Մատչելի հղումներ

Ռուսաստանում սգում են «Crocus City Hall»-ի սպանդը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կիրակի մոմ է վառել մերձմոսկովյան «Crocus City Hall» համերգասրահում տեղի ունեցած զանգվածային սպանության զոհերի հիշատակին։

Բազմաթիվ մարդիկ ծաղիկներ են խոնարհել ավերակ դարձած հայտնի համերգասրահին կից ստեղծված ժամանակավոր հուշարձանի մոտ:

Երկուշաբի երեկոյան ռուսաստանյան իշխանությունները հայտնել են 139 զոհի մասին։ Վիրավորների թիվը 182 է։

Պուտինը մարտի 24-ը պաշտոնապես հայտարարել էր սգո օր։

Հիշեցնենք, ուրբաթ մի խումբ զինված անձինք ներխուժել էին «Crocus City Hall», գնդակահարել բազմաթիվ մարդկանց, ապա այրել շենքը։

Ռուսաստանյան իրավապահների փոխանցմամբ, ձերբակալվել են հարձակման մեջ կասկածվող 11 մարդ։ Նրանք բերման են ենթարկելով Մոսկվա՝ Ռուսաստանի Քննչական կոմիտեի կենտրոնակայան:

Երբ փրկարարները գործի անցան, համերգասրահն այլևս ավերակ էր։

Անվտանգության գծով ամերիկացի պաշտոնյաների ներկայացմամբ, հարձակման հետևում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման աֆղանական մասնաճյուղն է՝ «Իսլամական պետություն - Խորասանը»:

Սակայն Կրեմլից անմիջապես մեղադրանք հնչեց Ուկրաինայի հասցեին:

Տեղի ունեցածից հետո Պուտինը դիմել է ռուսաստանցի ժողովրդին և, առանց ապացույցներ ներկայացնելու, հայտարարել, թե ահաբեկիչները «շարժվում են դեպի Ուկրաինա» և որ սահմանը հատելու համար «նրանց համար ուկրաինական կողմում անցում էր նախապատրատված»։

«ABC News»-ի հետ զրույցում ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը կեղծ է որակել Պուտինի խոսքերը:

«Ո՛չ, որևէ ապացույց չկա, և, իրականում, գիտենք, որ «Իսլամական պետություն - Խորասանն» է պատասխանատու կատարվածի համար»,- ասել է փոխնախագահ Հարիսը:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ևս արձագանքել է, թե «Պուտինն ու մյուս տականքներն ուղղակի փորձում են մեկ ուրիշին գտնել՝ մեղադրելու համար»։

Զելենսկին հավելել է, որ Ուկրաինա ներխուժած ռուսական ուժերը կարող էին կանխել նման հարձակումը, եթե պատերազմի մեջ չլինեին։

Ինչևէ, ուշգրավ է, որ Արաբական Միացյալ Էմիրություններում Ռուսաստանի պետական դրոշի գույներով լուսավորել են երկրի խորհրդանշական շենքերը՝ ի նշան համերաշխության Մոսկվայի հետ:

XS
SM
MD
LG