Իսրայելն ԱՄՆ ու դաշնակիցների ճնշման ներքո է՝ Գազայում հրադադարի հաստատման հարցում

Իսրայելի վարչապետի խոսքով, պետք չէ սպասել որ առաջիկայում Գազայում հրադադար կհաստատվի։ Հրեական պետության դեմ անցած տարվա արյունալի հարձակումեից անցել է ավելի քան կես տարի։ Զուգահեռաբար՝ մեծանում է միջազգային ճնշումը Իսրայելի նկատմամբ․ պատճառը Գազայի հատվածում զոհվող մարդկանց աճող թիվն է:

Թել Ավիբում բողոքի ակցիան ընդմիջվել է արյունալի միջադեպով․ արագըթնաց մեքենան անցել է ցուցարարների միջով՝ վրաերթի ենթարկելով մարդկանց։ Վիրավորվել են բազմաթիվ մարդիկ: Ցուցարարները կոչ էին անում Իսրայելի կառավարությանը՝ «Համասի» հետ համաձայնության գալ պատանդների ազատման շուրջ:

Թել Ավիվում չեն դադարում բողոքի ակցիաները․ հազարավոր մարդիկ կրկին դուրս գալիս փողոցներ՝ բողոքելու Բենյամին Նեթանյահուի կառավարության դեմ և կոչ անելով արտահերթ ընտրություններ անցկացնել՝ անցած տարվա հոկտեմբերի 7-ին գերեվարված պատանդների ազատ արձակմանը հասնելու իշխանությունների անկարողության պատճառով:

Ավելի քան կես տարի առաջ էր, երբ «Համաս» խմբավորման զինյալները գրոհեցին Իսրայելը՝ սպանելով մոտ 1 200 մարդու և պատանդ վերցնելով շուրջ 240-ին:

Your browser doesn’t support HTML5

Վաշինգտոնն ու իր դաշնակիցները ճնշում են Իսրայելին՝ Գազայում հրադադարի հաստատման հարցում

Հիշեցնենք, ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան ու բազմաթիվ այլ երկրներ «Համասը» ճանաչել են ահաբեկչական կազմակերպություն։

Ի պատասխան՝ Իսրայելը ռազմական գործողություններ սկսեց Գազայի հատվածում՝ նպատակ հռչակելով «արմատախիլ անել» «Համասը», որի վերահսկողության ներքո գտնվող Գազայի առողջապահության նախարարության տվյալներով, նախորդ կես տարում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 33 հազար պաղեստինցի, վիրավորվել՝ 75 հազարը։

Իսրայելի օդային հարձակումների հետևանքով հողին են հավասարեցվել Գազայի քաղաքացիական ենթակառուցվածքների մեծ մասը՝ ստեղծելով հումանիտար լուրջ ճգնաժամ: Իսրայելը հերքում է մեղադրանքները, թե իր գործողությունները ռազմական հանցագործություններ են։

Մյուս կողմից, հատկապես նախորդ շրջանում ՄԱԿ-ը չի դադարում նախազգուշացնել, որ Գազայի հատվածին սով է սպառնում:

Այս ամենի ֆոնին՝ անցած շաբաթն ավարտվեց միջազգային աղմկահարույց և արյունալի միջադեպով՝ Իսրայելի ռազմաուժի հարվածի հետևանքով սպանվեցին World Central Kitchen մարդասիրական կազմակերպության ներկայացուցիչները, չնայած խումբը նախապես տեղյակ էր պահել իսրայելական կողմին իր երթևեկությունների մասին:

Արձագանքելով՝ մարդասիրական կազմակերպության հիմնադիր Խոսե Անդրեսն որոշեց դադարեցնել օգնության առաքումը Գազայի հատված՝ նաև կոչ անելով իսրայելական կողմին ավելին անել՝ ռազմական գործողությունների գոտում խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար:

«Դուք կարող եք լինել Իսրայելի բարեկամը, և միևնույն ժամանակ կարող եք ասել [նրանց], որ դուք չեք կարող նման կերպ պատերազմել: Չեք կարող քանդել յուրաքանչյուր շենք, յուրաքանչյուր հիվանդանոց, յուրաքանչյուր դպրոց, յուրաքանչյուր համալսարան: Չեք կարող տասնամյակներ շարունակ ոչնչացնել ավելի քան 2 միլիոն պաղեստինցիների ապագան, և այդ ընթացքում նրանց թողնել սոված, առանց ջրի, կամ գնդակահարել փողոցի մեջտեղում նրանց, ովքեր փորձում են սնունդ հայթայթել»,- հայտարարել է World Central Kitchen-ի հիմնադիր Խոսե Անդրեսը:

World Central Kitchen-ն ու բազամթիվ երկրներ կոչ են արել անհապաղ և անկախ հետաքննություն սկսել միջադեպի առնրությամբ:

Տեղի ունեցածի առնչությամբ իսրայելական կողմը պաշտոնանկ է արել երկու սպայի։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հարվածն անվանել է «ողբերգական», թեև, հայտնի է, որ նա շարունակում է անտեսել զինադադար հաստատելու միջազգային հանրության կոչերը՝ պնդելով, թե նախ՝ «Համասը» պետք է ազատ արձակի բոլոր պատանդներին:

World Central Kitchen-ի ներկայացուցիչների սպանությունից հետո հայտարարությամբ է հանդես եկել Սպիտակ տունը, որ եթե Իսրայելը չփոխի Գազայի հատվածում իր ռազմական գործողությունների բնույթը, ԱՄՆ-ը կփոխի իր քաղաքականությունը Իսրայելի նկատմամբ:

«Իսրայելի պաշտպանության բանակի կողմից Գազայում իրականացվող գործողություններն որոշակի փոփոխության պետք է ենթարկվեն, որպեսզի համոզված լինենք, որ նման դեպք այլևս չի կրկնվի»,- ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին:

Ինչևէ․ մերձավորաևելյան արյունալի հակամարտության մեկնարկից կես տարի անց էլ զինադադարի, պատանդների ազատ արձակման կամ հաշտության որևէ նախադրյալներ կամ ծրագրեր սեղանին առկա չեն: