Միացյալ Նահանգները Ուկրաինային լրացուցիչ 2 միլիարդ դոլարի օգնության փաթեթ կտրամադրի, չորեքշաբթի Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Ելույթ ունենալով Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, Բլինքենը նշել է, որ այդ աջակցությունը ուղղված է լինելու Ուկրաինայի արդյունաբերական բազայում ներդրումներ կատարելուն։
Բլինքենի կողմից հայտարարված օգնությունը 61 միլիարդ դոլար արժողությամբ փաթեթի մի մասն է, որը Վաշինգտոնը հաստատեց շաբաթներ առաջ Կոնգրեսում ամիսներ շարունակվող քննարկումներից հետո:
Պետքարտուղարը պարզաբանել է, որ օգնության նպատակը Ուկրաինային «այսօր զենք տրամադրելն է», ինչպես նաև ուկրաինական ենթակառուցվածքներում ներդրումներ կատարելը և երկրին օգնել այլ երկրներից ռազմական տեխնիկա ձեռք բերել։
Բլինքենը հավելել է, որ նախագահ Ջո Բայդենը, ամենայն հավանականությամբ, առաջիկա շաբաթներին կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։
Պետքարտուղարության ղեկավարն ընդգծել է, որ Վաշինգտոնը վճռականորեն աջակցում է Ուկրաինայի հարցով հաջորդ ամիս նախատեսված խաղաղության գագաթնաժողովին, որը կանցկացվի Շվեյցարիայում:
Դմիտրի Կուլեբան կրկնել է, որ Ուկրաինային շտապ անհրաժեշտ են ևս յոթ հակաօդային պաշտպանության համակարգեր՝ պարզաբանելով, որ միայն Խարկովի մարզում երկու համակարգ է պահանջվում։
Նա նաև նշել է Ուկրաինայի դաշնակիցների կողմից խոստացված զենքի մատակարարման արագացման անհրաժեշտությունը։
Բլինքենը պատասխանել է, որ Միացյալ Նահանգները շտապում է Ուկրաինային զինամթերք, զրահատեխնիկա, հրթիռներ և հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարել և փորձել ապահովել դրանց հնարավորինս արագ մատակարարումը առաջնագիծ: Նա հավելել է, որ ԱՄՆ-ը մտադիր է Ուկրաինա ուղարկել «Patriot» հրթիռային համակարգեր և հակաօդային պաշտպանության այլ տեսակներ։
Պետքարտուղարը նաև ընդգծել է, որ Ուկրաինան ինքն է որոշումներ կայացնում ամերիկյան զենքի օգնությամբ ռուսական տարածքներին հարվածելու հարցում, սակայն Վաշինգտոնը չի խրախուսում նման հարձակումները։
«Մենք չենք խրախուսել կամ թույլ տվել հարվածներ հասցնել Ուկրաինայի սահմաններից դուրս, բայց, ի վերջո, Ուկրաինան պետք է ինքնուրույն որոշումներ կայացնի, թե ինչպես կվարվի այս պատերազմում», - նշել է Բլինքենը: