Սպիտակ տունը երեքշաբթի «անկեղծ և կառուցողական» է անվանել ԱՄՆ ու Չինաստանի նախագահներ Ջո Բայդենի և Սի Ծինփինի հեռախոսազրույցը, որը երկու ղեկավարների առաջին ուղղակի շփումն էր անցած տարվա նոյեմբերին Սան Ֆրանցիսկոյում կայացած հանդիպումից ի վեր։
Ըստ հաղորդագրության, կողմերն անդրադարձել են մի շարք հարցերի, որոնք քննարկվել էին դեռ նոյեմբերին, ներառյալ՝ թմրամիջոցների դեմ պայքարում համատեղ ջանքերը, ռազմական գերատեսչությունների միջև հաղորդակցությունը և արհեստական բանականության հետ կապված ռիսկերը:
«Կարծում ենք, որ առաջնորդների մակարդակով կանոնավոր հաղորդակցությունը անփոխարինելի է՝ բարդ և հաճախ լարված երկկողմ հարաբերությունները արդյունավետ կառավարելու համար: Երկու նախագահները պայմանավորվել են անհրաժեշտության դեպքում [նոր] հեռախոսազրույց ունենալ»,- ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին:
Your browser doesn’t support HTML5
Չինաստանի նախագահի անունից տարածված հայտարարության մեջ ասված է, որ երկու առաջնորդների համոզմամբ, «հեռախոսազրույցը անկեղծ էր ու կառուցողական»: Չինական կողմը, սակայն, ընդգծել է, որ տարաձայնությունները պահպանվում են, մասնավորապես՝ Թայվանի կարգավիճակի շուրջ։ Չինաստանն, ինչպես հայտնի է, կղզին համարում է իր անքակտելի մասը:
«Չինաստան-ԱՄՆ հարաբերությունները սկսում են կայունանալ, ինչը ողջունում են թե՛ [երկու երկրների] հասարակությունները, թե՛ միջազգային հանրությունը։ Մյուս կողմից, հարաբերությունների վրա ազդող բացասական գործոնները նույնպես աճում են, և սա ուշադրություն է պահանջում երկու կողմից»,- հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։
Սպիտակ տունը հայտնել է, որ նախագահ Ջո Բայդենը կրկնել է նախկինում հնչեցրած մտահոգությունները՝ կապված ամերիկյան առաջիկա ընտրություններին Չինաստանի հնարավոր միջամտության հետ: Ուշագրավ է, որ Ծինփինը չի անդրադարձել այս թեմային՝ հեռախոսազանգի մասին իր հայտարարությունում։
«Հետևողական ենք մեր մտահոգությունները ներկայացնելու գործում, ներառյալ՝ [անցած տարվա] նոյեմբերին Կալիֆոռնիայում կայացած հանդիպման ժամանակ, որոնք վերաբերում են մեր ընտրությունների անվտանգությանը և որոշակի դերակատարների, այդ թվում՝ Չինաստանի կողմից դրանց վրա ազդելու հարցին»,- ասել է Քիրբին:
Անցած ամիս բրիտանական խորհրդարանը քվեարկեց պատժամիջոցներ սահմանել հաքերային գործողությունների առնչությամբ, որոնք ձեռնարկվել են Միացյալ Թագավորության ընտրական հանձնաժողովի և խորհրդարանի նկատմամբ։ Ըստ հաղորդագրությունների, հաքերային այդ հարձակումների հետևում Պեկինն է։ Ավելի վաղ՝ ԱՄՆ հետախուզությունը զգուշացրել էր, որ չինացի հաքերները պատրաստվում են հարձակում գործել Միացյալ Նահանգների ենթակառուցվածքների դեմ:
Դիտորդները խոսում են Չինաստանի կառավարոսւթյան աջակցությունը վայելող համացանցային մի նախաձեռնության՝ Spamouflage-ի մասին, որը սոցհարթակների միջոցով տարածում էր Պեկինի շահերից բխող տեսակետներ:
«Ընտրություններին միջամտելու անթույլատրելիության վերաբերյալ հստակ և հետևողական հաղորդակցություն պետք է լինի: Նկատի չունեմ միայն քվեարկության համակարգերը «կոտրելը», որն ընտրություններին միջամտելու ուղիղ ձևերից մեկն է: Նաև նկատի ունեմ հանրային կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելը, ինչը տեսել ենք անցյալում և որը կապվում էր Չինաստանի հետ»,- ասում է Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի ներկայացուցիչ Մաքս Լեսերը:
Սպիտակ տունը չի մանրամասնել, թե երբ է նախատեսված երկու երկրների ղեկավարների հաջորդ զրույցը, սակայն Սի Ծինփինի հայտարարության մեջ նկատում ենք, որ Չինաստանա նախագահն ողջունել է այս շաբաթ կայանալիք ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենի այցը Պեկին: