ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պահաջնել է Իսրայելից թույլ տալ ավելացնել Գազա առաքվող մարդասիրական օգնության ծավալը՝ խոսելով նաև Միացյալ Նահագների ու հրեական պետության միջև ի հայտ եկած տարաձայնությունների մասին, որոնց առանցքում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մտադրությունն է՝ ռազմական ցամաքային գործողություններ սկսել Գազայի հատվածի հարավային՝ Ռաֆահ քաղաքում:
«Չենք կարող, չենք աջակցի Ռաֆահում խոշոր ռազմական գործողության իրականացմանը՝ առանց արդյունավետ ծրագրի, որը կապահովի խաղաղ բնակիչների անվտանգությունը: Ո՛չ, մենք նման ծրագիր չենք տեսել: Մեր կարծիքով, կան գործելու ավելի ճիշտ ուղիներ»,- ասել նա։
Նեթանյահուի խոսքով, Իսրայելի ռազմուժը պետք է ցամաքային գործողություն իրականացնի Ռաֆահում՝ այնտեղ դիրքավորված «Համասի» վերջին չորս գումարտակները չեզոքացնելու և ահաբեկչական կազմակերպության՝ Գազայի հատվածում ղեկավար Յահյա Սինվարին գտնելու համար: Սակայն նման զարգացմանը դեմ են Վաշինգտոնում․ ԱՄՆ նախագահ Բայդենը հայտարարել է, որ գործողությունն անընդունելի է, քանի դեռ Իսրայելը չի կարող երաշխավորել այնտեղ ապաստանած ավելի քան մեկ միլիոն խաղաղ բնակիչների անվտանգությունը:
Իրավիճակին անդրադարձել է Բար Իլան համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Էյթան Գիլբոան․ «Բայդենն ասում է, որ Իսրայելը չպետք է մտնի Ռաֆահ: Մյուս կողմից՝ նման քայլը «Համասին» համոզելու միակ միջոցն է, միակ տարբերակը՝ համոզելու «Համասի» ղեկավար Յահյա Սինվարին՝ ընդունել պատանդներին ազատ արձակելու առաջարկը»:
Գազայում հրադադարի հասատումը Վաշինգտոնում դիտարկվում է նաև Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի հարաբերությունների կարգավորման համատեքստում։ Երկու երկրների միջև նորմալացման գործընթացը կանգ առավ անցած տարվա հոկտեմբերի 7-ից ի վեր, երբ «Համասը» գրոհեց Իսրայելը, ինչին հետևեց հրեական պետության ռազմական պատասխանը։
«Իսրայելի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների կարգավորումը կարող է լուրջ ազդեցություն ունենալ ողջ Մերձավոր Արևելքում։ Այն կուժեղացնի Ամերիկայի դաշնակիցներին, որոնք բոլորն էլ հավատարիմ են տարածաշրջանում կայունության պահպանմանը, և կթուլացնի ԱՄՆ ու այդ երկրների թշնամիներին, առաջին հերթին Իրանին ու նրա դաշնակիցներին»,- ասում է վերլուծաբան Ջոնաթան Ռայնհոլդը։
Ռայնհոլդի կարծիքով, Սաուդյան Արաբիայի կողմից Իսրայել պետության ճանաչումը մեծապես օգուտ կբերի հրեական պետությանը:
«Այն մեծապես կամրապնդի Իսրայելի դիվանագիտական և ռազմավարական դիրքերը։ [Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների նորմալացումից հետո] այլևս դիվանագիտական առումով դժվար կլինի նրանց համար, ովքեր ձգտում են խարխլել Իսրայելի հեղինակությունը։ Տարածաշրջանի, գուցե՝ աշխարհի ամենամեծ ու հեղինակավոր մահմեդական պետությունը կկարգավորի իր հարաբերությունները Իսրայելի հետ»,- նշել է Ռայնհոլդը։
Իսրայելում շրջանառվող կարծիքների համաձայն, Սաուդյան Արաբիան շահագրգռված է ԱՄՆ հետ կնքել պաշտպանական համաձայնագիր, և կարող է կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ՝ անգամ առանց Գազայում հրադադարի հաստատման։