Մերձավոր Արևելքում գործող ամերիկյան ուժերին ուղղված և Իրաքի տարածքից իրականացված հրթիռային հարվածը առաջինն էր փետրվարի սկզբից ի վեր, երբ Իրանի աջակցությունը վայելող իրաքյան խմբավորումները դադարեցրեցին իրենց հարձակումները տարածաշրջանում տեղակայված ԱՄՆ զորքերի ուղղությամբ:
Հարձակումը տեղի է ունեցել նույն օրը, երբ Իրաքի վարչապետ Մոհամադ Շիա ալ-Սուդանին վերադարձել է ԱՄՆ-ից, ուր Սպիտակ տանը հանդիպել էր նախագահ Ջո Բայդենին:
Իրաքի անվտանգության ուժերի անանուն աղբյուրների փոխանցմամբ, հրթիռներն արձակվել են փոքր բեռնատարի օգնությամբ, որը, սակայն, բռնկվել է՝ չարձակված հրթիռների պայթյունի պատճառով։ Նույն ժամանակ օդում կործանիչներ են եղել։
«Չենք կարող հաստատել, որ բեռնատարը ոչնչացվել է ԱՄՆ ռազմական ինքնաթիռների կողմից, քանի դեռ չենք հետաքննել»,- ասել է Իրաքի անվտանգության ուժերի ներկայացուցիչը։
Վերջինիս խոսքով, տարածքում գտնվող անվտանգության ուժերը սկսել են որոնել հարձակվողներին, սակայն անհաջող:
Հրթիռային այդ գրոհին նախորդել էր շաբաթ օրը Իրաքում՝ ռազմակայաններից մեկում տեղի ունեցած ուժգին պայթյունը, ինչի հետևանքով մեկ հոգի զոհվել էր: