Իսրայելը ցուցադրեց ուշագրավ կարողություն՝ պաշտպանվելու աննախադեպ հարձակումներից. ԱՄՆ նախագահ Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել հայտարարությամբ Իսրայել պետության դեմ Իրանի հարձակումների վերաբերյա: Իր հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Այսօր ավելի վաղ Իրանը և նրա փրոքսիները [աջակից ուժեր], որոնք գործում են Եմենից, Սիրիայից և Իրաքից, աննախադեպ օդային հարձակում են իրականացրել Իսրայելի ռազմական օբյեկտների վրա: Խստագույն կերպով դատապարտում եմ այս հարձակումները։

Իմ ցուցումով, Իսրայելի պաշտպանությանն աջակցելու համար, ԱՄՆ զինվորականները վերջին շաբաթվա ընթացքում տարածաշրջան տեղափոխեցին ինքնաթիռներ և բալիստիկ հրթիռային համակարգերից պաշտպանող նավեր: Այս տեղակայումների և մեր զինծառայողների արտասովոր հմտության շնորհիվ մենք օգնեցինք Իսրայելին ոչնչացնել արձակված գրեթե բոլոր անօդաչուներն ու հրթիռները:

Ես հենց նոր խոսեցի վարչապետ Նեթանյահուի հետ՝ վերահաստատելու համար Ամերիկայի «երկաթյա» հանձնառությունը Իսրայելի անվտանգությանը։ Ես ասացի նրան, որ Իսրայելը ցուցադրեց ուշագրավ կարողություն՝ պաշտպանվելու աննախադեպ հարձակումներից և ձախողելու դրանք՝ հստակ ուղերձ հղելով իր թշնամիներին, որ նրանք չեն կարող արդյունավետորեն սպառնալ Իսրայելի անվտանգությանը:

Վաղը ես կհրավիրեմ G7-ի իմ գործընկեր առաջնորդներին՝ Իրանի լկտի հարձակմանը միասնական դիվանագիտական պատասխանը համակարգելու համար։ Իմ թիմը համագործակցելու է տարածաշրջանի գործընկերների հետ: Եվ մենք սերտ կապի մեջ կմնանք Իսրայելի առաջնորդների հետ։ Չնայած մենք այսօր չենք արձանագրել հարձակումներ մեր ուժերի կամ օբյեկտների վրա, մենք զգոն ենք մնալու բոլոր սպառնալիքների հանդեպ և չենք վարանի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ գործողությունները մեր ժողովրդին պաշտպանելու համար»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Բայդենը: