Մատչելի հղումներ

 
Չենք կարող Ռուսաստանին դիտարկել որպես վստահելի ու բարեխիղճ դաշնակից կամ գործընկեր Հարավային Կովկասում կամ այլուր. պետքարտուղարություն

Չենք կարող Ռուսաստանին դիտարկել որպես վստահելի ու բարեխիղճ դաշնակից կամ գործընկեր Հարավային Կովկասում կամ այլուր. պետքարտուղարություն


ՀՀ-ԱՄՆ պետական դրոշներ
ՀՀ-ԱՄՆ պետական դրոշներ

Ամերիկյան «RAND» կենտրոնը հրապարակել է «ԱՄՆ-ն չի կարող երաշխավորել Հայաստանի անվտանգությունը՝ չնայած Ադրբեջանի սպառնալիքներին, բայց կարող է օգնել» վերնագրով մի վերլուծություն: Պետքարտուղարությունն արձագանքել է նյութին, իսկ վերլուծաբանները քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբեությունները անվտանգային ոլորտում

Հայաստանի արտաքին քաղաքականությունը ենթարկվում է լուրջ ցնցումների՝ առերեսվելով հարևան Ադրբեջանի թշնամական մոտեցմանն ու Հայաստանի դաշնակից Ռուսաստանի անպատասխանատու վարքագծին՝ ասված է ամերիկյան հեղինակավոր «RAND» կորպորացիայի հրապարակած վերլուծության մեջ:

Կարդում ենք․ «Նման աշխարհաքաղաքական տեղաշարժի պայմաններում Վաշինգտոնը կարող է գայթակղվել ու միջամտել՝ ձգտելով խաղալ այն դերը, որը Ռուսաստանը չկարողացավ կատարել»:

Այս համատեքստում, սակայն, վերլուծության հեղինաները բարձրաձայնում են մի շարք մտահոգությունների ու սահմանափաումների մասին՝ կապված Վաշինգտոնի դերակատարության հետ:

«Ցանկացել ենք արտացոլել այն փաստը, որ առկա են որոշակի սահմանափակումներ այն դերի հետ կապված, որը Միացյալ Նահանգները կարող է ստանձնել: Այդ տարածաշրջանում ԱՄՆ-ն պատմական գործընկեր և խաղացող չէ»,- «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությանը տված հարցազրույցում ասում է հրապարաման համահեղինակ Փոլ Քորմերին:


«ԱՄՆ-ը չի կարող երաշխավորել Հայաստանի անվտանգությունը՝ չնայած Ադրբեջանի սպառնալիքներին, բայց կարող է օգնել» վերնագրով այս հրապարակման մեջ ասված է, որ «անսասան աջակցության փոխարեն Միացյալ Նահանգները պետք է ավելի զգույշ ռազմավարություն վարի՝ թե՛ իր, թե՛ Հայաստանի շահերից ելնելով։ Այն պետք է Հայաստանին ապահովի իրեն պաշտպանելու հնարավորություններով՝ միաժամանակ հստակ ակնկալիքներ ուրվագծելով իր պարտավորությունների սահմանների վերաբերյալ:

«Անհրաժեշտ է ի շահ ԱՄՆ-ի, Հայաստանի ու տարածաշրջանի հստակեցնել այդ սահմանափակումները՝ ներգրավված որևէ կողմին զերծ պահելու համար թյուըմբռնումներից կամ սխալ հաշվարկից»,- պնդում է հրապարակման մյուս հեղինակ Ջո Հաբերմանը՝ «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում:

Չնայած Հայաստանի իշխանությունների հայտարած դիֆերսիֆիկացիային՝ անվտանգության ու արտաքին քաղաքականության ոլորտներում, հրապարակման հեղինակները նկատում են՝ Երևանը շարունակում է զգալիորեն կախված մնալ Մոսկվայից և չի կարող մեկ քայլով վերացնել այդ:

«Հայաստանը այն իրավիճակում չէ, որպեսզի ամբողջապես խզի Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ հաշվի առնելով այն կախվածությունը, որ Հայաստանն ունի Ռուսաստանից, ներառյալ՝ ռուսական տնտեսությունից, էներգետիկ ոլորտից, ռազմական ներկայությունից: Ռուսաստանը շարունակում է զգալի ռազմական ներկայություն ունենալ Հայաստանում, իսկ երկրի անվտանգային և պաշտպանական ենթակառուցվածքները կախված են Ռուսաստանից»,- պնդում է Հաբերմանը:

Այս կախվածությունը, ըստ վերլուծաբաների, կարող է մտահոգությունների տեղիք տալ արևմտյան շրջանակներում, հատկապես՝ սպառազինության փոխանցման համատեքստում:

«Մենք չենք կարող ունենալ Ռուսաստանից կախված հարաբերություններ այն իմաստով, որ չենք կարող տրամադրել ռազմական համակարգեր, որոնք կարող են ի վերջո հայտնվել Ռուսաստանի ձեռքում»,- ասում է Փոլ Քորմերին:

Վերլուծաբանների կարծիքով՝ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ ՆԱՏՕ-ն, ո՛չ էլ Ֆրանսիան ի վիճակի չեն այսօր Երևանին տրամադրել ՆԱՏՕ-ի կանոնադրության հինգերորդ կետին համապատասխան անվտանգային երաշխիք, սակայն դա չի նշանակում, թե Արևմուտքի հետ անվտանգային հարաբերություների խորացման հնարավորություն առկա չէ:

Հրապարակումը եզրակացնում է՝ Երևանը բարդ տնտեսական, սոցիալական և ռազմավարական հարաբերություններ ունի իր հարևանների, այդ թվում՝ Ռուսաստանի և Իրանի հետ, և անմտություն կլինի ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ, որպեսզի այն հարկադրված ընտրություն կատարի: Արևմուտքը պետք է ընդունի Երևանի նման վիճակը և կենտրոնանա այն ոլորտների վրա, ուր համեմատաբար կարող է և ցանկանում է խորացնել կապերը՝ նպաստելով կայունությանը՝ ասված է «RAND»-ի հրապարակման մեջ:

Պատասխանելով «RAND»-ի հրապարակման մեջ տեղ գտած դրույթների մասին «Ամերիկայի ձայնի» հարցմանը` ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել է. «Միացյալ Նահանգները աջակցում է Հարավային Կովկասի բոլոր երկրների շարունակական ժողովրդավարական զարգացմանը, ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։ Այն ողջ տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականության հիմնական սկզբունքն է, և հենց այդ նպատակով է, որ ընդլայնում ենք [մեր] ներգրավվածությունը Հայաստանի հետ լայն շրջանակով հարաբերություններում»:

Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունը ողջունել է «ցանկացած բարեխիղճ ներգրավվածություն, որը խաղաղություն և կայունություն է բերում Հարավային Կովկասի ազգերին»՝ հավելելով. «Ականատես ենք եղել Ռուսաստանի շարունակվող, ավերիչ ագրեսիային Ուկրաինայի դեմ, Վրաստանի ինքնիշխան տարածքի շարունակական բռնազավթմանը և տարածաշրջանում ու ողջ աշխարհում ապակայունացնող գործողություններին: Ուստի, չենք կարող Ռուսաստանին դիտարկել որպես վստահելի կամ բարեխիղճ դաշնակից կամ գործընկեր Հարավային Կովկասում կամ այլուր»:

Անդրադառնալով նաև Իրանին՝ պետքարտուղարությունն ընդգծել է. «Մենք հետևողականորեն խրախուսել ենք այս տարածաշրջանի [Հարավային Կովկասի] երկրներին համապարփակ գնահատել Իրանի մտադրությունները և զգուշությամբ շարունակել իրանական ռեժիմի հետ կապված բոլոր գործարքները»:

«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում «Ատլանտյան խորհրդի» վերլուծաբան Ջոն Հերբսթը կարծիք է հայտնել, թե դժվար է այսօր անվտանգային երաշխիք տրամադրել Երևանին․ «Ներկայում Հայաստանի համար չկա անվտանգային երաշխիք, ինչպես որ, ցավոք, այն այսօր բացակայում է Ուկրաինայի համար, չնայած Մոսկվան իրականացնում է ոչ միայն ագրեսիվ [քաղաքականություն], այլ վարում է պատերազմական հանցագործություններով լի ռազմական գործողություններ»:

Նրա խոսքով, Մոսկվան ցանկանում է ապակայունացնել տարածաշրջանը, սակայն այսօր չունի այդ կարողությունները՝ Ուկրաինայում շարունակվող իր նախաձեռձնած պատերազմի պատճառով․ «Եթե Մոսկվան ի վերջո պարտվի այս պատերազմում, որին ես հավատացած եմ, ու եթե ամերիկյան քաղաքականությունն ուժեղանա, ապա այն նույնպես կարող է հանգեցնել իրական կայունությանը Հարավային Կովկասում՝ անկախ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններում առկա դժվարություններից»:

Իր հերթին՝ ամերիկացի մեկ այլ նախկին բարձրաստիճան դիվանագետ Ֆիլիպ Ռիքերը կարևորում է Միացյալ Նահանգների ակտիվ ներգրավվածությունը՝ տարածաշրջանում կայունությանը և խաղաղությանը հասնելու համար՝ ընդգծելով, թե ԱՄՆ-ն բաց է Հայաստանի հետ ամուր հարաբերություններ զարգացնելու համար: Ըստ պետքարտուղարի տեղակալի նախկին պաշտոնակատարի, Վաշինգտոնն ու Երևանը ունեն չափազանց լավ դիվանագիտական հարաբերություններ:

«Կարևոր է ոչ միայն արտաքին քաղաքական երկարաժամկետ ծրագրերի կազմումը, այլ նաև իրականացումը, որոնց մեջ առանցքային տեղ է զբաղեցնում խաղաղության գործընթացը։ Կարծում եմ, այն կենսական նշանակություն ունի. տարածաշրջանի ժողովուրդները հոգնել են [հակամարտություններից] և պատրաստ են խաղաղություն հաստատել, որպեսզի կարողանան կենտրոնանալ այլ հարցերի վրա»,- նշում է Ռիքերը:

Ֆիլիպ Ռիքերն ընդգծում է՝ Հայաստանն ինքը պետք է որոշի իր արտաքին քաղաքական ուղեգիծը:

«Գլխավորն այն է, որ Հայաստանը ինքը պետք է ընտրություն կատարի իր արտաքին քաղաքականության հարցերում։ Ինքը որոշի, թե ինչպես է վերաբերվում այլ երկրների: Պարտադիր չէ, որ մեկի հետ հարաբերությունները բացառեն ուրիշի հետ կապը: Սա մի իրավիճակ չէ, երբ ամբողջը պետք է շահես, կամ ամեն ինչ կորցնես: Ցավոք, պարոն Պուտինը այլ կերպ է նայում խնդրին, և դա հանգեցրեց սարսափելի ավերածությունների և մարդկային կորուստների»,- ասում է Ռիքերը:

Ռիքերը շեշտում է՝ ժողովրդավարության ուղին բռնած այսօրվա Հայաստանի իշխանությունները արձագանքում են հայաստանցիների ցանկություններին, իսկ Միացյալ Նահանգները պատրաստ է լինել Հայաստանի բարեկամն ու աջակիցը, ինչպես եղել է մշտապես՝ շարունակելով կառուցել Հայաստանի հետ հարաբերությունները։

XS
SM
MD
LG