Միացյալ Նահանգների հատուկ բանագնացի տեղակալը Երևան կատարած իր այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանի, Ազգային անվտանգության խորհրդի, Կենտրոնական բանկի և Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչների հետ:
X հարթակի էջում կատարած գրառման մեջ նա նշում է. «Երևանում բովանդակալից հանդիպումներ ունեցա Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանի, Ազգային անվտանգության խորհրդի, Կենտրոնական բանկի և Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ քննարկելով Իրանի, սահմանների անվտանգության, պատժամիջոցների կիրառման և Հայաստանի տնտեսական և արտաքին քաղաքական դիվերսիֆիկացման վերաբերյալ հարցեր»:
Թբիլիսիում ԱՄՆ հատուկ բանագնացի տեղակալը հանդիպել է արտաքին գործերի փոխնախարարի, Վրաստանի Ազգային բանկի և մասնավոր հատվածի հետ, նշված է իր X հարթակկի էջում: Նա գրել է. «Արդյունավետ հանդիպումներ ունեցա Թբիլիսիում արտաքին գործերի փոխնախարարի, Վրաստանի Ազգային բանկի և մասնավոր հատվածի հետ Իրանի, մարդու իրավունքների և պատժամիջոցների շարունակական կիրառման կարևորության վերաբերյալ»:
Բաքվում ամերիկացի պաշտոնյան հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի, փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովի, Իրանում Ադրբեջանի դեսպանի, և բանկային ոլորտի ներկայացուցիչների հետ։
Իր գրառման մեջ նա հայտնել է. «Արդյունավետ քննարկումներ եմ ունեցել Բաքվում Հիքմեթ Հաջիևի, փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովի, Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադայի և բանկային ոլորտի ներկայացուցիչների հետ Իրանի, պատժամիջոցների կիրառման և տարածաշրջանի մասին»:
Բացի այդ, Ադրբեջան կատարած իր այցի ընթացքում X հարթակում կատարած իր գրառման համաձայն Աբրամ Փեյլին հանդիպում է ունեցել Ադրբեջանում Իսրայելի դեսպանի հետ:
Գրառման մեջ մասնավորապես նշված է. «Բաքվում հիանալի քննարկում ունեցա Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքի հետ մեր սերտ համակարգման շուրջ՝ միտված լուծելու տարածաշրջանում իրանական վարչակարգի ապակայունացնող վարքագծի վերաբերյալ մտահոգությունները: Անչափ ուրախալի է լսել Ադրբեջանի հետ Իսրայելի պատմական և մշակութային կապերի մասին»,- նշված է Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի տեղակալի գրառման մեջ: