Ինչո՞ւ են Կրեմլին հարկավոր գործակալներ Եվրախորհրդարանում

Եվրախորհրդարան

Եվրախորհրդարանի ընտրությունների նախօրեին Բելգիայի դատախազությունը հետաքննություն է սկսել Հին աշխարհի օրենսդիր մարմնի աշխատանքներում Ռուսաստանի միջամտության առնչությամբ։ Պատճառը՝ Չեխիայի հետախուզության կողմից ենթադրյալ ցանցի բացահայտումն էր:

Եվրախորհրդարանի ընտրություններն անցկացվում են հինգ տարին մեկ։ Այս տարի դրանք կանցկացվեն ԵՄ անդամ 27 երկրներում հունիսի 6-ից 9-ը։

Բելգիացի քննիչները խուզարկություններ են իրականացրել Եվրախորհրդարանի աշխատակցի տանն ու աշխատասենյակում։ Քննչական գործողությունների պատճառը
Տեղեկությունն է, ըստ որի Կրեմլը վճարել է ծայրահեղ աջ օրենսդիրներին, ներառյալ՝ գերմանացի քաղաքական գործիչ Մաքսիմիլիան Կռային՝ Մոսկվայի քարոզչությունն առաջ մղելու համար:

Հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ, քննչական գործողությունների կենտրոնում է Գիյոմ Պրադուրը՝ աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության ներկայացուցիչն ու Կռայի նախկին օգնականը, ով նույնպես եղել է հետաքննության ներքո՝ Ռուսաստանի և Չինաստանի հետ ենթադրյալ կապերի համար:

Բելգիայի դատախազության ներկայացմամբ, խուզարկություններն իրականացվել են Ֆրանսիայի իշխանությունների աջակցությամբ Պրադուրի տանը՝ Շերբեկում, Բրյուսելից հյուսիս-արևելք, և նրա գրասենյակներում՝ Բրյուսելում և Ստրասբուրգում՝ Եվրամիության խորհրդարանի շենքերում:

Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրույի խոսքով, Մոսկվայի նպատակն է հասնել նրան, որպեսզի Եվրախորհրդարան անցնեն «ավելի շատ ռուսամետ թեկնածուներ»՝ Կրեմլի շահերն առաջ մղելու համար։

Քննիչների ուշադրություն են դարձրել նաև «Եվրոպայի ձայն» կայքին, որը, ըստ ԶԼՄ-ների, ֆինանսավորել է կրեմլամետ գործարար Վիկտոր Մեդվեդչուկը, ով ժամանակին ձերբակալվել էր Ուկրաինայում՝ պետական դավաճանության կասկածանքով, բայց հետո փոխանակվել ուկրաինացի ռազմագերիների հետ։ Ավելի ուշ կայքի գործունեությունն Եվրամիության տարածքում արգելվեց։

Բելգիական հետախուզության համաձայն, որոշ օրենսդիրներ վարձատրվել են՝ ռուսական քարոզչության տարածմանը նպաստելու համար:

Ըստ դիտորդների, առկա տվյալները վկայում են, որ այս առումով Մոկսվան հատկապես ակտիվ է Գերմանիայում, Սլովակիայում և մի շարք այլ եվրոպական երկրներում։

Կրեմլից բխող սպառնալիքը՝ խորացնել պառակտումը Եվրամիության շարքերում, միանգամայն լուրջ է՝ կարծում է Պրահայում գործող ու Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հարցերով փորձագետ Իվան Պրեոբրաժենսկին։

«Հավանականությունը, որ Եվրախորհրդարանում կհայտնվեն աջ ու ձախ պոպուլիստներ, որոնցից շատերը հակված կլինեն սիրախաղ սկսել Մոսկվայի հետ, բավականին մեծ է՝ անգամ առանց ռուսական հետախուզության ջանքերի։ Բայց, իհարկե, նրանց նպատակն է Եվրախորհրդարան անցկացնել Պուտինի՝ հնարավորինս շատ համակիրների։ Կրեմլի ռազմավարությունը պարզ է՝ ուղղակի աջակցել նրանց, ովքեր պատրաստ են օգնություն ստանալ, ինչպես նաև՝ տրամադրել բոլոր հնարավոր միջոցները նրանց, ում վերաբերմունքը՝ տարբեր պատճառներով, համընկնում է Պուտինի շահերին»,- «Ամերիկայի ձայնին» փոխանցել է Պրեոբրաժենսկին։

Մեր զրուցակիցն հատուկ կանգ առավ Չեխիայում բացահայտված մի դեպքի վրա․ «Չեխական անվտանգության ծառայությանը հաջողվել է գաղտնալսել «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության որոշ ներկայացուցիչների, որոնք կապ ունեն Չեխիային հետ։ Նրանցից մեկը ազգությամբ չեխ է, մյուսը, որքան գիտեմ, չեխ կին ունի։ Կրեմլի համար տևական ժամանակ աշխատող օլիգարխ, Ուկրաինայի նախկին քաղաքացի Վիկտոր Մեդվեդչուկի միջնորդությամբ գումար են ստացել [Մոսկվայից] և, ըստ երևույթին, վերաբաշխել։ Այս սկանդալային հետաքննությունը շարունակվում է։ Շրջանակն ընդլայնվում է: Կարծում եմ՝ այս գործով ներգրավված մեղադրյալների թիվը կավելանա»։

DPA լրատվական գործակալության համաձայն, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից Բավարիայի խորհրդարան ընտրված երեք պատգամավորներ՝ Ուլրիխ Զինգերը, Անդրեաս Յուրկան և Ելենա Ռունը, այս տարվա մարտին ռուսական իշխանությունների հրավերով որպես «դիտորդներ» այցելել են Ռուսաստան՝ նախագահական «ընտրությունների» ժամանակ։ Ի դեպ, կուսակցության դաշնային ղեկավարությունը նրանց նախազգուշացում է արել այդ այցի պատճառով։

Ըստ փորչձագետի, Մոսկվայի միջամտությունը եվրոպական երկրների ներքին գործերին ավելի սպառնալից է դառնում, և, կարծես, Կրեմլի նվազագույն նպատակն է քաոս սերմանել եվրոպական երկրներում։

Ուկրաինայում շարունակվող պատերազմի ֆոնին՝ Կրեմլը սաստկացրել է գրոհները արևմտյան ժողովրդավարական ինստիտուտի նկատմամբ՝ կարծիք է հայտնում ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ, նախկինում խորհրդային Պետանվտանգության կոմիտեի ու ռուսաստանյան Անվտանգության դաշնային ծառայության աշխատակից Գենադի Գուդկովը։

«Պուտինի ռեժիմն ունի հսկայական ֆինանսական ռեսուրսներ, որոնք դուրս են հանրային վերահսկողությունից և որոնք ողղվում են մարդկանց կաշառելուն։ Ակնհայտ է, որ այդ նպատակների համար գումար չեն խնայում»,- «Ամերիկայի ձայնին» ասել է Գուդկովը:

Նրա խոսքով, արդյունքում, Եվրախորհրդարանում ժամանակ առ ժամանակ հայտնվում են պատգամավորներ, որոնք լոբբինգ են անում Կրեմլի համար․ «Սա չպետք է զարմանալի լինի։ Կարծում եմ, որ նույնիսկ հիմա՝ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, Պուտինի հատուկ ծառայությունները գործում են նախկինի պես՝ փորձելով համոզել ոչ այնքան բծախնդիր թեկնածուներին համագործակցել իրենց հետ։ Հետկուլիսային բանակցություններ են ընթանում որոշակի համոզմունքի տեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Դիտորդների կարծիքով, Եվրամիության նոր խորհրդարանում կհայտնվեն բավականին շատ լուսանցքային կուսակցություններ»։

Գենադի Գուդկովի կարծիքով, հենց դա էլ հարկավոր է Կրեմլին․ «[Պուտինի] գաղտնի գործակալները կփորձեն ազդել Եվրախորհրդարանի պատերի ներսում ընթացող բանավեճերի վրա, օրակարգ մտցնել անհասկանալի թեմաներ... ։ Եվրամիությունում, կարծես, շատերը չեն հասկանում՝ Եվրոպայում արդեն երկու տարուց ավելի է, ինչ պատերազմ է։ Մոսկվան վարում է նաև հիբրիդային պատերազմ, որի վտանգը Եվրամիությունում տակավին չեն գիտակցել»։