Կշարունակենք Հայաստանի և Ադրբեջանի համար հստակեցնել, որ էսկալացիան ոչ մեկին ձեռնտու չէ, երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը: Միացյալ Նահանգները զգուշացնում է և շարունակելու է զգուշացնել, որ Երևանի և Բաքվի միջև հռետորաբանության սրում կամ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռազմական գործողություններ չլինեն։
Լրագրողի խնդրանքով անդրադառնալով վերջին օրերին Ադրբեջանի կողմից առաջ մղվող՝ իբր հայկական կողմից էսկալացիային ուղղված ջանքերի վերաբերյալ պնդումներին, Միլլերն ընդգծել է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը նման բան չի արձանագրել սահմանին:
«Մենք շաբաթվա վերջում տեսանք Ադրբեջանի կառավարության հայտարարությունը: Նշեմ, որ ԵՄ դիտորդական առաքելությունը երեկ հայտարարեց, որ չնայած այդ հայտարարություններին՝ հայ-ադրբեջանական սահմանին հանդարտ և հանգիստ է եղել, զորքերի և հրետանու արտասովոր տեղաշարժեր չկան»:
Միլլերը հավելել է, որ ԱՄՆ-ը շարունակում է խրախուսել տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղության պայմանների ստեղծումը, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները։
«Մենք զգուշացնում ենք և կշարունակենք զգուշացնել զերծ մնալ սրվող հռետորաբանությունից կամ սահմանի երկայնքով ռազմական գործողություններից: Մենք շարունակում ենք խրախուսել տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղության պայմանների ստեղծումը, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները։ Կայուն խաղաղություն ապահովելու միակ ճանապարհը բանակցությունների սեղանն է», - նշել է Միլլերը:
Անդրադառնալով Բրյուսելում ապրիլի 5-ին նախատեսված Բլինքեն -Փաշինյան -ֆոն դեր Լեյեն հանդիպմանը, պետքարտուղարության խոսնակը կրկին հիշեցրել է, որ այն Հայաստանի բարեփոխումների և ժողովրդավարության, տնտեսության մասին է և խաղաղ գործընթացն այս հանդիպման օրակարգում չէ:
«Սա հանդիպում է ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Հայաստանի միջև՝ քննարկելու տնտեսական դիվերսիֆիկացումը, մարդասիրական օգնությունը, փախստականներին աջակցելը և աջակցել Հայաստանի քաղաքական բարեփոխումներին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը: Դա տարածաշրջանային ուղղվածություն ունեցող հանդիպում չէ», - ընդգծել է նա։