Մատչելի հղումներ

Վոլոդիմիր Զելենսկին այցելել է Սլովակիա և Թուրքիա


Ուկրաինայի նախագահը Բրատիսլավայում կքննարկի ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը, իսկ Անկարայում հիմնական թեման կլինի հացահատիկի գործարքը։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ուրբաթ ժամանել է Սլովակիա՝ եվրոպական այդ երկրի ղեկավարության հետ քննարկելու ՆԱՏՕ-ին անդամակցելու Կիևի դիմումը և դաշնակիցների կողմից սպառազինության մատակարարման արագացումը։ Նույն օրը Զելենսկիին սպասում են Անկարայում։

Երեկ Պրահայում Ուկրաինայի նախագահը վերստին դիմել է դաշնակիցներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին, Ուկրաինային տրամադրել հեռահար զենք։

Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան հայտարարել է, որ իր երկիրը կողջունի Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը՝ հավելելով «պատերազմն ավարտվելուն պես» Պրահան կաջակցի նաև Կիևի անդամակցությանը ՆԱՏՕ-ին:

«Համոզված եմ, Ուկրաինայի ապագան Եվրամիությունում է, Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է, և այն կերաշխավորի, որ Եվրոպայում նմանատիպ իրավիճակ այլևս չկրկնվի։ Չեխիան պատրաստ է առավելագույնն անել»,- համատեղ ասուլիսում ասել է Ֆիալան։

«Հուսով եմ, նախագահ Զելենսկին կկարողանա անձամբ մասնակցել Վիլնյուսի գագաթնաժողովին, և ակնկալում եմ, որ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները հստակորեն կաջակցեն Ուկրաինային անդամակցության հարցում: Նախագահն, անշուշտ, կարող է հույս դնել Չեխիայի վրա»։

Ֆիալան նաև խոստացել է Ուկրաինային փոխանցել մարտական ուղղաթիռներ և խոշոր տրամաչափի հարյուր հազար կտոր զինամթերք։

Զելենսկին ողջունել է նման ռազմական փաթեթի տրամադրունը, սակայն հավելել է` իր երկրին ավելի շատ զենք է հարկավոր, քանզի Կիևն այժմ հակահարձակման է անցել` ազատագրելու ուկրաինական հողերը:

«Առանց հեռահար սպառազինության դժվար է ոչ միայն հարձակողական, այլև պաշտպանական գործողություններ իրականացնելը»,- նշել է Զելենսկին։ «Հեռահար համակարգերի մատակարարման մասին առաջին հերթին խոսում ենք Միացյալ Նահանգների հետ, և այսօր [այդ որոշման կայացումը] կախված է նրանցից»:

Բրատիսլավայում բանակցությունների ավարտից անմիջապես հետո, Զելենսկին նաև մեկնել է Անկարա:

Ուկրաինայի և Թուրքիայի նախագահները ուրբաթ կքննարկեն, այսպես կոչված, սևծովյան հացահատիկային գործարքի հնարավոր երկարաձգումը և Մոսկվայի ու Կիևի միջև գերիների փոխանակումը` հայտնում է «Reuters»-ը՝ հղում կատարելով թուրքական կառավարության աղբյուրին։

Սևծովյան հացահատիկային գործարքը հնարավոր եղավ Թուրքիայի և ՄԱԿ-ի միջնորդության շնորհիվ, արի արդյունքում հնարավոր դարձավ ուկրաինական սևծովյան նավահանգիստներից հացահատիկի անվտանգ արտահանումը, չնայած երկրում մոլեգնող պատերազմին

XS
SM
MD
LG