ԱՄՆ նախկին նախագահը մեղավոր է ճանաչվել իրեն առաջադրված բոլոր՝ 34 մեղադրանքներով։ Նյու Յորքի երդվյալ ատենակալները միաձայն վճռեցին, որ Թրամփը կեղծել է ֆինանսական փաստաթղթերը՝ 2016 թ. նախագահական ընտրություններից առաջ պոռնոաստղին վճարած գումարը թաքցնելու համար։
Վճռից հետո՝ ԱՄՆ նախկին նախագահը փոխանցել է լրագրողներին, թե ընտրողները կորոշեն իր ճակատագիրը՝ ընտրությունների օրը։
«Սա կեղծված, խայտառակ դատավարություն էր։ Իրական դատավճիռը լինելու է նոյեմբերի 5-ին, ժողովրդի կողմից»,- հայտարարել է նա։
Վիրջինիայի համալսարանի ներկայացուցիչ Բարբարա Փերիի խոսքով, եթե Թրամփը պահպանի իր բնակության վայրը Ֆլորիդայում, մի նահանգ, ուր դատապարտված հանցագործներին թույլ չեն տալիս քվեարկել, փաստորեն, չի կարող քվեարկել իր իսկ օգտին։
Նախագահ Ջո Բայդենը արձագքնել է․ «Այսօր Նյու Յորքում տեսանք, որ ոչ ոք օրենքից վեր չէ»:
Նախկին դաշնային դատախազ և Նյու Յորքի իրավաբանական դպրոցի պրոֆեսոր Սթիվ Կոենին ամենևին չի զարմացրել դատավճիռը․ «Հավատում եմ երդվյալ ատենակալների համակարգին: Գործը քննվել է ուշադիր, երբեմն՝ մանրակրկիտ: Սա չի նշանակում, թե բողոքարկման հետ կապված խնդիրներ չեն լինի։ Դրանք միշտ կան: Անակնկալներ ևս կարող են լինել»։
Վեց շաբաթ տևած դատավարության ընթացքում ցուցմունք է տվել 22 վկա, ներառյալ՝ տաբլոիդի խմբագիր, պոռնո-ֆիլմերի աստղ Սթորմի Դենիելսը, ում խոսքով, իրեն վճարել են, որպեսզի լռի Թրամփի հետ ունեցած սիրային կապի մասին, ինչը Թրամփը հերքում է։ Վկայություն է տվել նաև Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոհենը, ով հայտարարել է, թե այդ վճարումները կատարել է Դենիելսին՝ Թրամփի անունից:
Մանհեթենի շրջանային դատախազ Էլվին Բրեգի ներկայացմամբ, երդվյալ ատենակալների որոշումը կայացվել է ապացույցների և օրենքի հիման վրա:
«Թեև այս ամբաստանյալը կարող է նման չլինել որևէ այլ ամբաստանյալի՝ ամերիկյան պատմության ընթացքում, բայց հասանք այս դատավարությանը, ի վերջո՝ այս դատավճռին, նույն ձևով, ինչպես յուրաքանչյուր այլ գործի պարագայում է, որը մտնում է դատարան՝ հետևելով փաստերին և օրենքին»,- ասել է Բրեգը։
Թրամփի դատավճռի հրապարակումը նախատեսված է հուլիսի 11-ին։ Ակնկալվում է, որ դրանից մի քանի օր անց ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը պաշտոնապես կառաջադրի նրան որպես երկրի նախագահի թեկնածու: