապարակել է այդ հարցազրույցի մի հատված՝ վերնագրով այն՝ «դատապարտված հանցագործ Թրամփը ենթադրում է, որ բռնություն կլինի, եթե իրեն տնային կալանքի ենթարկեն»:
Ակնհայտ է, որ առաջիկայում դեմոկրատները հաճախ են հիշեցնելու Թրամփի դեմ արձակված վճիռը՝ ասել է Չիկագոյի համալսարանի քաղաքագետ Սյուզան Սթոքսը, ում խոսքով, հարկ է, որ Թրամփի թիմը փոխի իր ռազմավարությունը՝ շահելու նոր ընտրողների համակրանքը:
Հենց, այսպես կոչված, չկողմնորոշված ընտրողներն են Բայդենի ու Թրամփի գլխավոր նպատակը, որոնց ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։