ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ու Իրաքի վարչապետ Մոհամադ Շիա ալ-Սուդանիի հանդիպման օրակարգն, անշուշտ, լի էր բազմաթիվ հարցերով, սակայն նախորդ շաբաթ Իրանի ձեռնարկած հարձակումը Իսրայելի դեմ ամերիկա-իրաքյան բանակցություններում ավելացրեց ևս մեկ կարևոր հարցը՝ մերձավորարևելյան լայնամասշտաբ պատերազմի հեռանկարը։
Թեև Վաշինգտոնը ձախողված է համարում այդ հարձակումը, սակայն Բայդենի հետ հանդիպմանը Իրաքի վարչապետը չթաքցրեց իր մտահոգությունը, թե Իսրայելի ու «Համասի» միջև հակամարտությունը լարվածություն է առաջացրել տարածաշրջանում:
Your browser doesn’t support HTML5
«Իրականում, մեծ է մեր ցանկությունը դադարեցնել այդ պատերազմը, որը խլել է հազարավոր խաղաղ բնակիչների՝ կանանց ու երեխաների կյանքեր: Մենք աջակցում ենք բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված են հակամարտության հանգուցալուծմանը»,- ասել է ալ-Սուդանին։
Վաշինգտոնի ու Բաղդադի ներկայիս հարաբերությունների վրա մեծապես ազդում է այն փաստը, որ Իրաքում առկա է ամերիկյան ռազմական ներկայություն, և Իրաքի հյուսիսում տեղակայված ԱՄՆ հակաօդային պաշտպանության ուժերը գործել են՝ խոցելու համար Իսրայել թռչող իրանական հրթիռներն ու անօդաչուները:
Բայդենն ասել է, որ Իրաքն իր դերն ունի տարածաշրջանում խաղաղության պահպանման գործում. «Մեր գործընկերությունն առանցքային է՝ մեր երկրների, Մերձավոր Արևելքի և, կարծում եմ, աշխարհի համար»:
Երկուշաբթի ավելի վաղ ալ-Սուդանիի տեղակալը հանդիպել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, որի ժամանակ երկուսն էլ տարածաշրջանում իրավիճակի մեղման կոչ են արել։
«Այդ հարձակումը ցույց տվեց, որ Իսրայելը միայնակ չէ իր պաշտպանության հարցում, երբ բախվում է ագրեսիայի: [Իրանական հարձակումից] հետո՝ 36 ժամվա ընթացքում դիվանագիտական աշխատանք էինք տանում՝ կանխելու հետագա սրացումը»,- ասել է Բլինքենը:
Իրաքի փոխվարչապետը նշել է. «Բոլոր կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և հարգել միջազգային նորմերը: Այսպիսի հանդիպումներն արդյունավետ
աշխատելու հիմքեր են ստեղծում մեզ համար, որպեսզի երկկողմ հարաբերությունները զարգացում ապրեն»:
Վաշինգտոնյան այս հանդիպումների արդյունքում որևէ լուրջ՝ երկկողմանի պայմանավորվածության մասին չի հայտարարվել, սակայն դիտորդների ներկայացմամբ, տարածաշրջանային գործերում Իրաքի դերակատարությունը կարևոր է:
ԱՄՆ մայրաքաաղքում գործող Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Դենիել Բայմանն ասում է․ «Իրաքը պետք է հստակ արտահայտի իր դիրքորոշումը վերջին սրացման առնչությամբ: Պետք է խոսի ոչ միայն իրանցիների, այև արաբական պետությունների ու Միացյալ Նահանգների հետ, որ նման լարվածությունը բացասական նշանակություն ունի և որ բոլորը պետք է պատասխանատու քայլեր ձեռնարկեն՝ փորձելով նվազեցնել սրացումը»:
Մինչ Իսրայելում չեն բացառում պատասխան հարվածը, տարածաշրջանային երկրները ձեքերը ծալած չեն նստում: Երկուշաբթի Իրաքի նախագահը հանդիպել է Հորդանանի թագավորին, և բանակցությունների օրակարգում տարածաշրջանում սրվող իրավիճակն է։