Գեներալ-մայոր Ահարոն Հալիվան հրապարակավ ստանձնել է հետախուզության ձախողման պատասխանատվությունը՝ կապված անցած տարվա հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ «Համասի» արյունալի գրոհի հետ: Իսրայելական բանակը հրապարակել են Հալիվայի հրաժարականի դիմումը՝ տեղեկացնելով, որ գեներալ-մայորը թոշակի կանցնի:
«Իմ ղեկավարած հետախուզական ծառայությունը չի կատարել այն առաջադրանքը, որը մեզ վստահվել է: Այդ սև օրը ինձ հետ եմ տանում: Այդ ցավը հավերժ կլինի ինձ հետ»,- դիմումի մեջ գրևել է Հալիվան։
Փաստորեն, նա առաջին բարձրաստիճան իսրայելցի պաշտոնյան է, ով հրաժարական է տվել հոկտեմբերի 7-ի հարձակման պատճառով։
Your browser doesn’t support HTML5
Հայտնի է, որ ի պատասխան «Համասի» գրոհի՝ Իսրայելը ռազմական գործողություններ սկսեց Գազայի հատվածում՝ նպատակ հռչակելով խմբավորման ոչնչացումը, որպեսզի հետագայում նրա զինյալները վերստին չգրոհեն հրեական պետությունը:
Այդ ռազմական գործողությունների հետևանքով Գազայի մեծ մասն այժմ ավերակների է վերածվել։ Ըստ ՄԱԿ-ի, ավելի քան 2 միլիոն բնակչության մոտ երեք քառորդը ստիպված լքել է իր տները:
«Համասի» վերահսկողության ներքո գտնվող Գազայի առողջապահության ծառայության համաձայն, արդեն իսկ զոհվել է ավելի քան 34 հազար պաղեստինցի, որոնց երկու երրորդը կանայք և երեխաներ են:
Այս ամենի ֆոնին՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կրկին սպառնացել է «ցավալի հարվածներ հասցնել «Համասին»»՝ հասնելու Գազայում պահվող պատանդների ազատ արձակմանը։
«Առաջիկա օրերին կուժեղացնենք ռազմական և քաղաքական ճնշումը «Համասի» նկատմամբ, քանի որ դա մեր պատանդներին ազատելու միակ միջոցն է» - ասել է Նեթանյահուն՝ չհայտնելով մանրամասներ։
Իսրայելական բանակը հայտարարել է, թե պատանդներից մի քանիսը, որոնց առևանգվել էին անցած տարվա հոկտեմբերի 7-ին, պահվում են Գազայի հարավային Ռաֆահ քաղաքում:
Նեթանյահուն բազմիցս սպառնացել է ռազմական գործողություններ իրականացնել Ռաֆահի ուղղությամբ՝ չեզոքացնելու այնտեղ թաքնված են «ահաբեկչական խմբավորման անդամներին», թեև միջազգային հանրությունն ու ԱՄՆ-ն շարունակում են զսպվածության կոչեր անել Իսրայելին:
Իսրայելցի զինվորականները կիրակի երեք պաղեստինցու են սպանել Հորդանան գետի արևմտյան ափին՝ որպես պատճառ նշելով, թե պաղեստինցիները հարձակվել են իրենց վրա:
Գազայում շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին՝ իրավիճակն աստիճանաբար սրվում է նաև Հորդանան գետի արևմտյան ափին։
Axios լրատվական կայքի համաձայն, Վաշինգտոնը ծրագրում է պատժամիջոցներ կիրառել իսրայելական «Նեթզահ Յեհուդա» գումարտակի դեմ, որը գործում է օկուպացված՝ Հորդանան գետի արևմտյան ափին:
Ուրբաթ օրը Միացյալ Նահանգները հայտարարեց մի շարք պատժամիջոցների մասին այն կազմակերպությունների դեմ, որոնք ֆինանսավորում են ծայրահեղական իսրայելցի վերաբնակիչների հարձակումները Հորդանան գետի արևմտյան ափին բնակվող պաղեստինցիների դեմ:
Նյութում օգտագործվել են Associated Press-ի, Agence France-Presse-ի և Reuters-ի հրապարակումները: