Երեքշաբթի Կիևում ընդունելով Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնին՝ Ուկրաինային ցուցաբերվող աջակցության նոր՝ «խոշոր փաթեթի» համար։
Բլինքենը ժամանել է Ուկրաինա՝ նախապես չհայտարարված այցով, որը, ըստ ԱՄՆ պաշտոնյաների, «հուսադրող հզոր ուղերձ» է՝ մինչ ուկրաինական զորքերը դիմագրավում են ռուսական օկուպացիոն ուժերի գրոհներին և սպասում արևմտյան սպառազինության նոր մատակարարումներին:
Զելենսկու խոսքով, Բլինքենի այցը տեղի է ունենում «[Ուկրաինայի] արևելքում տիրող դժվար ժամանակաշրջանում»:
Նախորդ շաբաթվա ընթացքում Ռուսաստանն ուժեղացրել է հարձակումները Խարկովի մարզի ուղղությամբ:
Ուկրաինայի նախագահը, հավելել է՝ Էնթոնի Բլինքենի հետ կքննարկի ամերիկյան նոր օգնության շուտափույթ ստացման և ուկրաինական հակաօդային պաշտպանության համակարգի ամրապնդման հարցերը՝ հույս հայտնելով, որ Խարկովի պաշտպանության համար Ուկրաինան կարող է ձեռք բերել հակաօդային պաշտպանության ամերիկյան հայտնի Patriot համալիրները:
Բլինքենն արձագանքել է, թե Միացյալ Նահանգները՝ Ուկրաինայի այլ գործընկերների հետ միասին, հանձնառու են ապահովել, որ Ուկրաինան ունենա այն, ինչ իրեն անհրաժեշտ է՝ ռուսական ներխուժման դեմ պայքարելու համար:
«Գիտենք, որ դժվար ժամանակներ են, բայց նաև գիտենք, որ օգնությունը ճանապարհին է։ Դրա մի մասն արդեն հասել է։ Ավելին է գալու: Սա փոփոխություն կբերի մարտի դաշտում՝ ռուսական շարունակվող ագրեսիայի դեմ պայքարում»,- ասել է Բլինքենը:
ԱՄՆ պետքարտուղարը բանակցություններ կվարի նաև Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի և արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ, ելույթ կունենա Կիևում։