ԱՄՆ շարունակում է ջանքերը Գազա առաքվող մարդասիրական օգնության ավելացման ու պատանդներին ազատ արձակելու ուղղությամբ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն

Չնայած ամերիկյան դիվանագիտության ջանքերին, տակավին անարդյունավետ են Իսրայելի ու «Համասին» միջև փոխհամաձայնության կայացմանը միտված բանակցությունները։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վերստին այցելել է Մերձավոր Արևելք։

Գազայի հատվածում շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկուշաբթի ժամանել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիյադ՝ հանդիպելու արաբական այդ երկրի ղեկավարներին։

Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ քննարկվել են Վաշինգտոնի պատրաստակամությումը՝ լրացուցիչ աջակցություն ցուցաբերել Գազայի հատվածին, և շրջանում սպասվող հետպատերազմյան զարգացումները։ Նաև՝ Բլինքենի խոսքով, ԱՄՆ-ն ու Սաուդյան Արաբիան մոտ են անվտանգության շուրջ պայմանագրի կնքմանը:

«Կրակի դադարեցումն է Գազայում հումանիտար ճգնաժամը լուծելու ամենաարդյունավետ միջոցը՝ երեխաների, կանանց և տղամարդկանց տառապանքը մեղմելու և ավելի արդար ու կայուն շրջան ստեղծելու համար։ Նախագահ Բայդենը պնդել է, որ Իսրայելը կոնկրետ, չափելի քայլեր ձեռնարկի՝ Գազայում քաղաքացիական անձանց և տեղում աշխատող կամավորների անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Սպիտակ տունը շարունակում է ընդգծել՝ ժամանակն է հրադադար հաստատել Գազայում՝ մարդասիրական օգնություն հասցնելու և պատանդներին ազատելու համար, ինչը ամերիկյան վարչակազմի առաջնահերթությունն է:

«Նախորդ օրերին առաջընթաց է գրանցվել բանակցություններում։ Այժմ «Համասը» պետք է որոշի: Սեղանին նախագիծ կա, և նրանք պետք է ընդունեն այն: Կարծում ենք, որ բոլոր ջանքերը պետք է գործադրվեն՝ «Համասին» համոզելու, որպեսզի այն անհապաղ ընդունի այդ առաջարկը»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարն Քըրին Ժան-Պիեռը։

Ինչևէ, մերձավորարևելյան հակամարտությունը, կարծես, աստիճանաբար դուրս է գալիս Գազայի սահմաններից: ԱՄՆ բուհերում չեն դադարում ուսանողական բողոքի ակցիաները։ Օրինակ՝ Օսթինի համալսարանում: Անցած շաբաթ Տեխասի նահանգապետը ոստիկանություն էր կանչել՝ ձերբակալելու տասնյակ ցուցարարների: Բուհի պրոֆեսորադասախոսական կազմը դատապարտել է այդ քայլը՝ նշելով, թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետք է արձագանքի ցուցարարների հնչեցրած մտահոգություններին:

«Նա պետք է էլ ավելի հստակ արդյունքներ ցույց տա: Պատանդները պետք է ազատ արձակվեն։ Պետք է առարկայական բանակցություններ լինեն։ Պետք է ցույց տա, որ երկու կողմերին էլ առաջնորդում է դեպի բանակցութուններ, և հասնի իրական արդյունքների մինչև այս ամառ»,- ասում է Օսթինի համալսարանի պատմության պրոֆեսոր Ջերեմի Սուրինը։

Կիրակի «Համասը» հատուկ միջոցառում էր կազմակերպել Ռաֆահ քաղաքում, որի ժամանակ պաղեստինցի դպրոցականները շնորհակալություն էին հայտնում ամերիկացի ցուցարարներին։