ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրել է անցյալ շաբաթ Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ, որի հետևանքով զոհվել էր 143 մարդ։
Պետքարտուղարությունը հայտարարել է, որ Մոսկվան օգտագործում է ողբերգությունը՝ արդարացնելու Ուկրաինայի դեմ ագրեսիան։
«Կարծում եմ, որ Ռուսաստանի կառավարությունը քարոզչություն և ապատեղեկատվություն է տարածում», - լրագրողներին ասել է պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:
«Կարծում եմ՝ շատ պարզ է, որ նրանք փորձում են օգտագործել այս ահաբեկչությունը, այս ողբերգական այս միջադեպը, որում, ցավոք, զոհվեցին Ռուսաստանի քաղաքացիներ՝ արդարացնելու իրենց ագրեսիան Ուկրաինայում», - շարունակեց Միլլերը:
«Երբ հիմնական փաստերն անտեսվում են, ապա հորինվում են մտացածին փաստեր՝ աջակցելու այն, ինչ ցանկանում են անել», - ասել է խոսնակը: «Նրանք դա անում են այս պատերազմի սկզբից, և, ցավոք, դա այն է, ինչ շարունակում են անել»: