Ռուսաստանյան լրատվամիջոցներն անտեսում են «Իսլամական պետության» մասնակցությունը անցած ուրբաթ մերձմոսկովյան համերգասրահում տեղի ունեցած սպանդին՝ փոխարենը կենտրոնանալով չհիմնավորված պնդումների վրա, թե ահաբեկչության հետևում Ուկրաինան է։
Երկուշաբթի՝ մինչ փրկարարական խմբերը շարունակում էին անհետ կորածների որոնումները, կրեմլամետ լրատվամիջոցները շարունակում էին լռել տեղի ունեցածին «Իսլամական պետությունն» առնչության մասին:
Կրեմլին պատկանող «RT» հեռուստաալիքի տնօրենը սոցցանցերում պնդում էր, որ անհիմն է «Իսլամական պետությանը» մեղադրել աևյունալի հաձակման համար, իսկ պետական «РИА Новости» լրատվական գործակալության խմբագրականում ասված էր․ «Կիևի խալիֆայությունը ահաբեկչական արշավ է սկսել Ռուսաստանի դեմ»:
Ռուսաստանի իրավապահ մարմինները հանրությանն են ներկայացրել մի քանի տղամարդկանց, որոնք, ըստ նախագահ Վլադիմիր Պուտինի, ձերբակալվել են Ուկրաինա փախչելու փորձի ժամանակ:
Դիտորդները կասկածի տակ են առնում ներկայացվածը:
«[Ռուսաստանի] Բրյանսկի շրջանից Ուկրաինա անցնելու ուղիներ չկան։ Սահմանը ամբողջովին փակ է։ Ռուսական զինված ուժերի և Աանվտանգության դաշնային ծառայության լուրջ ներկայություն կա [այդտեղ]»,- ասում է «S&P Global Market Intelligence»-ի ներկայացուցիչ Ալեքս Կոկչարովը:
Your browser doesn’t support HTML5
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հերքել է Պուտինի մեղադրանքը՝ տեղի ունեցածին Ուկրաինայի առնչության մասին։
Հարձակման համար մեղադրելով Կիևին՝ ռուսաստանյան լրատվամիջոցները, փաստորեն, ժխտում են, որ իսլամիստ ծայրահեղականների համար Ռուսաստանը թիրախ է:
Սակայն դիտորդներն այլ կարծիքի են։
««Իսլամական պետության» համար՝ ԱՄՆ-ից ու Իրանից բացի, Ռուսաստանն էլ է թշնամի՝ այն պատերազմների պատճառով, որոնք «Իսլամական պետությունում»
համարում են սրբազան: Ռուսաստանը Աֆղանստանում էր, ցայսօր Սիրիայում է՝ Բաշար ալ-Ասադի կողքին, և Կովկասում մահմեդականների դեմ պատերազմներ է մղել»,- ասում է վերլուծաբան Մարթա Թերը։
Դիտորդները չեն բացառում, որ «Crocus City Hall»-ում տեղի ունեցած հարձակումը կօգնի Կրեմլին արդարացնել նոր զորահավաքի անցկացումը՝ ռուսական բանակը համալրելու համար, որը լուրջ կորուստներ է կրում Ուկրաինայում
Առնվազն 139 կյանք խլած մարտի 22-ի հարձակումը համարվում է Ռուսաստանի՝ նախորդ տարիների պատմության ընթացքում ամենաարյունալիներից մեկը։ Դիտորդները չեն բացառում՝ Կրեմլը այն կարող է օգտագործել որպես պատրվակ՝՝ Ուկրաինայի դեմ նոր ծավալի գրոհները իրականացնելու համար: