Մատչելի հղումներ

Մոսկվայի «Crocus City Hall» համերգասրահում հնչել են կրակոցներ, կան տասնյակ զոհեր


Մերձմոսկովյան «Crocus City Hall» համերգասրահի մոտ
Մերձմոսկովյան «Crocus City Hall» համերգասրահի մոտ

Մերձմոսկովյան «Crocus City Hall» համերգասրահում՝ «Пикник» խմբի համերգից առաջ տեղի ուենցած հրաձգության հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներ՝ հաղորդում են ռուսաստանյան «Telegram»-յան ալիքները։

Ի սկզբանե՝ «Baza» «Telegram»-յան ալիքի հաղորդմամբ, կրակ է բացել մի տղամարդ և զոհվել են 12 հոգի։ Այնուհետև՝ զոհերի թիվը հասել է 35-ի։

Ավելի ուշ «Ազատություն» ռադիոկայանը, վկայակոչելով «112» «Telegram»-յան ալիքը, որը մասնագիտացած է նման կարգի լրատվության ներկայացմամբ, գրեց 40 զոհի և ավելի քան 100 վիրավորների մասին:

Սպասվում է, որ զոհերի թիվը կաճի։

Հաղորդվում է նաև, որ ծագած հրդեհի հետևանքով տասնյակ մարդիկ չեն կարողանում լքել համերգասրահը։

Ուրբաթ կայացած ճեպազրույցում ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին անդրադարձավ տեղի ունեցածին․ «Բոլորս տեսել ենք Մոսկվայից ստացված հաղորդագրություններն ու տեսանյութերը։ Սարսափելի կրակոցներ են հնչել առևտրի կենտրոնում։ Մանրամասներ չեմ կարող բարձրաձայնել, քանի որ ամեն ինչ տեղի է ունենում հենց այն ժամանակ, երբ խոսում եմ այստեղ։ Փորձում ենք լրացուցիչ տեղեկություններ քաղել, և ես կսպասեի Ռուսաստանի իշխանությունների հայտարարություններին։ Շրջանառվող պատկերները սարսափելի են։ Դժվար է այն դիտել: Մտովի այդ սարսափելի հարձակման զոհերի հետ ենք»։

Հիշեցնենք, այս մարտի 19-ին՝ ռուսաստանյան նախագահական «ընտրություններից» երկու օր անց, Վլադիմիր Պուտինը հրաժարվել էր լուրջ ընդունել ամերիկացի դիվանագետների նախազգուշացումները՝ Մոսկվայի մարդաշատ վայրերում ահաբեկչության հնարավորության մասին։ Ռուսաստանի նախագահը այդ նախազգուշացումներն անվանել էր «բացահայտ շանտաժ» Արևմուտքի կողմից, որոնք նպատակ ունեն «վախեցնել և ապակայունացնել մեր հասարակությունը»։

Ավելի վաղ՝ այս մարտի 8-ին, Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել էր Միացյալ Նահանգների քաղաքացիներին հետագա 48 ժամերին ռուսաստանյան բնակավայրերի մարդաշատ վայրերում ծայրահեղականների գործողությունների հնարավորության մասին։

«Նստած էինք։ Հետո կրակոցներ լսեցինք։ Սկսեցինք իջնել։ Հասկացանք, որ ներքևում էլ են կրակում։ Կրակում էին բոլոր կողմերից։ Պառկեցինք [հատակին]։ Հետո նկատեցինք, որ մարդիկ մի կերպ վազում էին շարժասանդուղքով: Վազեցինք նրանց հետևից։ Այնտեղ մահացած պառկած էր մեկ աղջիկ»,- ականատեսի խոսքերն է փախանցում «Осторожно, новости» «Telegram»-յան ալիքը։

Ռուսաստանյան պետական «Тасс» լրատվական գործակալությունը գրում է, թե որոշ ժամանակ անց մարդկանց սկսել են տարհանել։ Ականատեսները հայտնել են «Crocus City Hall»-ում տեղի ունեցած պայթյունի մասին: «Пикник» խմբի երաժիշտները չեն տուժել։ Պայթյունի մասին է գրում նաև «RusNews»-ը՝ հավելելով, թե հրդեհի պատճառով ակումբի տանիքը սկսել է փլվել։ Ըստ «Baza»-ի, ավելի քան 100 մարդ մնացել է փակված ակումբի տարածքում։

Մոսկվայի ոստիկանության հատուկ նշանակության ուժերը շտապ մեկնել են դեպքի վայր, ուր շտապել է նաև Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը՝ «Telegram»-յան իր ալիքում գրելով, «Ստեղծվել է օպերատիվ շտաբ։ Մանրամասները՝ ավելի ուշ»։

Միջադեպի վայր ուղղություն են վերցրել «Ка-32» երկու ուղղաթիռներ՝ հայտնում է «Москва» լրատվական գործակալությունը։

Տուժածներին օգնություն ցույց տալու համար շտապօգնության ավելի քան 50 խումբ է ուղարկվել դեպքի վայր՝ նշում է Մոսկվայի մարզի առողջապահական ծառայությունը։

Ըստ տեղեկությունների, տեղի ունեցածից քիչ անց Մոսկվայում սկսվել է խափանումներով աշխատել բջջային կապը։

XS
SM
MD
LG