Մոսկովյան Известия պարբերականի փոխանցմամբ, Ֆինլանդիայի հետ սահմանակից Ռուսաստանի Կարելիայի մարզում նախատեսվում է տեղակայել նոր բրիգադ՝ հագեցած Искандер-М բալիստիկ հրթիռային համակարգով:
Известия-ն մեջբերում է Ռուսաստանի Բալթյան նավատորմի նախկին հրամանատար, ծովակալ Վլադիմիր Վալուևին, ով թերթին փոխանցել է, թե «հրթիռային բրիգադի ստեղծումը ճիշտ ժամանակին արված որոշում է, համարժեք պատասխան ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությանը»:
Տեղեկությունը անհանգստություն չի առաջացրել Հելսինկիում՝ «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասում է Միջազգային հարաբերությունների ֆիննական ինստիտուտի վերլուծաբան Չառլի Սալոնիուս-Պաստեռնակը․ «Սա նորություն չէ։ Ինչ-որ բան հայտարարելը, հետո՝ անելը, շատ տարբեր բաներ են, երբ խոսքը Ռուսաստանի մասին է: Ընդհանուր առմամբ, հռետորաբանությունից բացի, այլ բան չենք տեսել»:
Your browser doesn’t support HTML5
Ֆինլանդիան նախազգուշացրել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո բախվել է Ռուսաստանից եկող տարաբնույթ սպառնալիքների:
Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի միանալուց հետո՝ 2023 թվականի երկրորդ կեսին տարբեր երկրներից, այդ թվում՝ Եմենից, Սիրիայից և Սոմալիից ավելի քան 1 300 միգրանտներ են փորձել անցնել ռուս-ֆիննական սահմանը՝ նպատակ ունենալով ապաստան խնդրել:
Անցած տարվա նոյեմբերին Ֆինլանդիան փակեց Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով տեղակայված բոլոր անցակետերը՝ Կրեմլին մեղադրելով ապօրինի միգրացիան որպես զենք կիրառելու մեջ։ Այս ամսվա սկզբին սահմանի փակ մնալը երկարաձգվեց անորոշ ժամանակով:
Հելսինկիում ցանկանում են, որ Եվրամիությունն օգնի կանխել սպասվելիք միգրացիոն ճգնաժամը:
Եվրոպական միության հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ հանդիպմանը Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն հայտարարեց․ «Այժմ պետք է ընդհանուր լուծումներ գտնենք՝ մի երևույթի դեմն առնելու, երբ Ռուսաստանը մեր դեմ օգտագործում է ապօրինի ներգաղթյալներին։ Քայլեր ենք ձեռնարկում մեր օրենսդրության փոփոխության ուղղությամբ, բայց մեզ անհրաժեշտ են նաև Եվրամիության միջոցները»։
Ֆոն դեր Լեյենը խոստացել է աջակցել։ «Սա նոր երեւույթ է, ինչը պետք է դիտարկել որպես հիբրիդային սպառնալիք, և տեսնում ենք, որ պետությունն օգտագործում է աղքատ մարդկանց՝ մեկ այլ պետության նկատմամբ ճնշում գործադրելու համար: Սա անվտանգության հարց է, և մենք, անշուշտ, դրա հետ գործ ենք ունենալու դեռ տևական ժամանակ։ [Ուստի], պետք է պատրաստվենք դրան»:
Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով Ֆինլանդիայում սկսվել է 1 340 կիլոմետրանոց պարսպի կառուցումը։ Հելսինկին նաև ավելացրել պարեկների թիվը: Ֆիննական կառավարությունում քննարկվում է Ռուսաստանից ապաստան հայցողների մուտքը արգելափակող օրենսդրությունը։ Ֆոն դեր Լեյենի խոսքով, ցանկացած նման միջոց պետք է հավասարակշռություն պահպանի անվտանգության ապահովման և փախստականների իրավունքների վերաբերյալ միջազգային պարտավորությունների միջև:
Վերլուծաբան Չարլի Սալոնիուս-Պաստեռնակի ներկայացմամբ, Կրեմլից բխող սպառնալիքները չեն սահմանափակվում միայն ապօրինի միգրանտներին օգտագործելով․ «Ռուսական հատուկ ծառայությունները փորձում են Ֆինլանդիայում հավաքագրել մարդկանց՝ հետագայում Ֆինլանդիայի ներսում խառնաշփոթ առաջացնելու համար»:
Սա Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի այլ անդամների դեմ Ռուսաստանի հիբրիդային արշավի մասն է՝ ընդգծում է Սալոնիուս-Պաստեռնակը. «Ռուսական ցամաքային ուժերը ներգրավված են Ուկրաինայում, ուստի չենք կարծում, թե [մեր ուղղությամբ] առկա է ուղղակի [ռազմական սպառնալիք]։ Բայց Ֆինլանդիայի իշխանություններն սպասում են, որ կարող են տեղի ունենալ կիբեռհարձակումներ՝ միգուցե, ենթակառուցվածքների ուղղությամբ: Հիմա, երբ ձմեռն այստեղ կամաց-կամաց նահանջում է, մեր երկար սահմանը, իհարկե, շատ ավելի անցանելի է դառնում»։
Ռուսաստանը հերքում է ապօրինի միգրանտների օգնությամբ Ֆինլանդիայի սահմանին ճգնաժամ հրահրելու փորձերը։ Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին Մոսկվան որակել է «պատմական սխալ», ինչն ստիպելու է ձեռնարկել «հակամիջոցներ»: