ԱՄՆ Ներկայացուցիչների տանը հաստատված օրինագիծը Սենատում վավերացվելուց անմիջապես հետո Կիևը կսկսի ստանալ ամերիկյան ռազմական օգնությունը։ Այս մասին երկուշաբթի՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Հիշեցնենք, անցած շաբաթ օրը ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը՝ Ներկայացուցիչների տունը ընդունեց 95 միլիարդ դոլար պարունակող օրենսդրական փաթեթ, որն անվտանգության ոլորտում աջակցություն է տրամադրելու Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին:
Ուկրաինային աջակցություն նախատեսող օրինագիծը գրեթե կես տարի գտնվում էր Ներկայացուցիչների տանը և այժմ այն Սենատում է, ուր մեծամասնությունը դեմոկրատներն են։ Ավելի քան երկու ամիս առաջ ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատը հաստատել էր նմանատիպ մի օրինագիծ, սակայն այժմ պետք է հաստատի ստորին պալատում ընդունվածը, որպեսզի փաստաթուղթը ներկայացվի նախագահ Բայդենի ստորագրությանը։
Նախատեսվում է, որ Սենատում օրինագծի քննարկումը կսկսվի երեքշաբթի և հենց նույն օրն էլ տեղի կունենա նախնական քվեարկությունը։
Նախագահ Ջո Բայդենը նաև ընդգծել է՝ ԱՄՆ աջակցությունը Կիևին կօգնի պահպանել Ուկրաինայի ֆինանսական կայունությունը, ռուսական հարձակումներից հետո վերականգնել երկրի կարևոր ենթակառուցվածքները և աջակցել բարեփոխումներին, մինչ Ուկրաինան ուղղություն է վերցրել դեպի եվրաատլանտյան ինտեգրում:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահագներին ռազմական մեծածավալ օգնության վերսկսման համար։ Նրա խոսքով, այս որոշումը կփրկի հազարավոր կյանքեր։
Բնականաբար, Ներկայացուցիչների տան որոշումը խիստ բացասական արձագանք է ստացել Մոսկվայում։
Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնության վերաբերյալ երկու տեսակետ է ձևավորվել՝ լավատեսական ու հոռետեսական, ասում է Третий сектор վերլուծական կենտրոնի ղեկավար Անդրեյ Զոլոտարևը՝ ներկայացնելով, թե այդ թվում ամերիկյան որոշ փորաձագետներ ու լրատվամիջոցներ թերահավատ են, որ անգամ նման օգնությունը կարող է իրավիճակ փոխել ուկրաինական պատերազմում։
«Նրանց դիրքորոշումն է, թե փաթեթն էապես չի ազդի ռազմաճակատում իրավիճակի վրա։ Լավատեսները, մասնավորապես՝ նախագահ Զելենսկին, պնդում են, որ ամերիկյան օգնությունը նախադրյալներ է ստեղծում ուկրաինական հակահարձակման համար։ Բայց ճիշտ կլինի նախ հասկանանք, թե կոնկրետ ինչ է ներառվելու բազմամիլիարդանոց փաթեթում, ինչ սպառազինություն, զինամթերք»,- «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասում է Զոլոտարևը։
Ըստ Անդրեյ Զոլոտարևի, խոշոր հաշվով, փաթեթի զգալի մասը ձևավորվելու է Պենտագոնի պահուստներից, որոնք կարող են թույլ տալ Ուկրաինայի զինված ուժերն ապահովել այն ամենով, ինչ անհրաժեշտ է։ Ուկրաինական զինուժին այսօր նախևառաջ անհրաժեշտ են հրետանային արկեր և հակաօդային պաշտպանության համակարգեր։ Ռուսական օդուժի կողմից հարվածի ուղղությունը ճշգրտող ռումբերի կիրառումը հենց այն միջոցն էր, որը փոխեց իրավիճակը ռազմաճակատում՝ հօգուտ ռուսական բանակի։ Եթե ուկրաինական կողմը ստանա բավարար քանակությամբ հակաօդային պաշտպանության համակարգեր և հրետանային արկեր, առնվազն կկարողանա կանխել ռուսական զորքերի առաջախաղացումը Դոնեցկի և Լուգանսկի մարզերում, քանի որ այդ հատվածներում, մասնավորապես՝ Դոնեցկ քաղաքից հյուսիս-արևմուտք ու հարավ-արևմուտք գտնվող Չասիվ Յար և Ուգլեդար բնակավայրերի ուղղությամբ են այսօր ծավալվում ռուսական բանակի գրոհները։
Այնպես որ, Կրեմլի խիստ բացասական արձագանքը Ուկրաինային ամերիկյան ռազմական աջակցության փաթեթի հաստատման առնչությամբ պատահական չէ՝ ասում է վերլուծաբանը. «Մոսկվան քաջ գիտակցում է, որ իրենից կպահանջվի լրացուցիչ ծախսեր, նոր մարդկային և նյութական ռեսուրսներ։ Ուկրաինայի զինված ուժերի դիմադրությունը կուժեղանա, նրանց գործողությունների արդյունավետությունը զգալիորեն կաճի, որոշ դեպքերում՝ բազմակի։ Ինչ էլ որ լինի, մի քանի տասնյակ միլիարդները զենք-զինամթերքի համար չեն կարող չազդել ռազմաճակատի վրա։ Ուստի, Կրեմլի պրոպագանդիստները հիմա բոլոր անկյուններից բղավելու են, թե փաթեթը ոչինչ չի փոխի, որ սա վերջին տրանշն է, որը միայն հետաձգում է Ուկրաինայի անխուսափելի կործանումը։ Հասկանալի է, որ սա, բնականաբար, հաճելի նորություն չէ Կրեմլի համար»։
Այդուհանդերձ առկա են որոշակի մտահոգություններ, որ Ուկրաինային օգնության ներկայիս փաթեթը կարող է վերջինը լինել՝ հաշվի առնելով, թե Ներկայացուցիչների տանը ինչպես են դրան կողմ քվեարկել ԱՄՆ Հանրապետական կուսակցության անդամները՝ նշում է Զոլոտարևը։ «Այնուամենայնիվ, փաթեթին իր աջակցությունն է հայտնել Ներկայացուցիչների տան հանրապետականների կեսից պակասը: Սա պետք է ազդանշան լինի Կիևի համար»:
Ուկրաինային օգնություն նախատեսող օրինագիծը Ներկայացուցիչների տանը ընդունվեց 311 կողմ և 112 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Կողմ էին քվեարկել 210 դեմոկրատ և 101 հանրապետական կոնգրեսականներ, դեմ՝ 112 հանրապետական օրենսդիրներ։ Հանրապետականները մեծամասնություն են կազմում Կոնգրեսի ստորին պալատում՝ 219 պատգամնավոր են, դեմոկրատներն ունեն 213 օրենսդիր։
Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնության վերսկսումը, անշուշտ, դրական ազդեցություն կունենա ռազմաճակատի վրա՝ վստահ է Пента քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վլադիմիր Ֆեսենկոն, սակայն իրավիճակը արագ չի փոխվի։
«Նախ, եկեք հստակեցնենք, թե ինչ է առկա 61 միլիարդ դոլար կազմող փաթեթում։ Այն մեկանգամյա մատակարարման համար չէ: Աջակցությունը մասամբ նախատեսված է այս, մասամբ՝ հաջորդ տարվա համար։ Սպառազինությունը կանոնավոր կերպով հոսելու է Պենտագոնի պահեստներից, և [ԱՄՆ պաշտպանության նախարարության] զինանոցը համալրելու համար հատկացվում է ավելի քան 23 միլիարդ [դոլար]։ Սա մի տեսակ պահուստային ֆոնդ է, որից զենքի մատակարարումներ կիրականացվեն այս տարեվերջին և հաջորդ տարի»,- «Ամերիկայի ձայնին» ասում է Ֆեսենկոն։
Նրա խոսքով, այժմ կարևոր է հասկանալ անհապաղ օգնության պարունակությունը. «Սա ուղղակի ռազմական օգնություն է, զենք, որը կմատակարարվի ամենակարճ ժամկետում։ Տարբեր փորձագետներ այն գնահատվում է մոտավորապես 7-8 միլիարդ դոլար, և այդ փաթեթի ներքո արդեն հաջորդ շաբաթ սպասվում են մատակարարումներ։ Դրանք, ամենայն հավանականությամբ, լինելու են հրետանային արկեր, հրթիռներ՝ HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի համար, որոնք խիստ անհրաժեշտ են Ուկրաինային: Ակնհայտ է, որ նախկին մատակարարումների ռեժիմը կվերականգնվի՝ երկու-երեք փաթեթ ու յուրաքանչյուրը մի քանի հարյուր միլիոն դոլար արժողությամբ։ Թե կոնկրետ ինչ է պետք մատակարարել, կորոշվի ուկրաինացի զինվորականների հետ, բայց հիմք ընդունելով [Պենտագոնի պահեստներում] առկա զենք-զինամթերքը: Ուստի, կարծում եմ, մինչև ամառ իրավիճակը [ռազմաճակատում] կարող է կայունանալ»։
Ըստ քաղաքագետի, հենց դա պետք է համարել ամերիկյան աջակցության վերականգնման հիմնական արդյունքը. «Բայց շատ բան կախված կլինի Մոսկվայի գործողություններից։ Եթե, օրինակ, Ռուսաստանը զանգվածային զորահավաք իրականացնի մայիսի վերջին-հունիսի սկզբին, ինչպես կանխատեսում են որոշ փորձագետներ, և նոր զինատեսակներ հասնեն ճակատ, ապա փորձեր լինեն հարձակումներ գործել Խարկովի կամ Դոնբասի ուղղությամբ։ Այդ պարագայում Ուկրաինային անհրաժեշտ կլինի լրացուցիչ սպառազինություն՝ ավելի ժամանակակից ու հզոր»։
Մոսկվայի ընդգծված դժգոհությունը և ռուսաստանցի տարատեսակ պաշտոնյաների երբեմն նյարդային գրառումները հասկանալի են՝ շարունակում է Վլադիմիր Ֆեսենկոն․ «Ռուսաստանն, իրոք, հույս ուներ, որ ամերիկյան ռազմական օգնությունը չի վերականգնվի, և հույս ուներ օգտագործել իր մեծ առավելությունը հիմնականում հրետանու և օդուժի ուղղությամբ՝ աստիճանաբար առաջ շարժվելով ռազմաճակատում և գրավելով Դոնեցկի շրջանի ողջ տարածքը և, հնարավոր է, փորձելով ընդլայնվել Խարկովի մարզում ու, ի վերջո, հարկադրելով Կիևին խաղաղության իր պայմանները: Բացի այդ, դատելով [Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ] Բուդանովի խոսքերից, Կրեմլը ծրագրեր ունի Ուկրաինայում ներքին ճգնաժամ հրահրել։ Հիմա ամերիկյան աջակցության շնորհիվ կտրուկ կնվազի նման ծրագրերի իրականացման հավանականությունը»։
ԱՄՆ Սենատում օրինագծի վերջնական ընդունումը սպասվում է հաջորդ շաբաթ, որից հետո նախագահ Ջո Բայդենը կկարողանա ստորագրել փաստաթուղթը։