Իռլանդիան, Նորվեգիան և Իսպանիան միացան այն ավելի քան 140 պետություններին, որոնք արդեն ճանաչել են Պաղեստին պետությունը:
«Ճանաչումը խորհրդանշական ակտ չէ։ Այն իրավական և քաղաքական քայլ է, պարտավորություն, որը ստանձնում են երկրները։ Այն ենթադրում է տարածքների, սահմանների, ինքնիշխանության ճանաչում, որը կունենա իրավական և նյութատեխնիկական հետևանքներ այդ երկրների համար»,- ասում է պաղեստինցի լրագրող Նուռ Օդենը:
Իսրայելի արձագանքը սպասելի էր՝ այն սուր էր։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուն ճանաչումը կոչեց՝ պարգև ահաբեկչությանը:
«Պաղեստին պետության ճանաչումը, որ տեղի ունեցավ ժողովրդավարական պետության դեմ իրականացված սարսափելի, զանգվածային սպանդի ֆոնին, ընդգծում է այն անհեթեթ վիճակը, նույնիսկ՝ կասեի մատնացույց է անում դիվանագիտական այն կոպիտ որոշումը, որի հետևում [եվրոպական] այդ երկրներն են»,- ասում է Երուսաղեմում գործող Արտաքին հարաբերությունների կենտրոնի ներկայացուցիչ Դեն Դիքերը:
Հարցումների համաձայն, Իսրայելի հասարակության ավելի քան երեք քառորդը չի աջակցում Պաղեստին պետության ճանաչմանը՝ անցած տարվա հոկտեմբերի 7-ից հետո, երբ գրոհելով հրեական պետությունը՝ «Համասի» զինյալները ներխուժեցին իսրայելական ավելի քան 20 բնակավայր, սպանեցին շուրջ 1 200 մարդու:
Your browser doesn’t support HTML5
Իսրայելի պատասխան գործողությունների հետևանքով, ըստ Գազայի առողջապահական ծառայության, առ այսօր զոհվել է ավելի քան 36 հազար պաղեստինցի:
Որոշ իսրայելցի դիտորդներ կարծիք են հայտնում, թե երեք եվրոպական երկրների կողմից Պաղեստին պետության ճանաչումը վերստին օրակարգ է բերում մերձավորարևելյան խնդիրը երկու պետության՝ Իսրայելի ու Պաղեստինի գոյակցության միջոցով լուծելու տարբերակը:
«Պաղեստինի ճանաչումը և Պաղեստինի լիիրավ անդանմակցությունը ՄԱԿ-ին, կարող է մի գործընթացի մեկնարկ դառնալ, երբ վերադառնում ենք բանակցություններին, երբ որոշվում է Պաղեստին պետության ստեղծման հարցը։ Իսրայելն այլևս չունի վետոյի իրավունք Պաղեստին պետության ստեղծման հարցում»,- ասում է մերձավորարևելյան բանակցություններում Իսրայելի նախկին ներկայացուցիչ Գերշոն Բասկինը:
ԱՄՆ-ն ու եվրոպական մի քանի երկրներ հանդես են գալիս Հորդանան գետի Արևմտյան ափին և Գազայում պաղեստինյան պետության ստեղծման օգտին՝ Գազայի հատվածում հրադադար հաստատելուց և իսրայելցի պատանդներին ազատ արձակելուց հետո: Սակայն այս երկրները, միևնույն ժամանակ, դեմ են մինչ այդ պաղեստինյան պետության ճանաչմանը։