Արդյո՞ք Արևմուտքը զիջում է Չինաստանին` Սերբիայի համար պայքարում

Չինաստանի նախագահ Սի Ծինփինն ու Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը` Չինաստանի նախագահի Սերբիա կատարած այցի ընթացքում

Այս շաբաթ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի Սերբիա կատարած այցի ընթացքում բազմաթիվ մարդիկ դուրս եկան փողոց՝ ծածանելով Սերբիայի և Չինաստանի դրոշները և ողջունելով երկու երկրների միջև «երկաթե» բարեկամությունը: Այս հանգամանքն Արևմուտքում հարցեր առաջացրեց, թե, իրականում, ո՞ւր է մտադիր շարժվել Եվրոպայում գտնվող Սերբիան:

Դիտորդների ներկայացմամբ, Վաշինգտոնի ու Պեկինի միջև համաշխարհային մրցակցության ֆոնին՝ Բելգրադից Ծինփինի հնչեցրած ուղերձներն, փաստացի, հասցեագրված էին ավելի լայն լսարանի:

Սի Ծինփինն ու Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը չորեքշաբթի մի շարք երկկողմ համաձայնագրեր ստորագրեցին, որին հաջորդեց Կոսովոյում ալբանացիների էթնիկ զտումները դադարեցնելու համար՝ 1999 թվականին ՆԱՏՕ-ի կողմից Բելգրադի ռմբակոծության ժամանակ Չինաստանի դեսպանատանը հարվածելու 25-րդ տարելիցին նվիրված միջոցառումը: Հիշեցնենք, ԱՄՆ-ն ներողություն էր խնդրել՝ տեղի ունեցածն անվանբելով «սխալ»։

Վաշինգտոնում գործող Ատլանտյան խորհրդի Չինաստանի գծով փորձագետ Դեյվիդ Շուլմանը «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Սերբիայում չինական դեսպանատան ռմբակոծության՝ 1999 թվականի մայիսի 7-ի տարելիցին Ծինփինի ժամանումը Բելգրադ նպատակ ունի Ուկրաինայի պատերազմի համատեքստում ավելի լայն ուղերձ հղել, որ Չինաստանը կողմնակից չէ ռազմատենչ գործելաոճի, ի տարբերություն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի:

Ըստ փորձագետի, Պեկինի ուղերձները, «կրկնում են Ռուսաստանի կոչերը՝ Ուկրաինայում պատերազմի մասին, և ձգտում են արդարացնել Ռուսաստանին և մեղադրել ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ին՝ պատերազմի կրակը վառելու, ուկրաինացիներին աջակցելու համար, և որ Չինաստանը խաղաղության ու կայունության կողմնակից է»:

Չինաստանի նախագահը երեքշաբթի սերբական իշխանամետ Politika թերթում հրապարակված հոդվածում անդրադարձել է չինական դեսպանատան ռմբակոծմանը․ «Չինաստանի ժողովուրդը գնահատում է խաղաղությունը, բայց երբեք թույլ չի տա, որ պատմական ողբերգությունը կրկնվի»:

Վաշինգտոնի Միջազգային հանրապետական ինստիտուտի Եվրոպայի հարցերով տնօրեն Փոլ ՄըքՔարթին համաձայն է, որ Սի Ծինփինի՝ Սերբիա այցի ժամկետը պատահական չէ․ «Կարծում եմ, Սի [Ծինփինի] այցը Եվրոպա կազմակերպվել է ՆԱՏՕ-ի ռմբակոծության 25-ամյակի առնչությամբ»։

Ծինփինն և Վուչիչը ստորագրել են երկու երկրների միջև «ընդհանուր ապագայի» մասին հայտարարություն, որը Սերբիայի նախագահը բնութագրել է որպես համապարփակ ռազմավարական գործընկերությունից էլ բարձր մակարդակ, ինչի շուրջ երկու երկրները համաձայնել էին դեռ 2016 թվականին:

Շուլմանն ուշադրություն է հրավիրում, Չինաստանի նախագահը հաճախ է օգտագործում «համատեղ ապագա» արտահայտությունը՝ ցույց տալու, որ ցանկանում է աշխարհում ուժերի նոր հավասարակշռություն հաստատել․ «Ապագայի մասին ընդհանուր գաղափարն այն է, որ Չինաստանը ցանկանում է ստեղծել մի գլոբալ կարգ, որը սակավ է կախված ԱՄՆ-ից, բազմաբևեռ է՝ հավակնելով լինել ավելի «ժողովրդավարական», ինչպես ասում են չինացիները»:

«Այն փաստը, որ Սերբիայի մասին խոսում են որպես առաջին եվրոպական երկրի, որը լինելու է «ընդհանուր ապագայի» մաս, ցույց է տալիս, որ Չինաստանի առաջնորդների, հատկապես Սի [Ծինփինի] համար Սերբիան մեծ նշանակություն ունի… որպես տնտեսական գործընկեր և Եվրամիության թեկնածու-երկիր»,- ասում է Դեյվիդ Շուլմանը։

Մյուս կողմից, ըստ փորձագետի, Ծինփինի այցը Սերբիա կոչված էր ի ցույց դնել Վաշինգտոնին, որ Չինաստանը վստահելի գործընկերներ ունի Եվրոպայում, և որ ԱՄՆ-ն «անկարող է ամբողջությամբ քաշել Եվրոպան իր կողմը»:

Հայտնի է, որ Սերբիայում գործում է չինական համայնք, Պեկինը միլիարդավոր դոլարների ֆինանսավորում է տրամադրել ճանապարհների, կամուրջների և տարբեր օբյեկտների կառուցման համար՝ դառնալով Սերբիայի կարևոր գործընկերը ենթակառուցվածքների զարգացման գործում:

Սակայն որոշ փորձագետներ պնդում են, թե Բելգրադի և Պեկինի միջև համագործակցության ապագան անորոշ է՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բարդ հարաբերությունները:

Բելգրադի Անվտանգության քաղաքականության կենտրոնի ավագ գիտաշխատող Վուկ Վուկսանովիչը «Ամերիկայի ձայնին» փոխանցեց, թե Սերբիայի և Չինաստանի միջև համագործակցության ընդլայնումը՝ ռազմավարական գործընկերությունից մինչև «նոր դարաշրջանում Սերբիայի և Չինաստանի ընդհանուր ապագայի կառուցման մակարդակ», ավելին է, քան «դիվանագիտական խաղ»:

Վուկսանովիչը հավելեց, որ այդ հարաբերություններում ավելի շատ բան է կախված Պեկինից, քան Բելգրադից․ «Ռազմավարական գործընկերության նախորդ համաձայնագիրը 2009 թվականի համատեղ հայտարարությունն էր, որն ուներ ջերմ հռետորաբանություն, բայց, իրականում, այն [երկկողմ] հարաբերությունների որևէ խոշոր փոփոխություն չբերեց, մինչև Չինաստանը չսկսեց ավելի մեծ հետաքրքրություն ցուցաբերել Բալկանների նկատմամբ իր «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության ներքո, որը գլոբալ ենթակառուցվածքների զարգացման Չինաստանի ռազմավարությունն է: Կարծում եմ, ԱՄՆ-ի համար առանցքային հարց է, թե արդյոք այդ համագործակցությունը կներառի պաշտպանության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում ինչ-որ խոշոր նախագիծ»:

ՄըքՔարթիի ներկայացմամբ, անհասկանալի է, թե Սերբիայի և Չինաստանի միջև պայմանավորվածությունները և «ընդհանուր ապագայի» ծրագրերն ինչպես կազդեն Արևմուտքի հետ Սերբիայի հարաբերությունների վրա:

Այդուհանդերձ, Միջազգային հանրապետական ինստիտուտի Եվրոպայի հարցերով տնօրենը կարծիք հայտնեց, որ Պեկինի ու Բելգրադի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտնում այս հուլիսին, «Սերբիային ավելի է շրջում դեպի Արևելք»՝ հարց առաջացնելով, թե «որքանո՞վ է Սերբիան լրջորեն տրամադրրված ընթանալ եվրոպական ուղով»:

Փոլ ՄըքՔարթին հավելեց՝ Վաշինգտոնի տեսանկյունից ԱՄՆ-ն զիջում է Սերբիայի համար մղվող պայքարում:

Սույն հրապարակման պատրաստմանն իրենց ներդրումն են ունեցել «Ամերիկայի ձայնի» սերբական ծառայության աշխատակիցներ Դինո Յահիչը, Մարկո Պրոտիչը և Ստեֆան Միլյուսը: Հեղինակներ՝ Ջովանա Ջուրովիչ, Ռադե Ռանկովիչ: