Հունիսի 1-ի գիշերը ռուսաստանցի զինվորականները կրկին թիրախավորել էին Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները և երկրի տարբեր շրջանների քաղաքները։ Ավերվել են բնակելի շենքեր, կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ՝ հաղորդում են տեղի լրատվամիջոցները։ Ուկրաինայի զինուժի տվյալներով, գիշերվա ընթացքում Ռուսաստանը արձակել է առնվազն հարյուր հրթիռ և հարվածային անօդաչու։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախօրեին Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել է «ԱՄՆ-ի անսասան աջակցությունն Ուկրաինային», ինչը վերաբերում է նաև Ուկրաինայի զինուժի կարողությանը՝ «պաշտպանվել Ռուսաստանի տարածքում տեղակայված ռազմական օբյեկտներից, որտեղից Կրեմլը հարձակումներ է գործում Ուկրաինայի դեմ»։
Այս մասին ուրբաթ հայտարարել էր Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
Հետևելով ԱՄՆ-ին՝ Գերմանիան նույնպես թույլատրել է Ուկրաինային գերմանական սպառազինությամբ հարվածել Ռուսաստանի տարածքին:
Վաշինգտոնն ու Բեռլինը փոխել են իրենց մոտեցումներն այս հարցում՝ Խարկովի ուղղությամբ սկսված ռուսական բանակի հարձակման ֆոնին։
Ավելի վաղ նման դիրքորոշում էր որդեգրել Ֆրանսիան, որին աջակցել էին Մեծ Բրիտանիան ու եվրոպական մի շարք երկրներ։
Իր հերթին՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ուրբաթ հայտարարել է, որ արևմտյան սպառազինությամբ Ռուսաստանի տարածքում թիրախները խոցելը «ժամանակի հարց է»։
Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի և Գերմանիայի որոշումն ունի սահմանափակումներ, որոնք, ի թիվս այլ զենքերի, վերաբերում են հեռահար՝ մինչև 300 կիլոմետր հարվածող ATACMS համալիրների կիրառմանը։ Բացի այդ ուկրաինական ուժերը կարող են խոցել Ռուսաստանի տարածքը միայն Ուկրաինայի հյուսիս-արևելյան սահմանի երկայնքով, ուր Խարկովն է։
Մոսկվայի արձագանքը նյարդային էր։ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ, երկրի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևն անգամ սպառնացել է միջուկային հարվածով։
Այն փաստը, որ ԱՄՆ-ն թույլատրել է Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին, թեև մարտավարական՝ փոքր խորությամբ, կարևոր շրջադարձ է՝ ասել է ուկրաինական «Երրորդ սեկտոր» վերլուծական կենտրոնի ղեկավար Անդրեյ Զոլոտարևը, ում համոզմամբ նման քայլը, անշուշտ, կազդի ռազմական գործողությունների ընթացքի վրա, առնվազն Խարկովի ուղղությամբ։
«Որովհետև այն թույլ կտա խոցել օդային թիրախներ, հարվածել Բելգորոդի շրջանում տեղակայված ռուսական բանակի թիկունքին և զսպել ռուսական զորքերի հարձակման փորձերը։ Մի խոսքով, որոշ խնդիրներ մասամբ կլուծվեն։ Գլխավորն այն է, որ այն հնարավորություն է կտա խոցել ռուսական ինքնաթիռները, որոնք կառավարվող ռումբեր են արձակում Ուկրաինայի սահմանից 30-50 կիլոմետր հեռավորության վրա»,- նշել է Զոլոտարևը։
Մինչ այժմ Ուկրաինայի զինված ուժերը համարժեք պատասխան չէին կարողանում տալ՝ նշել է «Ամերիկայի ձայնի» զրուցակիցը․ «Առանց հեռահար հակաօդային պաշտպանության համակարգերի ոչինչ հնարավոր չէ անել։ Իսկ երբ մեկուկես տոննա պայթուցիկ է կիրառվում, ոչ մի պաշտպանական կառույց չի դիմանա... ։ Սակայն մարտավարական հրթիռների օգնությամբ հնարավոր չի լինի ստիպել ռուսներին երկրի խորքը տեղափոխել իրենց մատակարարման բազաները, որոնք կարևոր են որևէ հարձակման համար, քանի որ թույլատրված չէ օգտագործել ATACMS՝ ավելի հեռավար համակիրը։ Նկատելի է իրավիճակը ավելի չսրելու ԱՄՆ ցանկությունը»։
Ըստ վերլուծաբանի, Վաշինգտոնը դեռ տատանվող վիճակում է․ «Հասկանալի է, նման քաղաքականությունը չի ոգևորում Ուկրաինայի զինուժին։ Բոլորը հասկանում են, որ հարձակողական զինատեսակների մի ողջ զինանոց ունեցող Ռուսաստանի դեմ կռվելիս՝ չի կարելի սահմանափակվել կիսաքայլերով։ Նման է բռնցքամարտիկի, ով վճռական մարտի է դուրս գալիս մեկ ձեռքով: Այդ դեպքում ճակատամարտի ելքը կանխորոշված կլինի»։
Մյուս կողմից, ըստ Անդրեյ Զոլոտարևի, անշուշտ, չպետք է նվազեցնել Արևմուտքի թույլտվության տեղեկատվական-քարոզչական ազդեցությունը:
Արևմուտքի կողմից նման որոշումների կայացման ձգձգումը թանկ է նստում Ուկրաինայի վրա՝ «Ամերիկայի ձայնին» իր կարծիքն է հայտնել Ուկրաինայի զինուժի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Իգոր Ռոմանենկոն․ «Ամեն ինչ հիշում ենք։ Իհարկե, մեզ համար չափազանց կարևոր է Միացյալ Նահանգների և ընդհանուր առմամբ Արևմուտքի ներկայիս քայլը։ Այն թույլ է տալիս բարձրացնել Ուկրաինայի զինուժի գործողությունների արդյունավետությունը և կօգնի կայունացնել իրավիճակը, այնուհետև, ռեսուրսներ կուտակելուց հետո, իրականացնել ազատագրում։ Սա մեծ նշանակություն ունի Խարկովի ուղղությամբ, թեև մեզ համար արևելյան ուղղությամբ մարտերը դեռ ավելի կարևոր են»։
Սակայն եթե նման թույլտվություն տրվեր ավելի վաղ, ապա հակառակորդի՝ նման արագ առաջխաղացում չէր լինի՝ ընդգծել է Ռոմանենկոն, և մանրամասնել, թե երբ թշնամին առաջ է շարժվում, ընթանում է շարասյուններով, նրան պետք է հարվածել․ «Մեր հետախուզությունն ամեն ինչ տեսավ, բայց Ուկրաինայի զինուժը չկարողացան հարվածել ATACMS-ով կամ HIMARS-ով»։
Ըստ Իգոր Ռոմանենկոյի, կարևոր է հարվածներ հասցնել օդանավակայաններին, կայանված ինքնաթիռներին և հրթիռային կայաններին, ինչը կհանգեցնի նրան, որ այդ օդանավակայանները հարկադրաբար «կտեղափոխվեն» երկրի խորքը, այսինքն՝ կնվազի օդուժի գործողությունների արդյունավետությունը։ Այնինչ, այժմ, «[Ռուսաստանում]՝ Ուկրաինայի հետ սահմանից 75 կիլոմետր հեռավորության վրա օդանավակայան են կառուցում։ Պետք է նրանց զրկել նման հնարավորություններից և այդ վայրերը ենթարկել հարվածների։ Անհրաժեշտ է արագ արձագանքել իրավիճակի ցանկացած փոփոխության»։
Իգոր Ռոմանենկոն հավելել է. «Ամեն ինչ լավ է ընթանում։ Տեսնենք, թե ինչ կլինի հետո։ Արևմուտքը, ինչպես միշտ, վախենում է սրացումից: Բայց մենք նախկինում անցել ենք այս ամենի միջով: Պատերազմի սկզբում նրանք վախենում էին մեզ Stinger-ներ տալ, թեև ժամանակին նրանցով զինում էին մոջահեդներին։ Հիմա տալիս են Patriot, ATACMS և այլն։ Առաջընթաց կա: Մնում է հուսալ, որ Ուկրաինայի զինուժը շուտով իր տրամադրության տակ կունենան F-16-ներ»։
Չի բացառվում, որ ԱՄՆ-ը կարող է չեղարկել Ուկրաինայի զինուժի կողմից ամերիկյան զենքի կիրառման գործող բոլոր սահմանափակումները, եթե Մոսկվան ընդլայնի իր ռազմական հարձակումը։ Ուկրաինական կողմի ներկայացմամբ, ռուսական զինուժի խմբավորում է ձևավորվում նաև Խարկովից արևմուտք գտնվող Սումիի շրջանի ուղղությամբ։