Գազայում կառուցվող նավամատույցի առաջին լուսանկարներն են, որի շիանարարությունն իրականացնում են ամերիկացի զինվորականները, և նպատակն է շրջան առաքվող մարդասիրական օգնության ծավալը հասցնել օրական մինչև 150 բեռնատարի:
Սակայն ոչ բոլորն են ողջունում ծրագիրը։ Ամերկացի որոշ օրենսդիրներ երեքշաբթի իրենց անհանգստությունն հայտնեցին, թե նավամատույցը կառուցող ամերիկյան զինվորականները կարող են հայտնվել վտանգի ներքո, չնայած նախագահ Ջո Բայդենի ու պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հավաստիացումներին, որ ամերիկյան ուժերը ոտք չեն դնի Գազա:
Your browser doesn’t support HTML5
«Եթե Գազայից ինչ-որ մեկը կրակ բացի մեր զինծառայողների ուղղությամբ, ովքեր գտնվում են 320 միլիոն դոլար արժողությամբ նավամատույցի վրա, որը մենք կառուցում ենք, ․․․ ինձ ասում եք, որ մեր զինծառայողները կարող են պատասխան կրակ բացե՞լ»,- հարցնում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան հանրապետական անդամ Մեթ Գեյցը:
«Նրանք իրավունք ունեն պատասխան կրակ բացել՝ իրենց պաշտպանելու համար»,- արձագանքում է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը:
«Կարծես, ուզում եք ասել, որ նավամատույցում գտնվող մեր զինվորականները, որոնք կրակում են դեպի Գազա, չե՞ն համարվում Գազայում գտնվող զինվորականներ»,- շարունակում է Գեյցը:
«Չեն համարվում»,- հաստատում է Պենտագոնի ղեկավարը
Օսթինը հայտնել է ամերիկացի օրենսդիրներին, որ իսրայելական ուժերը օգնելու են ապահովել ամերիկացի զինծառայողների անվտանգությունը, ինչը նոր մտահոգություններ առաջացրեց կոնգրեսականների մոտ:
«Հաշվի առնելով այն տարաձայնությունները, որ, կարծում եմ, ունենք իսրայելցիների հետ՝ խաղաղ բնակչության շրջանում զոհերի առնչությամբ, ավելի լավ է հստակ հասկանանք, թե ինչ պատասխան կլինի, երբ մեզ վրա կրակ բացեն, քանզի, կարծում եմ, բազմաթիվ ամերիկացիներ գտնում են, որ այն՝ [իսրայելցիների արածը] չի արտացոլում նույն արժեքները, որոնք մենք ունենք»,- ասում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան դեմոկրատ անդամ Էլիսա Սլոտկինը։
Հիշեցնենք, անցած տարվա հոկտեմբերի 7-ին հրեական պետության դեմ «Համասի» իրականացրած արյունալի գրոհի հետևանքով զոհվեցին ավելի քան 1 200 իսրայելցիներ, պատանդառվեցին մոտ 240-ը, և որպես հետևանք նախորդ գրեթե 7 ամիսների ընթացքում Գազայում չեն դադարում ռազմական գործողությունները:
Օսթինի խոսքով, իսրայելական ուժերը պետք է ավելի լավ գործեն՝ խաղաղ բնակիչների շրջանում զոհերից խուսափելու համար:
Երբ Լլոլդ Օսթինը գործող գեներալ էր, վերահսկում էր ԱՄՆ զորքերի դուրսբերումը Իրաքից՝ 2011 թվականին։ Ամերիկյան զորքերի դուրսբերմանը, սակայն, հաջորդեց տարածաշրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերելքը:
«Դասերից մեկը, որ քաղել ենք, հետևյալն է՝ պետք է համոզվեք, որ անում եք հնարավոր ամեն ինչ՝ խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար, որովհետև եթե այդ չանեք, ապա ձեզ համար ավելի երկարաժամկետ խնդիրներ կստեղծեք, քանզի այդ խաղաղ բնակիչներից ոմանք հետագայում կշրջվեն ձեր դեմ»,- ասում է Պենտագոնի ղեկավարը:
Պաղեստինցի պաշտոնյաների ներկայացմամբ, Գազայի հատվածում ընթացող ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 34 հազար մարդ: