Բայդենն ու Թրամփը զգուշավոր են մարիխուանայի օրինականացման հարցում

Մարիխուանայի պատկերով դրոշ՝ Սպիտակ տան առջև

Մարիխուանայի օրինականացումն այն հազվադեպ հարցերից է, որ քաղաքականապես պառակտված Ամերիկայում ստացել է ընտրողների մեծամասնության հավանությունը։ Սոցհարցումները ցույց են տալիս, որ տաս ամերիկացիներից գրեթե ինը կողմ է այդ թմրանյութի գոնե մասամբ օրինականացմանը:

Ամերիկացիների գրեթե երեք քառորդն ապրում է այն նահանգներում, ուր օրենքը թույլ է տալիս մարիխուանա օգտագործել բժշկական նպատակներով, իսկ բնակչության կեսն ապրում է այնտեղ, ուր մարիխուանան թույլատրված է նաև առօրյա օգտագործման համար: Սակայն դաշնային օրենքներով կանեփի օգտագործումը, վաճառքը տակավին անօրինական է, և այն դասվում է հերոինի և LSD տեսակի թմրանյութի շարքում։ Վերջիններս նախատեսված չեն բժշկական օգտագործման համար:

Ամերիկացի ընտրողների ճնշող մեծամասնությունը կարծում է, որ նման իրավիճակը պետք է փոխվի, ինչը կարող է հնարավորություն հանդիսանալ ԱՄՆ նախագահի փաստացի թեկնածուներ Ջո Բայդենի և Դոնալդ Թրամփի համար՝ ձայներ շահել հատկապես երիտասարդ ընտրողների շրջանում:

«Շատ մարդիկ չեն հասկանում օրենքը: Շատ մարդիկ չգիտեն, թե ինչպես են օրենքներն ազդում իրենց առօրյա կյանքի վրա: Կարծում եմ՝ կանեփն այն խնդիրն է, որը հուզում է երիտասարդներին»,- ասում է «Նոր Ջորջիա» նախագծի ներկայացուցիչ Սքոթի Սմարթը:

Your browser doesn’t support HTML5

ԱՄՆ-ում ընտրողների ճնշող մեծամասնությունը կողմ է մարիխուանայի օրինականացմանը։

Կանեփի ազգային փառատոնի հիմնադիր Քերոլայն Ֆիլիփսը ուշադրություն է հրավիրում՝ ո՛չ Բայդենը, ո՛չ էլ Թրամփը այս մասին չեն խոսել:

«Նրանց ընդհանուր գիծն այն է, որ կանեփի հարցում նրանց արձագանքները եղել են տատանողական: Մենք խոստումներ ենք լսել երկու վարչակազմերից էլ, որոնցից ոչ մեկն ամբողջությամբ չի իրականացվել»,- ասում է Ֆիլիփսը:

Բայդենի նախագահության օրոք ԱՄՆ Առողջապահության նախարարությունը խորհուրդ տվեց մարիխուանան դասել թեթև թմրամիջոցների շարքում՝ այն օրինական դարձնելու փոխարեն:

«Սպիտակ տան ներկայիս քաղաքականությունը մարիխուանայի հարցում մնում է մի փոքր անհասկանալի: Ազդակներ են տվել, թե պատրաստ են շարժվել փոփոխության ուղղությամբ, բայց, ամենայն հավանականությամբ, փոխել են իրենց մոտեցումը»,- հավելում է Ֆիլիփսը:

2018 թվականին՝ այն ժամանակվա նախագահ Թրամփն հայտարարեց, որ հավանաբար կաջակցի մարիխուանայի դաշնային արգելքներին վերջ տալու ջանքերին և դրա օրինականությունը որոշելը նահանգներին թողնելուն: Սակայն օրենսդրական այդ նախաձեռնությունը մնաց Կոնգրեսում:

Անցած տարի Թրամփը Newsmax հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց, որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարիխուանան, «զգալի վնաս է հասցնում, և, այնուամենայնիվ, ընտրողների ձայները շահելու տեսանկյունից բավականին ձեռնտու բան է»:

«Թրամփի մոտեցումը կանեփի վերաբերյալ հակասական է եղել: Լսել ենք, որ նա ասում է, թե մարդիկ, ովքեր թմրանյութեր են վաճառում անօրինական շուկայում, պետք է բանտարկվեն և նույնիսկ մահապատժի ենթարկվեն: Բայց նաև տեսել ենք, որ նա ներում է շնորհել մարդկանց, ովքեր դատապարտված են եղել կանեփի համար»,- ասում է Ֆիլիփսը:

Մարիխուանայի վերաբերյալ ԱՄՆ-ի ընտրողների վերաբերմունքը արտացոլում են Gallup-ի սոցհարցումները, ըստ որոնց անցած տարի չափահասների 70%-ը կողմ էր օրինականացմանը:

«Սա մի հարց է, որը կարևոր է ընտրողների, հատկապես՝ երիտասարդ ընտրողների և ցանկացած թեկնածուի համար, ով ցանկանում է առաջ գնալ՝ լինի դա նախագահական ընտրություններում, Կոնգրեսում, նահանգային օրենսդիր մարմիններում կամ տեղական օրենսդիր մարմիններում»,- ասում է Մարիխուանային վերաբերող օրենքների բարեփոխման ազգային կազմակերպության տնօրեն Մորգան Ֆոքսը:

Մարիխուանայի օրինականացմանն աջակցող երիտասարդ ընտրողները հույս ունեն, որ Բայդենի վարչակազմը կանեփի վերաբերյալ փոփոխություններ կկատարի նոյեմբերի ընտրություններից առաջ: