Ամերիկյան փորձագետները ներկայացրել են իրենց գնահատակնները, թե ինչ քաղաքականություն կարող է որդեգրել Վլադիմիր Պուտինը ռուսաստանյան իշխանությունների կոչած «ընտրություններում» «հաղթանակ» տանելուց հետո, ինչը թույլ է տալիս երկիրը գրեթե քառորդ դար իշխած 71-ամյա Պուտինին կառավարել ևս վեց տարի։
Ջորջթաունի համալսարանի Ռուսական և եվրասիական հետազոտությունների կենտրոնի ավագ աշխատակից Էնջելա Սթենթը ընդգծում է՝ չի կարելի վստահել Կրեմլի հրապարակած որևէ արդյունքի․ «Պաշտոնական տվյալներով, նրան աջակցում է [բնակչության] գրեթե 88%-ը։ Այսինքն, 10 տոկոսային կետով ավելի, ինչ նա ստացել էր, ըստ պաշտոնական տվյալների, 2018 թվականին։ Բայց գիտենք, որ ընտրություններին անկախ դիտորդներ չեն եղել, և որ նախկինում ընտրությունների անկախ մշտադիտարկում իրականացնող «Голос» կազմակերպությունը ոչ միայն հայտարարվել է «օտարերկրյա գործակալ», այլև, ըստ էության, չի կարող գործել»։
Վաշինգտոնում գործող Արդի համաշխարհային խնդիրների ինստիտուտի տնօրեն Գրեգորի Ֆեյֆերը հետևյալ կերպ է ներկայացնում, թե ինչու էին Պուտինին անհրաժեշտ նման արդյունքները. «Պուտինի համար այս ընտրություններն անցկացնելու երեք պատճառ գոյություն ուներ։ Նախ՝ ընտրությունները [իր իշխանությունը] «լեգիտիմացնող ներկայացում են»։ Այսպես կոչված, «ընտրություններ» անցկացվել են նույնիսկ Խորհրդային Միության ամենասև օրերին, և այն գլոբալ քաղաքական մշակույթի մասն է. եթե դուք բացարձակ միապետություն չեք, ապա պետք է ցույց տաք, որ ունեք գոնե ինչ-որ ժողովրդական մանդատ: Երկրորդ, Պուտինի համար շատ կարևոր է, ինչպես մյուս բռնապետերի պարագայում, իրեն դրսևորել որպես Ռուսաստանը կառավարելու ունակ միակ առաջնորդ։ Նա պատվանդանի վրա է։ Նրա բոլոր իրական հակառակորդները կա՛մ աքսորվել են, կա՛մ բանտարկվել, կա՛մ սպանվել։ Երրորդ, [տեղի ունեցածը] հզորության կարևոր ցուցադրություն է թե՛ Ռուսաստանի ներսում, թե՛ նրա սահմաններից դուրս։ Այսինքն, նա կարծես ասում է. «Հայացք նետեք այս միջոցառմանը մասնակից հազարավոր մարդկանց՝ սկսած ընտրական պաշտոնյաներից մինչև յուրաքանչյուր ռուսաստանցու, ում ստիպել են գալ և քվեարկել իմ օգտին»։ Եվ բոլորը գիտեն, որ տեղի ունեցածը ֆարս է։ Այդ շոուն մարդկանց կապում է ռեժիմի հետ, դարձնում նրանց մեղսակից Պուտինի քաղաքականությանը։ Պուտինը պետք է ցույց տա, որ չի նահանջում Ուկրաինայում, և որ ունի ժողովրդական մանդատ՝ շարունակելու այս պատերազմը»։
Ի՞նչ կարելի է սպասել Վլադիմիր Պուտինից նման «հաղթանակից» հետո, Ֆեյֆերի ներկայացմամբ Կրեմլի ղեկավարը, պարզապես, նոր եռանդով կանի այն, ինչ անում էր «ընտրություններից» առաջ. «Նախորդ ընտրություններից հետո Պուտինը ուժեղացրել է բռնաճնշումները [երկրում] և ուժեղացրել առճակատումը Արևմուտքի հետ, և այժմ նա հղում է ազդանշաններ, որ դա շարունակվելու է։ Սա, կարծում եմ, անխուսափելի է, քանի որ սա պուտինյան ռեժիմի ներքին տրամաբանությունն է։ Ենթադրում եմ, որ կարող ենք ակնկալել այնպիսի բան, ինչ նա արել է նախկինում, միայն ավելի ծայրահեղ ձևով: Սա նշանակում է, հավանաբար, կրկնապատկել ջանքերը Ուկրաինայի դեմ պատերազմում, ուժեղացնել բռնաճնշումները երկրում և կոշտացնել դիրքորոշումն Արևմուտքի հետ հարաբերություններում: Պուտինը նաև հասկանում է, որ ողջ աշխարհում կարևոր ընտրական տարի է․ նոյեմբերին կայանալիք ընտրությունները ԱՄՆ-ում: Պուտինը, հավանաբար, մտածում է, որ օգնեց Դոնալդ Թրամփին ընտրվել 2016 թվականին, ուստի նրա մարտավարությունն այժմ այս անգամ նույն բանն անելն է»:
Էնջելա Սթենթի խոսքով, այն բանից հետո, երբ ի հայտ եկան ակնհայտ ցուցիչներ, որ ոչ բոլորն են Ռուսաստանում կիսում Պուտինի քաղաքականությունը, երկրում բռնաճնշումները կուժեղանան. «Ռուսաստանում հայտնվեցին մարդիկ, ովքեր ի նշան բողոքի եկել էին ընտրատեղամասեր։ Սա, ինչպես նաև Նավալնիի մահվան արձագանքը, երբ հազարավոր մարդիկ էին եկել ծաղիկներ խոնարհելու ոչ միայն Մոսկվայում, այլև այլ վայրերում, Կրեմլին ցույց տվեցին, որ դեռևս կան պատերազմի հակառակորդներ և մարդիկ, ովքեր դեմ են Պուտինի իշխանությանը։ Բայց, կարծում եմ, քվեարկության արդյունքում Պուտինը հետևություն կանի, թե իբր պատերազմական շրջանի լեգիտիմ առաջնորդ է, և որ ռուսաստանցիների ճնշող մեծամասնությունը աջակցում է նրան, քանի որ, ենթադրում եմ, նա հավատում է պաշտոնական տվյալներին: Կարծում եմ, որ երկրի ներսում կարող են լինել էլ ավելի ուժեղ բռնաճնշումներ։ Նա կփորձի ճնշել ամբողջ ընդդիմությանը, որը դեռ կա Ռուսաստանում։ Քրտնաջան աշխատել է այդ ուղղությամբ։ Նավալնին մահացել է։ Կան նաև այլ հայտնի քաղբանտարկյալներ, օրինակ՝ Վլադիմիր Կարա-Մուրզան, Իլյա Յաշինը և այլոք, որոնք ազատազրկված են երկար ժամկետով»։
Թեև Արևմուտքը քննադատության ենթարկեց այն, ինչ Ռուսաստանի իշխանությունները կոչում են «ընտրություններ», սակայն ձեռնպահ մնաց հայտարարությունից, թե չի ճանաչում Վլադիմիր Պուտինին որպես լեգիտիմ առաջնորդ, չնայած մի շարք միջազգային կազմակերպություններ, ինչպես նաև ռուսաստանյան ընդդիմությունը նման կոչ են արել:
Էնջելա Սթենթի խոսքով, այստեղ նորություն չկա․ «Արևմտյան մի շարք կառավարություններ, այդ թվում՝ ԱՄՆ կառավարությունը, արդեն քննադատել են այս «ընտրությունները» և ասել, որ դրանք իրական ընտրություններ չէին, քանի որ իրական մրցակցություն չի եղել։ Բայց, կարծում եմ, Վլադիմիր Պուտինի հետ նրանք դեռ կհարաբերվեն որպես Ռուսաստանի նախագահի, քանի որ այլ ելք չկա։ Գիտեք, որ արևմտյան պետությունները գործ ունեն բազմաթիվ երկրների հետ, որոնք ղեկավարվում են ավտորիտար առաջնորդների կողմից և ուր չկան ազատ ու արդար ընտրություններ։ Այնպես որ, չեմ կարծում, թե նրանք կօգտագործեն «լեգիտիմություն» բառը»։
Գրեգորի Ֆեյֆերը, ընդհակառակը, համոզված է, որ Արևմուտքը ժամանակ է կորցնում՝ հրաժարվելով հայտարարել, որ Պուտինը Ռուսաստանի օրինական ղեկավար չէ. «Իհարկե, նրանք պետք է այդ անեն: Ցավոք, կարծում եմ, որ արևմտյան առաջնորդների մեծ մասը, այսպես կոչված, ընտրությունները չեն որակում որպես ոչ լեգիտիմ, քանի որ նրանք լիովին չեն հասկանում Ռուսաստանի հետ կապված ռիսկը։ Կարծում եմ, արևմտյան առաջնորդները դեռ ապրում են հին աշխարհում, ուր չէին միջամտում այլ երկրների ներքին գործերին, և նրանք չեն ցանկանում, որ իրենց մեղադրեն Ռուսաստանի ներքին գործերին միջամտելու մեջ։ Իրականում, նրանք չեն հասկանում, թե որքան արդյունավետ է Ռուսաստանը միջամտում իրենց ներքին գործերին: Նրանք բաց են թողնում Պուտինին որպես ոչ լեգիտիմ ղեկավար ճանաչելու հնարավորությունը և ընդլայնելու իրենց հենարանը՝ հակազդելու ողջ աշխարհում ժողովրդավարության և բաց հասարակության առջև կանգնած սպառնալիքին»: