Գազայի հատվածում շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկուշաբթի ժամանել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիյադ՝ հանդիպելու արաբական այդ երկրի ղեկավարներին։
Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ քննարկվել են Վաշինգտոնի պատրաստակամությումը՝ լրացուցիչ աջակցություն ցուցաբերել Գազայի հատվածին, և շրջանում սպասվող հետպատերազմյան զարգացումները։ Նաև՝ Բլինքենի խոսքով, ԱՄՆ-ն ու Սաուդյան Արաբիան մոտ են անվտանգության շուրջ պայմանագրի կնքմանը:
«Կրակի դադարեցումն է Գազայում հումանիտար ճգնաժամը լուծելու ամենաարդյունավետ միջոցը՝ երեխաների, կանանց և տղամարդկանց տառապանքը մեղմելու և ավելի արդար ու կայուն շրջան ստեղծելու համար։ Նախագահ Բայդենը պնդել է, որ Իսրայելը կոնկրետ, չափելի քայլեր ձեռնարկի՝ Գազայում քաղաքացիական անձանց և տեղում աշխատող կամավորների անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Սպիտակ տունը շարունակում է ընդգծել՝ ժամանակն է հրադադար հաստատել Գազայում՝ մարդասիրական օգնություն հասցնելու և պատանդներին ազատելու համար, ինչը ամերիկյան վարչակազմի առաջնահերթությունն է:
«Նախորդ օրերին առաջընթաց է գրանցվել բանակցություններում։ Այժմ «Համասը» պետք է որոշի: Սեղանին նախագիծ կա, և նրանք պետք է ընդունեն այն: Կարծում ենք, որ բոլոր ջանքերը պետք է գործադրվեն՝ «Համասին» համոզելու, որպեսզի այն անհապաղ ընդունի այդ առաջարկը»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարն Քըրին Ժան-Պիեռը։
Ինչևէ, մերձավորարևելյան հակամարտությունը, կարծես, աստիճանաբար դուրս է գալիս Գազայի սահմաններից: ԱՄՆ բուհերում չեն դադարում ուսանողական բողոքի ակցիաները։ Օրինակ՝ Օսթինի համալսարանում: Անցած շաբաթ Տեխասի նահանգապետը ոստիկանություն էր կանչել՝ ձերբակալելու տասնյակ ցուցարարների: Բուհի պրոֆեսորադասախոսական կազմը դատապարտել է այդ քայլը՝ նշելով, թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետք է արձագանքի ցուցարարների հնչեցրած մտահոգություններին:
«Նա պետք է էլ ավելի հստակ արդյունքներ ցույց տա: Պատանդները պետք է ազատ արձակվեն։ Պետք է առարկայական բանակցություններ լինեն։ Պետք է ցույց տա, որ երկու կողմերին էլ առաջնորդում է դեպի բանակցութուններ, և հասնի իրական արդյունքների մինչև այս ամառ»,- ասում է Օսթինի համալսարանի պատմության պրոֆեսոր Ջերեմի Սուրինը։
Կիրակի «Համասը» հատուկ միջոցառում էր կազմակերպել Ռաֆահ քաղաքում, որի ժամանակ պաղեստինցի դպրոցականները շնորհակալություն էին հայտնում ամերիկացի ցուցարարներին։