Այն պահը, երբ անցած շաբաթ ենթադրյալ մարդասպանը կրակ բացեց Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի ուղղությամբ, հաջողվել է նկարահանել: Ուղղաթիռը Ֆիցոյին տեղափոխեց Բանսկա Բիստրիցայի Ռուզվելտի անվան համալսարանական հիվանդանոց, ուր նա առնվազն երկու վիրահատություն տարավ, մեկը՝ որովայնի և ձեռքի հրազենային վնասվածքի պատճառով
Սլովակիայի փոխվարչապետ Ռոբերտ Կալինակը կիրակի հենց հիվանդանոցից դիմեց հանրությանը․ «Ամենից վատն անցյալում է, բայց [վարչապետի] վիճակը մնում է շատ ծանր։ Ցանկանում եմ կրկին շնորհակալություն հայտնել բժիշկներին՝ նախորդ օրերին [նրանց գործած] հրաշքների համար»։
Ուրբաթ Սլովակիայի հեռուստատեսությունը հեռարձակեց, թե ոստիկանները ինչպես են ձերբակալում կասկածյալին:
Your browser doesn’t support HTML5
Սլովակիայի գլխավոր դատախազությունը կասկածյալին նկարագրում է որպես 71-ամյա նախկին հանքափոր ու սկսնակ բանաստեղծ, ով գործում էր միայնակ: Լրատվամիջոցների ներկայացմամբ, կասկածյալը Յուրայ Ցինտուլան է:
Ֆիցոյի կուսակցությունը անցած տարի հաղթեց խորհրդարանական ընտրություններում՝ օգտագործելով ռուսամետ և հակաամերիկյան խոսույթ, իսկ ընտրություններից հետո Ֆիցոն դադարեցրեց զենքի առաքումն Ուկրաինա:
Արդյունքում՝ ՆԱՏՕ-ի անդամ Սլովակիայի փողոցները լցվեցին բողոքող մարդկանցով։ Իրավապահների ներկայացմամբ, այս հանգամանքք կարող էր պատճառ հանդիսանալ Ֆիցոյի դեմ մահափորձի համար:
Սլովակիայի նորընտիր նախագահ Պիտեր Պելեգրինին իր երկիրն անվանել է «վիրավոր»՝ հավելելով, թե քաղաքական կուսակցությունները դեռ պատրաստ չեն քննարկել հետագան:
Չնայած Ֆիցոյի՝ փաստացի ռուսամետ քաղաքականությանը, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հարձակումն անվանել է «սարսափելի» ու «բոլորովին անընդունելի»՝ շուտափույթ ապաքինում մաղթելով Ֆիցոյին:
Սպիտակ տան մամլո քարտուղար Քըրին Ժան-Պիեռը նշել է, թե նախագահ Ջո Բայդենը «անհանգստություն և խորը մտահոգություն է հայտնել հարձակման կապակցությամբ»․ «Դատապարտում ենք այս սարսափելի հարձակումը: Մեր դեսպանատունը սերտ կապի մեջ է [Սլովակիայի] կառավարության հետ և պատրաստ է աջակցել: Այս պահին հավելելու ոչինչ չունեմ»:
Ֆիցոյի դեմ հարձակումը տեղի են ունեցել Եվրամիության խորհրդարանական ընտրություններից երեք շաբաթ առաջ: Եթե կասկածյալին մեղավոր ճանաչեն, նրան սպառնում է ցմահ ազատազրկում։