Ռուսաստանում սգո օր է հայտարարվել ի հիշատակ Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի

Մարդիկ ծաղիկներ են բերում մերձմոսկովյան Crocus City Hall-ի մոտ, 23 մարտի, 2024թ.

Մերձմոսկովյան Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը պաշտոնապես հասել է 133-ի, սակայն սպասվում է, որ այն կաճի: Ըստ ՌԴ իրավապահների՝ ձերբակալվել է 11 կասկածյալ, որոնցից չորսը կասկածվում են հարձակմանն անմիջական մասնակցության մեջ։

Մարտի 24-ը Ռուսաստանում հայտարարվել է համազգային սգո օր, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ողբերգության հաջորդ օրը հեռուստատեսային ելույթի ժամանակ։ Նրա խոսքով՝ բոլոր ենթադրյալ հանցագործները հայտնաբերված են։

Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը ուրբաթ երեկոյան ցավակցություն է հայտնել Ռուսաստանի ժողովրդին՝ Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված:

«Մենք մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում ռուսաստանցիներին այսօրվա հարձակման հետևանքով զոհվածների և վիրավորների կապակցությամբ»,- ասված է ԱՄՆ դեսպանության հայտարարության մեջ։

Դեսպանատունը նաև խորհուրդ է տվել Մոսկվայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին խուսափել այն վայրերից, որտեղ տեղի է ունեցել հարձակումը, հետևել տեղական անվտանգության ծառայությունների հրահանգներին և հետևել տեղական լրատվամիջոցներին՝ նորությունների համար:

Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն Telegram-ում հայտնել է, որ ահաբեկչության զոհերի թիվը հասել է 133-ի: Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Crocus City Hall-ի ավերված հատվածի փլատակների տակից դուրս են բերվում զոհվածների մարմինները: Գերատեսչությունում նշել են, որ որոնողական աշխատանքները շարունակվում են։ Ռուսաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ վիրավորվել է ավելի քան 140 մարդ։

Ինչպես նշում է «Ազատություն» ռադիոկայանը, ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է ահաբեկչության հետ կապված 11 մարդու ձերբակալության մասին, որոնցից չորսը կասկածվում են դրան անմիջական մասնակցության մեջ։ Ձերբակալությունը տեղի է ունեցել Բրյանսկի շրջանում։

Շաբաթ առավոտյան «База» և «Осторожно, новости» տելեգրամյան ալիքները գրել են, որ Բրյանսկի շրջանում կանգնեցրել են Տվերի պետհամարանիշներով ավտոմեքենա, որով կարող էին փախչել Crocus City Hall-ում սպանդ իրականացնողները։ Տելեգրամյան ալիքները և Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Խինշտեյնը պնդում են, որ ավտոմեքենայում հայտնաբերվել են ատրճանակներ, ինքնաձիգի պահունակ և Տաջիկստանի քաղաքացիների անձնագրեր։ Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը Crocus City Hall-ի վրա հարձակմանը տաջիկների մասնակցության մասին տեղեկությունը որակել է կեղծ։

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ադրիան Ուոթսոնը հայտնել է. «Այս ամսվա սկզբին ԱՄՆ կառավարությունը տեղեկություն ուներ Մոսկվայում ծրագրված ահաբեկչական հարձակման մասին, որը կարող է թիրախավորել մեծ հավաքներ, ներառյալ համերգները, ինչը դրդեց պետքարտուղարությանը հրապարակային նախազգուշացում հրապարակել Ռուսաստանում գտնվող ամերիկացիներին: ԱՄՆ կառավարությունը նույնպես այս տեղեկատվությամբ կիսվել է Ռուսաստանի իշխանությունների հետ»։

CNN-ը հաղորդում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Մոսկվայում Crocus City Hall-ի վրա հարձակման պատասխանատվությունը, ասվում է «Իսլամական պետության» հետ կապված Amaq լրատվական գործակալության՝ ուրբաթ Տելեգրամում հրապարակված կարճ հայտարարության մեջ:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը իր պնդումները հաստատող ապացույցներ դեռ չի ներկայացրել:

Ինչպես հայտնում է CBS News-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային, ԱՄՆ-ի հետախուզությունը ունի տվյալներ, որոնք հաստատում են «Իսլամական պետության» կողմից հարձակում իրականացնելու փաստը, և որ չկան պատճառներ այդ պնդումները կասկածի տա դնելու համար: Ամերիկացի պաշտոնյան նաև հաստատել է, որ ԱՄՆ-ն ավելի վաղ Ռուսաստանին հետախուզական տեղեկատվություն է տրամադրել հնարավոր հարձակման մասին։